Հովիկ Աղազարյանն անցել է «գրավոր» ռեժիմի

Հովիկ Աղազարյանն անցել է «գրավոր» ռեժիմի

Նոր իշխանությունների «Գալուստ Գրիգորիչը»՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը երբեմնի մաեստրոյին արդեն գերազանցել է իր էքստրաօրդինար մտքերով, որոշել է այսուհետ գրավոր շփվել մեզ հետ։ Երեկ, երբ նրան փորձեցինք հարցնել, թե ինչպես է վերաբերվում վարչապետի՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ հայտարարություններին ու «գողականների մասին» օրենքի  նախագծին, Աղազարյանը մի փոքր մտածելուց հետո ասաց․ «Գրավոր, գրավոր»։

Նրա՝ գրավոր ձեւաչափին անցում կատարելը թերեւս պայմանավորված է նրանով, որ իր արտահայտած ամեն միտք, տված ամեն հարցազրույց դառնում է քննարկման ու ծաղրի առարկա։ Նախկին դաշնակցական Աղազարյանը, որի անկեղծությունը չգնահատելը ճիշտ չի լինի, երբեմն ասում է մտքեր, որոնցով մատնում է իշխանությունների իրական մտադրությունները եւ ուղղակի կրակը գցում նրանց։ Ուստի նրան, ըստ տեղեկությունների, հրահանգել են այսուհետ քիչ խոսել լրագրողների հետ, որ իրենց գլխին ավելորդ «բոլոլաներ» չսարքի։ Նա էլ երեւի որոշել է գրավոր պատասխանել մեր հարցերին, որ գոնե օգնականը կամ ընկերները կարողանան ժամանակին խմբագրել պատասխաններն ու «պատշաճ ձեւով» ներկայացնել հանրությանը։