Գնդակը խորհրդարանական մեծամասնության դաշտում է

Գնդակը խորհրդարանական մեծամասնության դաշտում է

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ասում են՝ «բա ՀայաՔվեն ի՞նչ ա լինելու, էլ ո՞ւմ ա հիմա պետք, իրավիճակ ա փոխվել, Արցախը հայաթափված ա, արդեն անիմաստ ա» և շատ այլ նմանատիպ օբյեկտիվ, հուսալքված դժգոհություններ։ Կա մի շատ պարզ պատասխան. Հայաքվեն 58.000 (առայժմ) ՀՀ քաղաքացիների պատասխանատվության և հայրենատիրության մասին է, ովքեր ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿՐԵԴԻՏ են տվել Արցախի ու հայոց ցեղասպանության պահանջատիրության շարունակականությունն ապահովող քաղաքացիական օրենսդրական ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ` ակնկալելով, որ այն ամեն հնարավոր ու «անհնար» միջոցներով հասցնելու են վերջնական հանգրվանին։

Այսօր՝ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովում կայանալու է նախագծի քննարկումը գլխադասային` պետաիրավական հանձնաժողովում, որտեղ որոշվելու է նախագծի հետագա ընթացքը` կընդգրկվի՞ այն լիագումար նիստերի օրակարգ քննարկման, թե՞ ոչ։

Գնդակն առաջին հերթին խորհրդարանական մեծամասնության դաշտում է, որոշել` դառնա՞լ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող վարչախմբի հանցակից, թե՞ ոչ, հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելը քրեականացնե՞լ, թե ոչ։

Սա շանս է, որպեսզի ցույց տաք, թե որքանով եք հավատարիմ պատգամավորի մանդատը ստանձնելիս ձեր իսկ տված երդմանը` «ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ»։

Դե իսկ ՀՀ քաղաքացիներն էլ հետևողական պետք է լինեն իրենց ստորագրությամբ վստահություն ստացած նախաձեռնության քայլերին. ՎՍՏԱՀԵԼ ԵՔ, ՊԱՀԱՆՋԵ՛Ք...»: