Առաջարկեցինք, որ դեկանների պաշտոնները մնան ընտրովի

Առաջարկեցինք, որ դեկանների պաշտոնները մնան ընտրովի

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի աշխատանքային նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են։ Ի թիվս մի շարք այլ հարցերի, մասնագետներն առաջ են քաշում բուհերի ինքնավարության խնդիրը, որը, մի կողմից, կարեւորվում է նախագծում, մյուս կողմից էլ՝ կասկածի տակ դրվում, քանի որ տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում կառավարման խորհուրդը, ցանկության դեպքում, կարող է ռեկտորին ընտրել եւ ընտրությունը վերածել նշանակման։ Ընտրված կամ նշանակված ռեկտորն էլ իր հերթին կնշանակի ֆակուլտետի դեկաններին, որոնք էլ, համապատասխանաբար, կկազմակերպեն ամբիոնի վարիչների ընտրությունը։

Թե օրենքի այս նախագիծն ինչպես կազդի բուհերի ինքնավարության վրա, Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը նշեց, որ այս նախագիծը բավականին դրական տեղաշարժ ունի նախորդի հետ համեմատած, եւ շատ գործառույթներում բուհի ինքնավարությունը բարձրացված է։ Թե որոնք են այդ ոլորտները, ասաց․ «Տնտեսական, ֆինանսական հարցերում բուհերի ինքնավարությունը բարձրացված է, օրինակ՝ օրինագծում կետ կա, որտեղ բուհը՝ ինքը, պետք է տնօրինի իր տարածքների վարձակալությունից ստացվող գումարները, որը դրական տեղաշարժ է եւ հնարավորություն կտա բուհին որոշակի եկամուտներ ձեւավորել եւ ավելի ճկուն լինել իր ֆինանսատնտեսական գործունեության մեջ։ Այդ մասով մենք որոշ առաջարկություններ արել էինք, օրինակ՝ այն միջոցները, որ բուհը չի ստանում պետական բյուջեից եւ ուսանողական վարձերի տեսքով են գոյանում, չօգտագործվեն ՀՀ գնումների մասին օրենքի ընթացակարգով, որովհետեւ ստեղծում է բավականին մեծ դժվարություն եւ ինքավարության գաղափարին որոշակիորեն հակասում է»։

Ինչ վերաբերում է ռեկտորի ընտրության հարցին, կարծում է, որ երկակի մոտեցում կա։ «Խորհրդի ձեւավորման դեպքում անդամների 50 տոկոսը ներկայացվում է նախարարության կողմից, բայց, միեւնույն ժամանակ, հստակ նշված է, որ դրանք չեն կարող լինել հայեցողական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։ Դրանք հիմնականում գործատուներ են, բուհի հետ աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ չեմ կարող միարժեք ասել, որ դրանով հնարավոր կլինի վերահսկել բուհի կառավարման խորհրդի գործառույթները։ Սա արդեն կախված է առանձին դեպքերից»,- ասում է նա ու ընդգծում՝ առաջարկել են, որ դեկանների դեպքում այն շարունակի մնալ ընտրովի պաշտոն, որպեսզի այն վախերը, ռիսկերը, որ հիմա կան, բացառվեն։ «Մասնավորապես, որ ռեկտորին կնշանակի կառավարությունը՝ վերահսկելով խորհուրդը, իսկ ռեկտորն էլ, իր հերթին՝ դեկաններին։ Այդ ռիսկերը նվազեցնելու համար մենք նույնպես առաջարկեցինք, որ դեկանների պաշտոնները շարունակեն մնալ որպես ընտրովի պաշտոններ»,- ասում է Հարությունյանն ու հավելում, որ իրենց դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել են ԿԳՄՍ։

Անդրադառնալով հայագիտական առարկաների դասավանդման խնդրին՝ կարծում է, որ բուհում հայոց լեզուն եւ հայոց պատմությունը չպետք է դասավանդվեն այն նույն ձեւով, ինչպես դպրոցում։ «Հիմնականում բոլոր բուհերը շարունակում են նույն ձեւաչափով եւ նույն մակարդակով այդ առարկաների դասավանդումը։ Այն, որ բուհում պետք է շարունակեն հայագիտական առարկաների դասավանդումը, դա պարտադիր է, բայց դա պետք է լինի բարձր ու խորը մակարդակով եւ այլ ձեւաչափով»,- ասաց նա ու նկատեց, որ իրենց բուհում դասադուլ անող ուսանողներ չկան եւ ուսանողները հիմա հանձնում են իրենց միջանկյալ քննությունները։

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի աշխատանքային նախագիծն ուսումնասիրվել եւ քննարկվել է նաեւ իրենց բուհում։ Կոնսերվատորիան իր մտահոգություններն ու առաջարկները ներկայացրել է գրավոր․ «Մեզ համար, օրինակ, շատ ավելի կարեւոր է ամբիոնի վարիչների գիտական կոչում ունենալու հարցը։ Բազմաթիվ այլ մտահոգություններ էլ ենք ունեցել։ Նախկինում եթե վարձակալությամբ տրվող տարածքների եկամուտն ամբողջությամբ գնում էր պետությանը, այս նախագծով մնում է բուհում։ Այս ինքնավարության դրսեւորման համար մենք, իհարկե, ուրախ ենք»։

Հովհաննիսյանը կարծում է, որ հայագիտական առարկաների դասավանդման խնդրի ձեւակերպումն է թյուրըմբռնում առաջացրել, եւ ոչ ոք չի պատրաստվում բուհից այդ առարկաները հանել։ «Ես երեկ այդ հարցը քննարկում էի մեր ֆոլկլորագիտության ամբիոնում, օրինակ՝ մեր հոգեւոր երաժշտության դասավանդման պարագայում սա կարող է դառնալ գրաբարի պարտադիր ուսուցում, որովհետեւ մենք ուսումնասիրում ենք պատարագագիտություն, ծես, հոգեւոր երաժշտություն։ Մեզ համար լեզվի պարտադիր հարցը շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք ազատ ընտրությամբ գրաբար ուսումնասիրելու հնարավորություն տանք ուսանողին»,-ասում է Հովհաննիսյանն ու մատնանշում մասնագիտական ձեռնարկների, դասագրքերի հարցը։ «Մենք 70 տարվա գիտական դասագրքեր ունենք՝ մեթոդական ձեռնարկներ, որոնք ամբողջը ռուսերեն են։ Մենք ունենք մասնագիտական ձեռնարկների թարգմանության կարիք, պետք է ուսանողի մոտ մասնագիտական լեզուն ձեւավորել բուհում։ Այդ ազատությունը, ինքնավարությունը որ ես ունենամ, շատ ավելի մասնագիտական ձեւով կկարողանամ ուղղորդել ուսուցումը»,- ասում է նա ու հավելում, որ մինչ այս նախարարությունը ոչ մի հարցով չի միջամտել ներբուհային իրենց խնդիրներին։

Ինչ վերաբերում է ռեկտորի ընտրության կարգին ու դրա շուրջ բարձրաձայնվող մտավախություններին, ապա «նախկինում գիտական խորհրդի ղեկավարը ռեկտորն է եղել, իսկ ներկայիս օրինագծում ռեկտորը չի համարվում գիտական խորհրդի ղեկավարը, եւ նույնիսկ պրոռեկտորներն իրավունք չունեն գիտխորհրդի աշխատանքներին մասնակցել եւ միջամտել, ինչո՞ւ դրա մասին չի ասվում, որը մեզ համար կարեւոր էր ու մտահոգիչ։ Այսինքն՝ պետք է օբյեկտիվ նայել իրավիճակին։ Ինչ խոսք, նախագծում կան վիճահարույց հարցեր, որի մասին բարձրաձայնել են մեր բոլոր ռեկտորները՝ ընդհանուր քննարկումների ժամանակ, ներկայացվել են գրավոր առաջարկներ, եւ ես էլի սպասում եմ մեր բուհի մասով հերթական հանդիպմանը»։