Ձեր նշած անձինք Արցախն ուրացողին են կրծքով պաշտպանում, ինչու չպետք է մասնակցեն լրատվական դաշտի ջախջախմանը

Ձեր նշած անձինք Արցախն ուրացողին են կրծքով պաշտպանում, ինչու չպետք է մասնակցեն լրատվական դաշտի ջախջախմանը

«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

-Վերջերս դերասանուհի Լալա Մնացականյանն իմ մի հարցազրույցի համար դիմել էր ԶԼՄ-ների դիտորդ մարմնին, թե իբրև ես իր խնդրանքը դրժել եմ և մեր մասնավոր զրույցը ներկայացրել եմ որպես հարցազրույց: Իրականությունն իհարկե այլ է` ես լրագրող եմ և որևէ մեկին հենց այնպես, ուղղակի զրուցելու համար չեմ զանգահարում: Եթե զանգահարում եմ, ներկայանում եմ և կոնկրետ հարցեր եմ ուղղում ու ստանում պատասխաններ, դա արդեն իսկ հարցազրույց է: Այժմ այս մարմինը, որի անունն է ԶԼՄ-ների դիտորդ մարմին, սակայն որին մենք չենք լիազորել դատավոր դառնալ եւ եզրակացություններ տալ մեր եւ մեզ հարցազրույց տվողների գլխին, ինչ-որ տեքստ է կազմել, նշելով, թե մենք մեր մասնավոր նակամագրությունում հեգնել ենք դերասանուհուն, որ մենք պատշաճ ձևով Մնացականյանից համաձայնություն չենք ստացել հարցազրույց անելու համար: Ինչո՞ւ եւ ո՞վ է այս ինքնահռչակ դատավորներին (Բորիս Նավասարդյան, Արա Շիրինյան, Նունե Սարգսյան, Վիգեն Սարգսյան, Անժելա Ստեփանյան, Դավիթ Ալավերդյան, Նարինե Ավետիսյան, Ռուբեն Բաբայան, Լևոն Բարսեղյան, Շուշան Դոյդոյան, Կարինե Հարությունյան, Արա Ղազարյան, Աշոտ Մելիքյան, Գնել Նալբանդյան) նման լիազորություններ տվել, ո՞րն է այս մարմնի գործառույթը: 

-Ծանոթացա և Լալա Մնացականյանի հարցազրույցին, և Դիտորդ մարմնի եզրակացությանը։ Կարդալով Լալա Մնացականյանի հարցազրույցն, այնտեղ որևէ արտառոց բան չնկատեցի։ Ավելին, Լալա Մնացականյանն ինձ համար անսպասելի, բավականին հետաքրքիր, կարելի է ասել, սոկրատյան մտքեր է արտահայտում և ի պատիվ իրեն, զգացվում է նրա խորը զղջումը, 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությանը սատարելու համար։ Եվ կարծում եմ, որ նա գիտակցել է, որ լրագրողի հետ զրույցը լոկ սովորական զրույց չէ, այլ այն ենթակա է հրապարակման։ Եթե օրինակ ինձ զանգահարում է որևէ, թեկուզ ծանոթ լրագրող և հարցեր է տալիս, պարզ է, որ դա ընկերական զրույց չէ, այլ հարցազրույց է։ Եվ եթե չեմ ցանկանում պատասխանել, ապա կախված լրատվամիջոցից, կամ քաղաքավարի կամ կոպիտ ձևով մերժում եմ։ Օրինակ, լրատվամիջոցներից մեկը, որից ահավոր հիասթափված էի, 2021 թվականին այդ լրատվամիջոցի թղթակցի զանգին կոպիտ պատասխանեցի․ «Այլևս ինձ չզանգահարեք»։ Այնպես որ, թող Լալա Մնացականյանը ներող լինի, բայց ես նրան չեմ հավատում՝ գուցե, հարցազրույցից հետո նա փոշմանել է, որ այն կարող է իրեն վնասել, բայց դա արդեն իր խնդիրն է։ Ինչ վերաբերում է Դիտորդ մարմնին, ապա այն, իհարկե դատարան չէ, այլ պետք է լինի մասնագիտական կարծիք հայտնող մարմին՝ ընդամենը։ Ինքս մեկ հարց ունեմ Դիտորդ մարմնի անդամներին․ Ինչու՞ եք հավատում Լալա Մնացականյանին, այլ ոչ «Հրապարակ» թերթի խմբագրությանը։ Համաձայն եմ Դիտորդ մարմնի հետ, որ հայհոյախառն մեկնաբանությունները պետք է հեռացվեն։ 

-Այդ մարմնի գործառույթը ո՞րն է: 

-Որքան ինձ հայտնի է, քննարկել լրատվամիջոցների կողմից էթիկայի խախտման հետ կապված բողոքները, մասնագիտական եզրակացություն հրապարակել և տվյալ լրատվամիջոցին իրավիճակը շտկելու առաջարկություն անել, որը պարտադիր կատարման ենթակա չի։ 

-Ինչո՞ւ է այս անձանց թիրախում ազատ, անկողմնակալ մամուլը եւ մի լրատվամիջոց, որը չի միացել իրենց խարտիային, անդամ չէ եւ չի լիազորել քննել իր հրապարակումներին վերաբերող դիմումներ: Լալա Մնացականյանը պետք է ոչ թե ինչ-որ անհասկանալի մարմնի դիմեր, որը ոչ մի լիազորություն չունի, այլ «Հրապարակի» խմբագրություն։ Իսկ այն, որ մենք մերժել ենք հեռացնել իր հարցազրույցը կայքից, դա մեր իրավունքն է։ Դրա հետ անհամաձայն լինելու դեպքում էլ կա ճանապարհ՝ դիմել դատարան։ Ի դեպ, այս Դիտորդ մարմինը, որքան էլ ցանկացել է «Հրապարակի» դեմ բացասական եզրակացություն գրել, սակայն չի կարողացել չգրել, որ կայքից նյութ հեռացնելու պահանջն օրինական չէ եւ կատարման ենթակա չէ։ Դա, ըստ էության, միակ հարցն է, որ պետք է քններ Դիտորդ մարմին կոչվածը՝ չմտնելով մեր մասնավոր նամակագրության տիրույթ։

-Չեմ կարող ձեր հարցին պատասխանել, քանի որ չեմ տիրապետում Դիտորդ մարմնի եզրակացությունների վիճակագրությանը։ 

-Օրինակ՝ բեմադրիչ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը կամ Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, Նյումեգ հրատարակչության խմբագիրն ի՞նչ կապ ունեն լրատվամիջոցների հետ եւ ինչու՞ պետք է գնահատականներ տան մեկ այլ լրատվամիջոցին։

 -Դիտորդ մարմնի կազմում, բացի լրագրողական մասնագիտական փորձագետներից, կարող են լինել նաև իրավաբաններ և հանրության կողմից հարգված, իրենց անաչառությամբ և քաղաքացիական դիրքորոշմամբ ճանաչված այլ ոլորտների մասնագետներ։ Հարցին պետք է մոտենալ այս տեսանկյունից, վերջին տարիներին այն, ներեցեք՝ այլանդակություններին, որ կատարվում են Հայաստանում, արդյո՞ք համարժեք գնահատական են տրվել ոչ միայն Ռուբեն Բաբայանի, այլև Դիտորդ մարմնի շատ այլ անդամների կողմից։

 -Իշխանությունները հերթական նենգ քայլն են նախաձեռնել ազատ մամուլի դեմ: Արդարադատության նախարարությունը որոշել է «բարեփոխել» լրատվական դաշտը՝ այն կարգավորելու համար հակաժողովրդավարական, անթույլատրելի մի հայեցակարգ է մշակել, որով այս Դիտորդ մարմիններին որոշել են իրական դատարան դարձնել ազատ մամուլի նկատմամբ։ Հավանաբար՝ ինչպես ԲԴԽ-ն է՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ դատավորներին վեթինգ անում, Բորիս Նավասարդյանի «հիմնարկն» էլ մամուլի նկատմամբ է «դատավճիռներ» կարդալու։ Այդ հայեցակարգի մշակմանը մասնակցել են մի խումբ անձինք, որոնց մի մասը 2018-ից հետո ավելի շատ մամուլի թշնամիների դաշտում է գործում, քան խոսքի ազատության պաշտպանության։ Այս մարմնի մեջ, հայեցակարգ գրողների մեջ մարդիկ են ընդգրկված, որոնք իրենց կյանքում երբեւէ լրագրողական աշխատանք չեն կատարել: Արդարադատության նախարարությունը որոշել է լրագրողների աշխատանքի սահմանափակումներ մտցնել, գրաքննություն կիրառել, բարդացնել մեր աշխատանքը՝ նաեւ այս անձանց ձեռքով։ Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին: 

-Անկեղծ ասած, ծանոթ չեմ այդ նախագծին, բայց չեմ զարմանա, եթե այն ոչ թե բարեփոխի, այլ չարեփոխի լրատվական դաշտը։ Մինչև հիմա, ցանկացած ոլորտ, այն կլինի դատական, բուհական, գիտական, թե մշակութային՝ բարեփոխման անվան տակ, ոլորտը ջախջախվել է և հնազանդեցվել վարչապետ կոչեցյալին։Նա չի հանդուրժում, որ կարող են լինել լրատվամիջոցներ, որոնք համարձակվում են իրեն քննադատել և պատրաստ է դիմել ամեն ինչի՝ լռեցնելու իրեն անհաճո բոլոր լրատվամիջոցներին։ Իսկ թե ովքեր են մասնակցում և սատարում այդ նախագծին՝ այլևս չեմ զարմանում։ Եթե 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, պատերազմ հրահրած, հազարավոր զոհեր տված, ծրագրավորված պարտության հեղինակ և Արցախն ուրացող վարչապետ կոչեցյալին ձեր նշած անձինք շարունակեցին կրծքով պաշտպանել, ապա․․․