«Սերժ Սարգսյանը կենսափորձ ունի բառի դրական իմաստով, նա Արցախի հերոս է»

«Սերժ Սարգսյանը կենսափորձ ունի բառի դրական իմաստով, նա Արցախի հերոս է»

Սերժ Սարգսյանին նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, սակայն դեռ դատարան չի ուղարկվել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Սերժ սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը․

«Այսօր առավոտվա դրությամբ գործը դեռևս նախաքննական մարմնի մոտ էր, բայց որ գործի նախաքննությունը ավարտվել է, դա այդպես է։ Սկսեմ նրանից, որ նախաքննությունը չի կատարվել բազմակողմանի, չի կատարվել օբյեկտիվ, չի կատարվել լրիվ։ Մենք նախաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ ենք արել՝ նոր ապացույցներ ձեռք բերելու մասով, և այդ մասով քննիչը մեր միջնորդությունները մերժել է։ Երբ մենք կարդում ենք քրեական գործը, առավել քան համոզված ենք, որ գործում չկա գեթ մեկ հավաստի ապացույց, որը փոքր ինչ կվկայի պարոն Սարգսյանին առաջադրված մեղադրանքին իր առնչության մասին»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությանն ու նրա գույքի վրա արգելանք դնելու որոշմանը՝ Մակինյանն ասաց. «Քրեական գործում գեթ մեկ ապացույց չկա, որը քննիչին հիմք տար ենթադրելու, որ անհրաժեշտ է պարոն Սարգսյանի նկատմամաբ խափանման միջոց կիրառել, այսինքն՝ այստեղ նույնպես կատարվել է օրենքի պահանջների խախտում։ Նաև անդրադառնամ գույքի վրա կալանք դնելու որոշման օրինականությանն ու հիմնավորվածությանը․ Քրեական դատավարության օրենսգիրքը կոնկրետ ապացույցներ է ուզում, որ անձը կարող է թաքցնել կամ փչացնել այդ ենթադրյալ գույքը, այդպիսի ապացույցներ քրեական գործում չկան։ Գույքի վրա կալանք դնելու հիմք որպես քննիչի կողմից շարադրվել է, որ հաշվի առնելով պարոն նախագահի կենսափորձը, նախկինում զբաղեցրած դիրքը։ Կենսափորձն ու նախկինում զբաղեցրած դիրքը երբեք չեն կարող ապացույց լինեն այն մասին, որ անձը կարող է գույք օտարել, փչացնել կամ թաքցնել, սա ուղղակի աբսուրդ է։ Պարոն նախագահը կենսափորձ ունի՝ բառի դրական իմաստով, ես կարող եմ ընդգծել՝ ինչ կեսափորձ․ մենք գործ ունենք Արցախի հերոսի հետ, նախագահի կենսափորձը այդպես եմ գնահատում և դա իրականում այդպես է, ոչ ոք հակառակը չի կարող պնդել։ Այս պարագայում հարց է առաջանում․ արդյոք քննիչը գործե՞լ է բազմակողմանի և օբյեկտիվ՝ ոչ։ Քրեական գործում բազում հարցեր կան, որոնց պատասխանը քննիչը չունի, մենք ունենք այդ հարցերի պատասխանները, մենք դրանց մասին հանրությանը պարբերաբար տեղյակ կպահենք։ Այս քրեական գործը ոչ այլ ինչ է, քան պարոն նախագահի դեմ իրականացվող քաղաքական հետապնդում»։

Սարգսյանի պաշտպանին հարցրինք նաև, թե քանի՞ ցուցմունք կա Սերժ Սարգսյանի դեմ․«Ես անուններ չեմ կարող հնչեցնել։ Չկա հավաստի ապացույց, որը ցույց կտա, որ պարոն նախագահն առնչություն ունի իրեն մեղսագրված արարքին, դա պաշտպանական կողմի գնահատականն է՝ վերլուծելով ամբողջ քրեական գործը։ Ցուցմունքների թվով չեն որոշվում ապացույցները, ես չեմ ուզում թիվ նշել, քրեական գործով կան ապացույցներ, որոնք չակերտավոր այդ ապացույցները ուղղակի ոչնչացնում են»։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կազմակերպման համար։