Արդյոք Պուտինը միակ տարբերակն է որպես Ռուսաստանի ղեկավար 

Արդյոք Պուտինը միակ տարբերակն է որպես Ռուսաստանի ղեկավար 

Russian Field-ի սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա մարտի 15-17-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում կհաղթեր նույնիսկ այն դեպքում, եթե նրան իրական այլընտրանքային թեկնածու լիներ առաջադրված։ Այսպես, ըստ հետազոտության, եթե նույնիսկ Պուտինը քաղաքական դաշտում ունենար իր ռեալ այլընտրանքը, ապա նախագահական ընտրություններում կհավաքեր 47 տոկոս։ Վերոնշյալ պայմանական ռեալ այլընտրանքային թեկնածուն կհավաքեր 41 տոկոս։ 9 տոկոս կկազմեին նրանք, որոնք կդժվարանային պատասխանել, թե ում օգտին կքվեարկեին։ Եւս 3 տոկոսը նրանք են, ովքեր առհասարակ հրաժարվում են իրենց քաղաքական նախընտրությունների մասին խոսել։

Ուշագրավ է այն, որ ըստ Russian Field-ի, շարքային ռուսաստանցիների մոտ հստակ ձեւակերպված չեն այն մոտիվները, որոնցով պայմանավորված գործող նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է նորից առաջադրվեր։ Առավել հաճախ հնչում է այն տեսակետը, որ ներկա իրավիճակում նա պետք է մնա որպես երկրի ղեկավար եւ ավարտին հասցնի իր սկսած գործը, այն է՝ ռուս-ուկրաինական պատերազմը։ Նաեւ հնչում է կարծիք, որ Պուտինը հաջողակ եւ փորձառու գործիչ է եւ դրա պատճառով էլ ճիշտ է, որ նա մնա որպես երկրի ղեկավար։ 15 տոկոսը հարցվածների միայն կարծում է, որ իշխանությունն ինքնին գրավիչ է Պուտինի համար, կամ որ նա վախենում է իշխանությունը կորցնել։ Հարցվածների 10 տոկոսի կարծիքով՝ Պուտինը նորից առաջադրվել է այն պատճառով, որ նրան արժանավոր իրավահաջորդ դեռ չկա։ Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ կանայք ավելի շատ են կարծում, որ Պուտինը ցանկանում է ավարտին հասցնել իր սկսած գործը։ Այս կարծիքին են նաեւ տարեցները եւ բոլոր նրանք, որոնց համար ինֆորմացիայի աղբյուր է հանդիսանում հեռուստատեսությունը։

Ի դեպ, Պուտինին արժանի ղեկավար են համարում ոչ մեծ բնակավայրերի բնակիչները, բուհական կրթություն չունեցողները։ Պուտինին փոխարինող չլինելու տեսակետին կողմնակից են հարցվածների 45-59 տարեկանների տարիքային խմբում գտնվողները։ Այս ամենի կողքին, հարցվածների 42 տոկոսը ցանկանում է, որ Պուտինը մասնակցի նախընտրական բանավեճերին, իսկ 35 տոկոսը չի ուզում, որ նա նման բանավեճերի մասնակցի։

Մնացածը դժվարացել են պատասխանել այս հարցին։ Նրանք, ովքեր ցանկանում են, որ Պուտինը դեբատներին մասնակցի, իրենց տեսակետը հիմնավորում են նրանով, որ ուզում են նրանից լսել, թե Ռուսաստանի ռազմավարական ապագայի տեսլականը առաջիկա տարիներին ինչպիսին է լինելու, անկախ այն հանգամանքից, որ Պուտինը դա ներկայացրել է փետրվարին Դաշնային Ժողովին ներկայացրած իր ուղերձում։ Հարցվածների 58 տոկոսը կարծում է, որ Պուտինն ամենալավն է կարողանում իրենց շահերը ներկայացնել։ Մյուս թեկնածուների հանդեպ նման վստահությունը չի գերազանցում 1-2 տոկոսը։ 14 տոկոսն էլ կարծում է, որ իրենց  շահերն առհասարակ ոչ մեկն էլ չի ներկայացնում։ 22 տոկոսը դժվարացել է այս հարցին պատասխանել։ Ներկա պահին ՌԴ նախագահի թեկնածուների ցանկը, ըստ վստահության մակարդակի, հետեւյալն է՝ Վլադիմիր Պուտին՝ 66 տոկոս, Վ․ Դավանկով՝ «Նոր Մարդիկ» կուսակցություն՝ 6,2 տոկոս, Ն․ Խարիտոնով՝ ՌԴ Կոմկուս՝ 5,1 տոկոս, Լ․ Սլուցկի՝ ՌԴ ԼԴԿ՝ 3,9 տոկոս։ Ոչ մեկին կողմ չէ հարցվածների 8 տոկոսը։