Վերադարձ տատմերների «ինստիտուտին»

Վերադարձ տատմերների «ինստիտուտին»

Եվ այսպես, նոր իշխանության առողջապահական ոլորտը հերթական ցնցումն է ապրում. այս անգամ նախարարի թիրախում մարզային ծննդատներից մի քանիսն են, որոնք դադարելու են պետական ֆինանսավորում ստանալ, ասել է թե՝ փակվելու են: Թեեւ նախարար Թորոսյանն այս արտահայտությանը դեմ է: Նախարարի հիմնավորումները՝ ծննդատները փակելու հարցում, այնքան էլ հիմնավոր չեն: Իսկ դա ունենալու է բացասական հետեւանքներ, որոնք կարող են կանխատեսել միայն մարզերի բնակիչները, որոնք առանց այն էլ կանգնած են շատ խնդիրների առաջ: Նախարարի «սեւ ցուցակում» է հայտնվել նաեւ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի առողջության կենտրոնի ծննդատունը: Այն սպասարկում է տարածաշրջանի 5 գյուղերի ազգաբնակչությանը: Հիշեցնենք, որ ժամանակին ծննդատուն կար նաեւ հարեւան Այգեձոր գյուղի հիվանդանոցում: Տարիներ առաջ այն նույնպես փակվեց, եւ սահմանամերձ Չինարի եւ Այգեձոր գյուղերի բնակիչները նույնպես ծննդօգնություն են ստանում Արծվաբերդի ծննդատանը: Եթե սա էլ փակվի, ծննդկանները ծննդօգնություն կստանան Բերդի, Իջեւանի կամ մայրաքաղաքի ծննդատներում:

Իսկ դա իր հերթին բավականին բարդություններ է ստեղծում ծննդկանների համար: Մեր հարցին ի պատասխան՝ Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանն ասաց. «Ես ճիշտ եմ համարում ծննդատան փակվելը»: Իր կարծիքը տնօրենը հիմնավորեց տարբեր փաստերով. «Ծնունդների թիվն արդեն այնքան է նվազել, որ հասնում 10-ի: Ժամանակին այս ծննդատունն ունեցել է 300 ծնունդ, հետո աստիճանաբար նվազեց, դարձավ 270: Իսկ վերջին 3 տարում շատ նվազեց այդ թիվը: Այս տարի արդեն ամենացածր ցուցանիշն է եղել»: Տնօրեն Դալլաքյանն ասաց նաեւ, որ իրենց համար ծննդատունը պահելը բավականին ծախսատար է ու բարդ, իսկ ծնունդների թիվ հնարավոր չէ ապահովել: Ունեն տեխնիկապես անբավարար պայմաններ, մասնագետների պակաս, չունեն վիրահատարան, անեսթեզիոլոգ: Իսկ այս պայմաններում ապահով ծնունդ ընդունելն անհնար է, այդ պատճառով էլ իրենք շատ հղիների ուղղորդում են մայրաքաղաքի կամ Իջեւանի ծննդատներ: «Մարդիկ իրենք էլ այսօր արդեն կարդացած են, ինֆորմացված եւ լավ գիտեն, թե որ ծննդատանն ինչ պայմաններ են, եւ ուզում են ավելի ապահով եւ անվտանգ ծնունդ ունենալ՝ չվտանգելով իրենց կյանքը»: Իսկ մայրաքաղաքում արձանագրված մահերը պարոն Դալլաքյանը կապում է այն բանի հետ, որ մարզերից ուղարկված ծննդկաններն ուշացումով են մեկնում մայրաքաղաք, եւ կարծում է, որ մահացողները հիմնականում մարզերից են լինում: Տնօրենը կարեւորեց, որ իրենց տարածաշրջանն ապահովվի շտապօգնության ծառայությամբ, բարելավվի այն, քանի որ հաճախ մինչեւ տեղ է հասնում, ուշացած է լինում…

Իհարկե, 10 ծնունդի համար դժվար է ծննդատուն պահելը: Իսկ թվի նվազումը կապ ունի թե՛ արտագաղթի, թե՛ տեխնիկական անբավարար պայմանների հետ: Արծվաբերդի ծննդատան փակվելուց հետո ի՞նչ կլինի, ասենք, Չինարի գյուղի հղիների վիճակը, երբ նրանց մոտ անսպասելի սկսվեն ծննդյան ցավերը: Չկա հուսալի շտապօգնություն: Լինելու դեպքում էլ այն մինչեւ Բերդից հասնի Չինարի, հղիին տեղափոխի Իջեւան, կտեւի մոտ 3 ժամ: Իսկ եթե հղիի հարազատները որոշեն իրենց միջոցներով տեղափոխել ծննդկանին, ապա տաքսիով Իջեւան հասնելը նրանց վրա կնստի 8000-10000 դրամ: եթե Իջեւանում հարազատներ չունեն՝ գիշերելու համար, ապա նորից պետք է վերադառնան Չինարի, հաջորդ օրը նորից գան Իջեւան եւ այսպես շարունակ, մինչեւ նորածնին ու մորը տուն բերեն: Իսկ եթե, աստված մի արասցե, այս ամենի ժամանակ հարեւան ադրբեջանցիները նորից որոշեն կրակել սահմանամերձ Տավուշի վրա, ապա այդ ճանապարհը հաղթահարելն ուղղակի անհնար կլինի, քանի որ Չինարիից Իջեւան ընկած ճանապարհն ուղիղ նշանառության տակ է: Այս պարագայում, հավանաբար, ծննդկանները կմնան գյուղի տատմերների հույսին… 

