Մարզպետի թիմակիցը՝ հիվանդանոցի տնօրեն, մինչդեռ 15 տարվա դաշնակցական տնօրենի միավորներն առավել բարձր էին
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի պաշտոնին է նշանակել Ժորժիկ Սերոբյանին, որը 2005 թվականից աշխատում է տվյալ բուժհաստատությունում: Բանն այն է, որ երեք օր առաջ հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցում էին 3 թեկնածու:Նրանք էին՝ 15 տարի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» ղեկավարած Աշոտ Կուրղինյանը, նույն հիվանդանոցի տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը և «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հրաչ Մարտիրոսյանը:
Վերջինը մրցույթին չի մասնակցել՝ փաստաթղթերը թերի լինելու պատճառով: Հիմնական մրցակցույթյունն ընթացել է Աշոտ Կուրղինյանի և Ժորժիկ Սերոբյանի միջև: Առաջին թեստային փուլը երկու հավակնորդներն էլ հաղթահարել են: 50 հարցից 48-ին է ճիշտ պատասխանել Ժորժիկ Սերոբյանը, իսկ Աշոտ Կուրղինյանը բոլոր 50 հարցին էլ ճիշտ է պատասխանել: Մրցույթի հանձնաժողովը ակնհայտորեն առավելությունը տվել է գործող տնօրենին, քանի որ գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովի 7 անդամն էլ կողմ են քվեարկել Աշոտ Կուրղինյանի ներկայացրած զարգացման ծրագրին:Երրորդ փուլի քվեարկությամբ մեկ ձայնով Սերոբյանը զիջել է նրան: Որոշում է կայացվել, որ երկու թեկնածուներն էլ հաղթահարել են մրցույթի փուլերը, եւ եռօրյա ժամկետում մարզպետը կորոշի, թե ում կնշանակի տնօրենի պաշտոնում: Անդրադառնալով մարզպետի որոշմանը՝ նշենք, որ Ժորժիկ Սերոբյանի նշանակումը անակնկալ չէր, քանի որ դեռ ամիսներ առաջ քաղաքում լուրեր էին պտտվում, թե նշված հիվանդանոցի տնօրենի պաշտոնը մարզպետը պահել է թիմակից ընկերոջ համար:
Հիշեցնենք, որ Ժորժիկ Սերոբյանը քաղակտիվիստ, մարզպետի մտերիմ ընկեր Կարեն Պետրոսյանի քեռորդին է, որի հայրը՝ Երվանդ Սերոբյանն էլ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է: ԱԺ արտահերթ ընտրություններում Ժորժիկ Սերոբյանը սատարում էր Տիգրան Պետրոսյանին եւ անգամ «Իմ քայլը» դաշինքով վարկանիշային թեկնածու էր: Հիվանդանոցի արդեն նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը նույնպես քաղաքականությամբ էր զբաղվում :Նա ՀՅԴ անդամ է եւ ՏԻՄ ընտրություններին Գյումրու քաղաքապետի թեկնածու էր: Ուշագրավ է, որ օրերս հիվանդանոց այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նրա տարիների աշխատանքը բավականին դրական որակավորեց:Ի դեպ, Աշոտ Կուղինյանը մարզպետի որոշման հետ կապված հասցրել է ֆեյսբուքում գրառում անել. «Մարզպետի ոչ օբյեկտիվ որոշման եւ ակնհայտ հովանավորչության փաստի առիթով հրավիրում եմ բոլոր ԶԼՄ-ներին, մամլո ասուլիսը այսօր՝ ժամը 16:00-ին»։
Կարծիքներ