Արևմուտքի սառը հաշվարկի տակ է դրվում Հայաստանը

Արևմուտքի սառը հաշվարկի տակ է դրվում Հայաստանը

Հայաստանի իշխանության «վոյաժների» նպատակը ոնց որ թե պարզվում է։ Իրենց հայտարարություններից հասկանում ես, թե «պատերազմը բկներիս չոքած» ինչու՞ են ընտանյոք հանդերձ այս կամ այն երկիր շրջագայում։ Ինչու՞ են կարևորը թողած, անկարևորի հետևից վազում։ Ինչու՞ են բանակցություններ վարում, երբ ի սկզբանե գիտեն, թե որը որի հետևից են անելու։ Կոնկրետ նրանց վերջին հայտարարություններից պարզ երևում է, որ Արևմուտքին ինչ որ բան են ուզում հավատացնել։ Միջնորդ երկրներ են փնտրում, որ նրանց միջոցով Արևմուտքին ինչ- ինչ բան հավաստիացնեն։ Ամենավերջին ու թարմ օրինակը բերեմ։ Արարատ Միրզոյանը Կիպրոս է գնացել, որ այնտեղից Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ ասուլիսով Արևմուտքի ականջին հասցնի, թե «Հայաստանն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն»։ Սա բաց հաղորդում է միջնորդի միջոցով Արևմուտքին, որ ռուսական սահմանապահների ներկայությունը անհրաժեշտ չէ և այդ մասին ռուսական կողմին տեղեկացվել է։ Սա ի՞նչ է նշանակում։ Արևմուտքը նոր հավաստիացումներ է պահանջում Փաշինյանից, որ ինքը «ոտ ու ձեռով իրենցն է»։ Իսկ հավաստիացումներ պահանջում են այն դեպքում, երբ օբյեկտին կասկածում են։ Երբ կասկածում են, ուրիշ բան չի մնում, քան հավաստիացումը։ Սովորական պայմաններում էլ նույն կերպ են վարվում։ Եթե մեզ հետ ես, ուրեմն տանդ դռանը հերթապահ չպիտի կարգես։ Տանդ դուռը միշտ բաց պիտի լինի, որ արևմտյան խմբով երբ ուզեն, ոնց ուզեն՝ մտնեն։ Օդանավակայանը ցանկացած երկրի համար տան շեմն է։ Ելումուտ են ուզում, որ ռուսական կողմը չիմանա։ 

Արարատ Միրզոյանի բարձրաձայնումը Կիպրոսում՝ ի ականջ Արևմուտքի, ի՞նչ խնդիր է լուծում․«Հիմա մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է օդանավակայանում միայնակ իրականացնել այդ գործառույթը։ Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար»։ Հաշվարկվե՞լ է ՀՀ իշխանության կողմից, թե ինչ կարող է արժենալ նման հայտարարությունը Հայաստանի համար։ Նման հայտարարությամբ Արևմուտքի աջակցությու՞նն է խնդրում։ 

Մի բան պարզ է, նման չկշռադատված քայլերով Արևմուտքի սառը հաշվարկի տակ է դրվում Հայաստանը։