Միթե այս ամենը հաշվի չի առել իշխանությունը, որ սահմանամերձ գյուղերի անվտանգ ծննդօգնությունն ու բուժսպասարկումը բարելավելու, բուժհաստատությունները վիրահատարաններով, անհրաժեշտ տեխնիկայով, մասնագետներով ապահովելու փոխարեն փակում է դրանք: Եթե մայրաքաղաքում նստած ու ոչինչ չանող քայլարած երիտասարդ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու ու շռայլորեն պարգեւատրելու փոխարեն կառավարությունն այդ ֆինանսական միջոցներն ուղղեր նշվածներին, արտոնյալ պայմաններ ստեղծեր սահմանամերձ գյուղերում աշխատող բժիշկների համար, մի քանի անգամ բարձրացներ նրանց աշխատավարձերը, ապա շատ բժիշկներ կմեկնեին աշխատելու հենց սահմանամերձ գյուղեր: Այս ամենը ռազմավարական եւ անվտանգային մեծ նշանակություն ունեցող հարցեր են: 
Եթե Արծվաբերդի ծննդատունը փակելը տնօրենը հիմնավորում է ծնունդների թվի պակասով, ապա դժվար է հասկանալ «Մասիսի» ԲԿ-ի ծննդատան փակվելը: Բաժանմունքի վարիչ Քրիստինա Սարգսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Բայց, մեր տվյալներով, ծննդատունը տարեկան ունենում է 300-ից ավելի ծնունդ: Այստեղ էլ, ինչպես հանրապետության գրեթե բոլոր ծննդատներում, այդ թիվը նախկինում շատ բարձր է եղել, տարիների ընթացքում նվազել է: Այստեղ կան նաեւ լավ մասնագետներ, բժիշկ-մանկաբարձներ, անեսթեզիոլոգ, վիրահատարան: Բավական էր միայն մի փոքր պետական աջակցություն՝ այն վերանորոգելու, վերազինելու, վերակենդանացման բաժանմունք բացելու համար:

Բայց ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկայիս՝ ինքնապարգեւատրումներով շլացած մարզպետներն ու նախարարները ոչինչ չարեցին ծննդատան պայմանները բարելավելու ուղղությամբ: Դեռ մի բան էլ ավելի վատթարացրին այն: Հիշեցնենք, որ անցած տարի բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանի անձնական կապերով արտերկրի ֆինանսավորումով վերանորոգված ու կահավորված հատվածը վերցրին ծննդատան բաժնից, ինչի մասին բժիշկ Ենգիբարյանն ահազանգեց համացանցում. «Սիրելի մասիսցիներ, «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հարգելի գործընկերներ։ Դիմում եմ Ձեզ, քանի որ ես արդեն անզոր եմ միայնակ պայքարելու «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ծաղկող տգիտության դեմ: Դեռեւս 2012թ. իմ խնդրանքով Ֆրանսիայի իմ ընկերներն իրենց ֆինանսական միջոցներով եւ անձամբ իրենք վերանորոգեցին ծննդատան մի հատված, որպեսզի մեր մայրացած կանայք նորմալ մարդկային պայմաններում ծննդալուծվեին:

Պալատներում տեղադրեցին սանհանգույցներ, ցնցուղներ, տաք եւ սառը ջուր, նորոգեցին ձայնամեկուսացումը: Այդ մաքուր եւ ջերմ պայմանների մասին կարող են նշել բոլորը, ովքեր եղել են այդ բաժանմունքում: Բաժանմունքը բացվեց մեծ շուքով, ներկա էին Ֆրանսիայի դեսպանը, առողջապահության նախարարի տեղակալը, մարզպետը, Ֆրանսիայից ժամանած հյուրեր: Սակայն ներկայիս տնօրեն Հայկ Հովհաննիսյանը եւ փոխտնօրեն Արմեն Սահակյանը գտան, որ դա շատ է Մասիսում ծննդաբերող կանանց համար, եւ փակեցին այդ բաժանմունքը` ծննդկաններին տեղափոխելով 1995թ․-ից ի վեր չվերանորոգված, անշուք, հիգիենայի տարրական պայմաններից զուրկ բաժին, որտեղ չկա պալատներում ջուր, զուգարանը մեկն է, եւ որտեղ իրեն հարգող կինը չի ցանկանա պառկել: Իրենց անփառունակ կառավարման արդյունքում հիվանդանոցը հայտնվել է սնանկության եզրին, 3 ամիս չի վճարվում աշխատավարձ, աշխատողներին շանտաժով փորձում են ազատել աշխատանքից եւ այդ քայլով փորձում են պակասեցնել ծննդկանների թիվը եւ արդարացնել իրենց»: 

Սա արդեն ազդակ էր, որ ծննդատունը բարեկարգելու ու զարգացնելու հեռանկար չկա, այն ուզում են փակել, եւ դրան ակնհայտորեն կողմ է նորանշանակ տնօրեն Հայկ Հովհաննիսյանը, ով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմն է: Թե որտեղ եւ ինչպես են ծննդօգնություն ստանալու Մասիսի տարածաշրջանի մոտ 30 գյուղերի հղիները, դա արդեն թավշա իշխանավորների խնդիրը չէ: Հավանաբար, մայրանալ ցանկացող երիտասարդ կանայք կվերադառնան հին ավանդական՝ տատմերների «ինստիտուտին»…