Սթափվել է պետք

Սթափվել է պետք

Արցախում նախագահական ընտրությունների թեման գնալով խորանում է: Մամուլի մոտեցումը հիմնականում խարսխված է մի հարցադրման վրա՝ թեկնածուներից ո՞վ կլինի Հայաստանի իշխանության նախընտրելին: Տեսակետներ են հնչում, որ Երեւանը միասնական մոտեցում չունի: Վարչապետը մեկին է ստարում, ԱԺ նախագահը՝ մյուսին, ԱԽ քարտուղարը՝ երրորդին: Ըստ երեւույթին, սթափվել է պետք եւ հասկանալ, որ Արցախում իշխանափոխության հարցը լուծվելու է ոչ թե Երեւանում, այլ՝ Ստեփանակերտում: Այս առումով հատկապես պետք է կարեւորել, որ քաղաքական գործընթացների եւ բուն ընտրությունների երաշխավորն Արցախի գործող իշխանությունն է:

Ավելի կոնկրետ՝ նախագահ Բակո Սահակյանը, ով առանցքային դերակատարություն է ունեցել 1999-2000 թվականների անցումային շատ բարդ իրավիճակում: Հենց այդ փուլում է ձեւավորվել Արցախի քաղաքական համակարգը՝ ի տարբերություն հետխորհրդային տարածքի միջազգայնորեն չճանաչված այլ պետական կազմավորումների: Այդ վճռորոշ ընտրության նախաձեռնողն Արկադի Ղուկասյանն էր: Նրա նախագահության երկրորդ ժամկետի ավարտին Արցախում սահմանադրություն ընդունվեց, եւ իշխանափոխության հարցը գաղտնի պայմանավորվածությունների դաշտից տեղափոխվեց իրավա-քաղաքական կարգավորումների հարթություն: Հայտարարելով, որ չի մասնակցի 2020թ. նախագահական ընտրություններին՝ Բակո Սահակյանը պահպանեց ավանդույթը: Եւ միաժամանակ իշխանափոխության համար ստանձնեց պատասխանատվություն: Այսօր մի իրավիճակ է, երբ բոլորն ունեն ինքնադրսեւորվելու ազատություն, գործող նախագահը որեւէ կերպ չի կաշկանդում քաղաքական ուժերի եւ առանձին գործիչների նախաձեռնողականությունը, բայց դրանից չի հետեւում, թե գործընթացներն ինքնահոսի են, եւ ով ցանկություն ունենա՝ կարող է, ինչպես ասում են, խաղալ իր խաղը: Դա թյուր պատկերացում է:

2018թ. ապրիլից հետո տեւական ժամանակ հիմնական դիսկուրսը երկու հարցականների վրա էր կառուցվում՝ տեղի կունենա հեղափոխության տրանզիտ Արցա՞խ, թե՞ Արցախը կվերածվի հակահեղափոխության հենակետի: Բարեբախտաբար, ոչ մեկը տեղի ունեցավ, ոչ՝ երկրորդը: Ով ինչ դերակատարություն է ունեցել այդ սկզբունքային համաձայնությանը գալու գործում՝ մանրամասնությունների տրվելու հարկ չկա: Բայց դա՝ հրապարակային արծարծումների առումով: Խորքային իմաստով, հավանաբար, այդ տիրույթում էլ պետք է դիտարկվի Արցախի ապագա իշխանության խնդրի լուծման հավանականությունը: Նախագահի թեկնածուների բազմազանությունը, դրանից ածանցվող քարոզչական աշխուժությունը, թվում է, անհրաժեշտ են, որպեսզի ընտրությունների ազատության եւ մրցակցայնության ընկալում ապահովվի: Իրական քաղաքականության ռեժիմում ուժերի հարաբերակցությունը գրեթե ակնհայտ եւ, մանավանդ, անվիճելի է:

Ընդ որում, դա բացառապես ներարցախյան իրողություն է, որ, ամենայն հավանականությամբ, արտաքին միջամտության չի ենթարկվի: Մյուսները պետք է կարողանան ստույգ գնահատել իրավիճակը՝ պատմական հեռանկարի կտրվածքում եւ փորձեն հնարավորությունների չափով ներգրվել ապագա դասավորություններին: Այլապես կհայտնվեն քաղաքականության լուսանցքում: Մեղմ ասած: