Նախկին ընդդիմադիր լրագրողը նախկին իշխանավորներից ավելի նախկին

Նախկին ընդդիմադիր լրագրողը նախկին իշխանավորներից ավելի նախկին

Նախկին ընդդիմադիր լրագրող, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանն ավելի նախկին է, քան նախկին իշխանավորները: Այդ ինչպե՞ս՝ կզարմանա ընթերցողը: Բացատրեմ՝ որպես ընդդիմադիր «Հայկական ժամանակ», իսկ հետո «Ժողովուրդ» թերթերի լրագրող, Վ. Հովակիմյանը կռիվ էր տալիս ռոբասերժական իշխանությունների դեմ՝ փորձելով, ի թիվս այլ խնդիրների, պաշտպանել նաև մամուլի ազատությունը: Դա անձամբ գիտեմ, քանի որ այն ժամանակ ընկերական հարաբերություններ եմ ունեցել նրա հետ: Այնուհետև 2018-ի ապրիլյան իրադարձությունների առաջնորդի կողմից ներառվելով իշխանության մեջ՝ նույն անձն իր պատգամավորական աշխատանքով, ի թիվս այլ խնդիրների, անընդհատ փորձում է ոչ թե պաշտպանել, այլ խոչընդոտել նաև մամուլի ազատությունը:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի փոխակերպում է տեղ ունեցել նրա առումով: Քանի որ ես պատկերացնում եմ, ապա կարող եմ ասել, որ այդ փոխակերպումն արժանի է նկարագրման հանճարեղ արձակագիր Ֆրանց Կաֆկայի (1883-1924) կողմից:
Այդ ամենին տեղյակ եղանք, եթե մինչ այդ էլ չիմանայինք, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած՝ «ԶԼՄ-ների համա՞ր, թե ԶԼՄ-ների դեմ. ո՞ւմ են փորձում պաշտպանել իշխանությունները» բանավեճի շնորհիվ:

Ի դեպ, Վ. Հովակիմյանից բացի, մյուս բանախոսներն էին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը (նախկինում «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր, այսինքն՝ լրագրող Հովակիմյանի ղեկավարը), Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Հենց սկզբից ասեմ, որ մնացած բանախոսները փորձում էին թե՛ պաշտպանել մամուլի իրավունքները և թե՛ մի քանի անգամ կատարել իշխանության ներկայացուցչի մասնագիտական սխալների ուղղում: Եվ դա անում էր նաև, ի պատիվ իրեն, նույնիսկ հետհեղափոխական այսօրվա օրերում հեղափոխական մնացած Դանիել Իոաննիսյանը:

Բանավեճի ընթացքում խոսվեց ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի, անանուն աղբյուրներից հղումներ անելու իրավունքի, վերին պաշտոնատար անձանց գործուղումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուիրավունքի սահմանափակումներից, ինչպես նաև մամուլին ֆինանսապես խեղճացնելու նպատակ ունեցող՝ գովազդի մասին օրենքի փոփոխությունից և հանրային գործիչներին, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և նույնիսկ լրագրողներին ծանր վիրավորանք հասցնելը քրեականացնելու՝ հակաժողովրդավարական նախաձեռնության մասին: Բնականաբար, բոլոր այդ նախաձեռնությունների հեղինակն այն իշխանությունն է, որը ղեկավարվում է նախկին ընդդիմադիր լրագրող և «Հայկական ժամանակ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր, 2018-ի մայիսից այս կողմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի կողմից: Իսկ Վ. Հովակիմյանն էլ, բնականաբար, ակտիվ մասնակցություն է ունեցել և ունենում այդ որոշումների կամ օրինագծերի կազմմանը որպես ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր:

Կարծում եմ, որ «Հրապարակի» ընթերցողին բավարար տեղեկատվություն տրամադրեցի բանավեճի ընթացքից, իսկ եթե ոմանք ցանկություն ունենան ծանոթանալու նաև բանավեճի բովանդակային կողմին, ապա դա կարող են անել Մեդիա կենտրոնի կամ «Ա1+» լրատվական կայքի (բանավեճը հեռարձակվում էր հենց այդ լրատվականի կայքում) միջոցով: Որպես ունկնդիր, կարող եմ ասել, որ «ԶԼՄ-ների համա՞ր, թե ԶԼՄ-ների դեմ. ո՞ւմ են փորձում պաշտպանել իշխանությունները» բանավեճից ստացա այն տպավորությունը, որ իշխանությունները, բնականաբար, գործում են ընդդեմ ԶԼՄ-ների՝ պաշտպանելով իրենք իրենց: