ԼՂ-ից տեղահանվածների թվում 29 հազար երեխա կա. ՅՈւՆԻՍԵՖ

ԼՂ-ից տեղահանվածների թվում 29 հազար երեխա կա. ՅՈւՆԻՍԵՖ

Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա։ 
Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) իտալական բաժանմունքը։

«ՅՈւՆԻՍԵՖ-ը Գորիսում անվտանգ տարածք է ստեղծել, որտեղ ամեն օր ընդունում են շուրջ 300 երեխայի և նրանց ծնողների։ Կենտրոնում գործում է խաղահրապարակ, կրծքով կերակրող մայրերի համար կա առանձնացված տարածք, և մանուկների աջակցման ծրագրեր են գործում բարդ խնդիրները լուծելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հիմնադրամն առողջապահական մարմիններին տրամադրել է երեխաների համար նախատեսված դեղեր և անհրաժեշտ նյութեր, որպեսզի բաշխվեն այն տարածքների բժշկական հաստատություններին, որտեղ մեծ թվով տեղահանվածներ կան։

Գորիսի և Վայքի կենտրոններում տեղադրվել է 15 շարժական բիոզուգարան, Երևանի կենտրոնում 100 ընտանիքի համար տրամադրվել են ընտանեկան հիգիենիայի փաթեթներ: Բացի այդ, այսօր ՀՀ կժամանեն նոր բեռներ, որոնք միջազգային կազմակերպությունը կբաշխի տեղահանված երեխաներին և ընտանիքներին, ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի իտալական բաժանմունքի հայտարարության մեջ։