Դիանա Գալոյանը ե՞ւս պետք է հեռանա

Դիանա Գալոյանը ե՞ւս պետք է հեռանա

Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ գրագողությունների թեման բարձրացրեցին ուսանողները, որոնք շատ հետեւողականորեն առաջ էին տանում այդ հարցը եւ անգամ շարժում ստեղծեցին՝ «Հանուն որակյալ կրթության»։

Նրանք հայտարարում էին՝ եթե գրագողությունը պատճառ դարձավ, որ նախկին պաշտոնակատարը՝ Ռուբեն Հայրապետյանն ազատվի այդ պաշտոնից, ապա ինչու պետք է պաշտոնավարի Դիանա Գալոյանը, որի թեզում եւս նման խնդիրներ կան։ Ուսանողների պահանջն այնքան հետեւողական էր, որ կրթության նախարարությունը ստիպված եղավ մասնագիտական հանձնաժողով ստեղծել, որի կազմում կային նաեւ Գալոյանի ուսանողներն ու մտերիմները, սակայն ուսանողներն աչալուրջ էին եւ վերջապես օրերս հանձնաժողովը հրապարակել է իր եզրակացությունը Գալոյանի դոկտորական աշխատանքի վերաբերյալ եւ որոշ մասերով ընդունել, որ այդ աշխատանքում խնդիրներ կան։

Ըստ այդ եզրակացության՝ ատենախոսությունում կան որոշ հատվածներ, որոնք փոխառված են՝ առանց սկզբնաղբյուրը նշելու։ Մինչդեռ «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունը պնդում էր, որ նրա դոկտորական ատենախոսության 3.1 ենթագլխում ծայրից ծայր արտագրված է՝ առանց սկզբնաղբյուրը նշելու։

Սրան եւս հանձնաժողովն անդրադարձել է՝ նշելով, որ ատենախոսության  3.1 ենթագլխի 107-108-րդ էջերում Վիլնյուսի գագաթնաժողովի մասին տեղեկատվությունը, որի սկզբնաղբյուրը ըստ կայքում տրված փաստերի՝ blognews կայքն է, չի կարող համարվել հավաստի տեղեկատվություն, քանի որ կայքում տեղադրված հոդվածը չունի։

Հանձաժողովը, սակայն, արդյունքում հանգել է նրան, որ ըստ որակավորման թղթապանակում առկա փաստաթղթերի՝ Դ․Գալոյանի ատենախոսության պաշտպանության գործընթացն իրականացվել է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջների պահպանումով։

Հանձնաժողովի անդամ, Տնտեսագիտական համալսարանի դասախոս, ՀՅԴ-ական եւ Գալոյանի մտերիմ Թադեւոս Ավետիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ ինքն այն տպավորությունը չունի, թե այդ խախտումներն այն չափերի են, որ  հետագա պաշտոնավարման խնդիր կարող է առաջացնել։

Երբ Ավետիսյանին հիշեցրինք, որ նախկին ռեկտորի պաշտոնակատարը հենց այդ պատճառով է հեռացել, նշեց․ «Գիտեք, տարբեր դեպքեր են։ Մեկ բառ արտագրելն ու 80-90 տոկոս, օրինակ, տարբեր դեպքեր են։ Չի կարելի ընդհանրացնել, որովհետեւ նեղ մասնագիտական հարցեր կան»։

Ինչ վերաբերում է իր տված գնահատականին, Ավետիսյանը տվել է դրական եզրակացություն․ «Իմ հիմնական խնդիրը մասնագիտական էր, քանի որ ես այդ մասնագիտությամբ գիտական աստիճան ու կոչում ունեմ, «գիտական նորույթին» վերաբերող մասով ես իմ մասնագիտական տեսակետն եմ հայտնել, որ այդ «գիտական նորույթը» չի կրկնում եւ արտագրված չէ»։