Իշխանություն-ՍԴ կոնֆլիկտը տեղափոխվում է միջազգային հարթակ

Իշխանություն-ՍԴ կոնֆլիկտը տեղափոխվում է միջազգային հարթակ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իշխանության հայտարարած պատերազմական դրությանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի արձագանքը հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց։ Արձագանքը հնչեց նախօրեի ուշ երեկոյան՝ նախ հայտարարության, ապա հարցազրույցի տեսքով։ Իշխանականներն առաջին իսկ րոպեից խանդավառված տարածեցին հայտարարությունը՝ ուռա բացականչելով, թե սա այն էր, ինչ իրենք էին ասում։ Ոչ իշխանականներն էլ փաստեցին, որ Բուքիքիոն մտահոգված է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակով։

Մինչդեռ թվում էր, թե սա այդ դեպքը չէր, որ կողմերից յուրաքանչյուրն այն մեկնաբաներ հօգուտ իրեն, հայտարարությունը եւ հանձնաժողովի նախագահի գնահատականները կարծես թե էականորեն տարբերվում են իրենց կոնկրետությամբ ու միջազգային կառույցների նմանօրինակ հայտարարություններից, որոնք հիմնականում եղել են «ո՛չ նալին, ո՛չ մեխին» սկզբունքով։ 

Ի՞նչ է ասում Ջիանի Բուքիքիոն։ Հայտարարությամբ ասում է՝ «մտահոգություն» ունի կառավարության, Ազգային ժողովի եւ ՍԴ-ի միջեւ «առկա բաց առճակատմամբ», որ ժողովրդավարական երկրում բոլոր պետական հաստատություններն ու պաշտոնյաները պարտավոր են հարգել «միմյանց» եւ ընդունել ու հարգել մյուս հաստատությունների «արտոնությունները, պարտավորություններն ու լիազորությունները»։ Եթե դա չի կատարվում, եթե չկա ժողովրդավարական մշակույթ եւ հասունություն, պետական ինստիտուտների գործառույթները խաթարված են, վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական եւ տնտեսական առաջընթացը: Իսկ հարցազրույցում արդեն Բուքիքիոն ասել է․

«Գիտենք, որ Հրայր Թովմասյանը կարճ ժամանակում հայտնվել է բազմաթիվ հարվածների տակ, եւ բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ»։ Ասել է․ «Սահմանադրական դատարանի դատավորի մանդատը ոչ քաղաքական է: Սա նշանակում է՝ դատավորները նշանակվում են՝ պաշտպանելու Սահմանադրությունը եւ ոչ թե առաջ մղելու ընտրություններում հաղթած կառավարող մեծամասնության քաղաքական ծրագիրը: Դա է պատճառը, որ Սահմանադրական դատարանի նորացումը պետք է ապասինքրոնացնել քաղաքական շրջափուլերի հետ»: Մինչդեռ իմքայլականներից շատերն իրենց հարցազրույցներում պնդում են, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, քանի որ ՍԴ անդամներից շատերը եւ հատկապես նախագահը ընտրվել են նախորդ իշխանության օրոք։

Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչպե՞ս էին իշխանականները խրախճանք կազմակերպել այս հայտարարության շուրջ։ Օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ողջունեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը: «Սա նշանակում է, որ վերջինս փաստացի ընդունում է, որ այսօրվա Սահմանադրական դատարանում հաստատված ստատուս քվոն Հրայր Թովմասյանի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը»,- գրեց նա։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նույնպես լույս սփռեց, թե ինչու են այսքան ուրախ այդ հայտարարությունից․ «Այս հայտարարությամբ եւ հատկապես դրա վերջին մասով հանձնաժողովի նախագահը փաստեց, որ Հայաստանում սահմանադրականության խնդիր կա, եւ այդ խնդիրը պետք է լուծել։ Սա հենց այն է, ինչ մենք շարունակ ասում ենք։ Այո, Հրայր Թովմասյանի՝ հայտնի հանգամանքներում ՍԴ նախագահ ընտրվելը եւ հայտնի հանգամանքներում պաշտոնավարելն առաջացրել է Սահմանադրության նորմալ գործունեության խնդիր, եւ այս խնդիրը պիտի լուծվի»։ Իսկ Բուքիքիոյի հայտարարության վերջին մասում գրված է․ «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք եւ կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն այս անհանգստացնող իրադրության ապաէսկալացիայի եւ Հայաստանի սահմանադրության նորմալ գործողության վերականգնման նպատակով»: 

«Ում ինչպես պետք է, այդ հայտարարությունն այդպես էլ հասկանում ու մեկնաբանում է, սա զավեշտ է եւ անթույլատրելի»,- մեզ հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկատի ունենալով իշխանական պատգամավորների հայտարարությունները․ «Այդպիսով այս հայտարարության դերը դարձնում են առոչինչ հայ հասարակության համար․ զավեշտ է նման վերաբերմունքը»։ Մինչդեռ, Մարուքյանի գնահատմամբ, դա քաղաքական ուղերձ էր, որպեսզի մարդիկ հասկանան․ «Մենք կա՛մ պահպանում ենք եվրոպական չափանիշները, կա՛մ էլ դրանց բանի տեղ չենք դնում եւ ասում, որ մենք ենք որոշում»։ Մարուքյանը, այդուհանդերձ, ընդունում է, որ Բուքիքիոյի գնահատականները հիմնականում այնպիսին են, որ կարող են տարակարծություններ առաջացնել։ Իսկ կոնկրետ իր համար այս հայտարարությունը կո՞շտ է, թե՞… «Ինձ համար գոյություն ունի ՀՀ Սահմանադրությունը եւ եվրոպական կոնվենցիան, որի չափանիշներից ելնելով էլ՝ մենք կառուցում ենք մեր քննադատությունը»,- ուղիղ պատասխանից խուսափեց Մարուքյանը, թերեւս այն պատճառով նաեւ, որ ՍԴ-ի դեմ իշխանական գրոհին մասնակցություն են ունեցել նաեւ իրենք՝ կողմ քվեարկելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու «Իմ քայլի» դիմումին։

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարությունից «կոշտ» տպավորություն է ստացել․ «Դե իհարկե, այնպես չէ, որ իրենք իրենց տեքստերը համեմում են վիրավորանքներով, բայց ավելի շատ պետք է ենթատեքստը հասկանանք։ Այն, որ այնտեղ իսկապես կար կոպիտ գնահատական, եւ դա ամենեւին չի բխում ՀՀ շահերից»։ Պետրոսյանը տպավորություն է ստացել, թե Վենետիկում ընդունում են, որ այստեղ քաղաքական հետապնդման տարր կա․ «Էլ ի՞նչ անեին, հո չէի՞ն հայհոյելու»։ «Մենք պետք է ուշքի գանք։ Մի քանի անգամ արդեն ասել ենք, որ այդ ձերբակալություններով մենք հիասթափություն ենք հարուցում այն պոտենցիալ ներդրողների մոտ, որոնք տնտեսական ծրագրեր են ուզում իրականացնել»։ Ուշագրավ է, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, թե կառավարությունում ի գիտություն են ընդունել Ջիանի Բուքիքիոյի դիտարկումները՝ «եզրակացություններ են անելու»։

Սակայն նախարարի պատասխաններից պարզ դարձավ, որ հետեւությունները լինելու են «դըմփ-դըմփ հու»-ի դիրքերից։ Օրինակ՝ նախարարն ընդունում է դիտողությունը, որ չի կարելի ամեն կառավարության փոխվելուց հետո փոխել նաեւ ՍԴ կազմը, միեւնույն ժամանակ հիշեցնում է․ «Միաժամանակ մենք պետք է հասկանանք, թե այս կառավարությունն ինչպես է ձեւավորվել, ձեւավորվել է համաժողովրդական շարժման արդյունքում: Մենք պետք է հասկանանք, որ այս փոփոխությունները, որոնք մենք նախատեսել ենք, ինչից են բխում, բնականաբար, այն պահանջներից, որն ուներ հայ ժողովուրդը, երբ համաժողովրդական շարժում էր սկսում եւ անում»:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նույնպես արձագանքեց․ «Սահմանադրական դատարանը եւս մեկ անգամ վերահաստատում է ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի եւ երկխոսության ճանապարհով լուծելու իր պատրաստակամությունը: Ողջունում եմ նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետեւություններ անելու պատրաստակամության մասին մեկնաբանությունը»։