Աստված բոլորին հասնի

Աստված բոլորին հասնի

Մյասնիկյան պողոտայում ձախ շարքից մի կերպ կարողացա վերադասավորվել երկրորդ շարք, որպեսզի ճանապարհ տամ շչակները միացրած շտապօգնության մեքենային: Մեքենան հավասարվեց մեզ, բայց խցանման պատճառով շատ առաջ անցնել չկարողացավ: Կողքիս նստած կինս շշնջաց. «Աստված հասնի բոլորին…»: Գեներալ Մանվելի պարագայում ես նույնն եմ ցանկանում՝ Աստված հասնի…

Մենք այսօր վկան ենք այն իրողության, որ ամեն ինչ իսկապես ոչինչ է, երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքին: Վստահաբար, դա հասկանում են նաեւ ՀՀ իշխանությունները, որոնք այսօր տագնապած են մեզնից ոչ պակաս, թեեւ, ի տարբերություն մեզ, նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել մարդուն՝ Արցախյան պատերազմի հերոս հայ գեներալին, մահվան դուռը հասցնելու գործում: Կարելի՞ էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխել ավելի վաղ՝ ընդառաջ գնալով նրա պաշտպանների բազմակի միջնորդություններին եւ բժիշկների տված եզրակացություններին: Իհարկե, կարելի էր, բայց սա այն իշխանությունը չէ, որ հավատար նման բաների: 

Փաշինյանը, կարծեմ, իր գրքում էլ է գրել, որ ինչ-որ բան ձեռնարկելիս հետեւանքները չի կարեւորում, այլապես ոչինչ չէր կարողանա անել: Լավ փիլիսոփայություն է, խոսք չկա, նախ՝ անում եմ ինչ ուզում եմ եւ հետո ուսումնասիրում դրա հետեւանքները: Իսկ երբ հետեւանքներն էլ ուղղակի «լացելու» են լինում, Փաշինյանը շատ արագ մոռանում է իր խայտառակ քայլերի մասին եւ իրեն տալիս «պեչենու բաղերը»: Վարչապետի աթոռին հայտնված այդ մարդը, տառացիորեն, սարսափում է արարքների համար պատասխան տալուց: Աստված չանի՝ մի բան պատահի Մանվելին, Փաշինյանը, բնականաբար, կրկին փորձելու է պլստալ՝ մեղքը գցելով ում վրա ասես, միայն թե անձամբ ներողություն չխնդրի:

Արդեն իսկ շշուկներ են պտտվում, թե Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմն ու բժիշկները դատարանին լիարժեք չեն ներկայացրել գեներալի առողջական վիճակի մասին տեղեկությունը, ինչի պատճառով էլ նա ընկել է ծայրահեղ ծանր վիճակի մեջ: Իր բաժին մեղքը չի ցանկանում ընդունել նաեւ դատախազությունը, այս դեպքում մեղադրող կողմը, որ վաղը նույնիսկ կարող է «պարծենալ», որ իր ներկայացուցչի միջնորդությունից հետո միայն դատարանը փոխեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը:

Իսկ ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին գեներացրեց Մանվելից հրեշ սարքելու «տեսանյութը»՝ վստահ, որ շատ արագ կլուծի նրա հարցերն ու կհասնի դատարանի վճռին: Կարծում եմ՝ առաջինը հենց Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա, թե ինչու չհաստատվեցին գեներալին ներկայացված շինծու մեղադրանքները, թե ինչու իր այդ չմտածված քայլերի պատճառով Մանվելից երես թեքեցին շատ այլ գեներալներ, նաեւ հասարակ ու պարզ մարդիկ, որոնք, չնայած Մանվելի անվան շուրջ պտտվող սարսափ-պատմություններին, մինչ հանրահայտ «ֆիլմի» ի հայտ գալն ապրում էին իրենց առօրյա կյանքով:

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխած դատավորը, դեմքին լուրջ արտահայտություն տալով, հայտարարեց, թե դատավարությունը շարունակվելու է նորմալ ընթացքով: Սուտ ես ասում, հարգելի դատավոր: Ոչինչ նորմալ ընթացքով չի գնա այսքանից հետո: Դուք արդեն փորձում եք արդարանալ, թե պաշտպանական կողմն ու բժիշկները ձեզ չեն կարողացել համոզել, որ մարդն իսկապես մահամերձ է: Դա չի՞ նշանակում, արդյոք, որ Մանվել Գրիգորյանի հարազատներն ուղղակի կարող են հրաժարվել նրա պաշտպաններից եւ ձեզ դնել անելանելի վիճակի մեջ: Ի վերջո դատավորները Հայաստանում պե՞տք է հասկանան, որ իրենք ավելի կարեւոր առաքելություն ունեն, քան օրվա իշխանության հրահանգները կատարելն է: Ես չեմ կասկածում, որ Մանվել Գրիգորյանին դատող դատավորը գոնե մեկ անգամ խղճի խայթ չի զգացել՝ պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունները մերժելիս ու բժիշկների եզրակացությունների վրա աչք փակելիս: Եվ, ուրեմն, ինչո՞ւ ստեղծվեց այս վիճակը, հարգելի դատավոր:

Անհերքելի ճշմարտություն է, որ երկրի ղեկավարը պատասխանատու չէ դատարանների ու դատավորների կայացրած որոշումների համար: Բայց եկեք չմոռանանք, որ այդ երկիրը Հայաստանն է, իսկ Հայաստանի ղեկավարն էլ, ոչ բարով, Նիկոլ Փաշինյանը, որ մի առիթով նույնիսկ հայտարարել է. «Ընչի Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը չանի»: Ո՞ւմ ասածն է այսօր կատարում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը, ո՞վ է այսօր ընկել Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հետեւից, ո՞ւմ հրահանգներով են այսօր գործում ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, ո՞վ է այսօր ՀՔԾ քննիչին հրահանգում «պուպուշ» արած դեմքով նստել համակարգչի մոտ եւ լուսանկարվել վարչապետի հետ, ո՞վ է, վերջապես, առաջինը հայտարարում, որ այս կամ այն մարդը հանցագործ է ու պետք է դատվի: Շատ ներողություն, իհարկե, բայց այս ամենը Փաշինյանի «քայլերն» են, որոնք նա կատարել է՝ չմտածելով դրանց հետեւանքների մասին:
ՀԳ. Գործի բերումով ստիպված եմ լինում ամեն առավոտ աչքի անցկացնել մամուլը: Այլ խոսքով՝ դա անձնական մոնիթորինգ է, որի արդյունքները, պետք է ասեմ, լացելու չափ տխուր են: Վերջին տասնօրյակում, պարզվում է, Փաշինյանի մասին տպագրվել է ընդամենը մեկ «դրական» նյութ, այն էլ շվեյցարական մի կորած-մոլորած հրատարակությունում, որն ավելի շուտ ոչ թե թերթ է, այլ բիզնես ծրագիր, որ փողով տպում է այն, ինչ քեզ պետք է: Խոսքը 6-7 միլիոն դրամի շուրջ է, որի դիմաց մի կես էջանոց հոդված են գրում, հետն էլ տեղադրում 3-ը 4-ի վրա նկարդ՝ գլխարկով կամ առանց գլխարկի: