Գալուստ Սահակյանի որդու՝ 30 տարի առաջ գնված «Ունիվերսամի» շենքի շուրջ հետաքրքիր զարգացումներ են լինում

Գալուստ Սահակյանի որդու՝ 30 տարի առաջ գնված «Ունիվերսամի» շենքի շուրջ հետաքրքիր զարգացումներ են լինում

Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով հետաքրքիր զարգացումներ են ընթանում։ Խաբեությամբ գույքային վնաս պաճառելու, ապացույցներ կեղծելու մեջ մեղադրվող Սահակյանի քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան եւ մակագրվել դատավոր Հարություն Մանուկյանին։ Վերջինիս որոշմամբ՝ «Ունիվերսամի» շենքը, որը ձեռք է բերել Սահակյանը, հանվել է կալանքից եւ թույլատրվել է հանձնել վարձակալության։
Ավելի հետաքրքրական է վարչական դատարան տարած դատախազությանը հայցադիմումը։

Պաշտպան Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց՝ «Ունիվերսամը» Սահակյանը գնել է 1990-ականներին, շուրջ՝ 30 տարի առաջ, եւ դրա գնման գնի հետ կապված դատախազությունն այժմ անհամաձայնություն ունի, դրանից ելնելով էլ Վարչական դատարան հայց է ներկայացրել․

«Ի սկզբանե այդ «Ունիվերսամ»-ի համար դեռ 90-ականներին պարոն Սահակյանը դիմում է ներկայացրել քաղաքաղապետարան, որպեսզի գույքը համապատասխան սակագնով օտարվի, նախկին սակագնով օտարել են, հիմա արդեն նոր շոուներ են կազմակերպվում, թե իբր կեղծիքների միջոցով է ձեռք բերվել»։

-Այսինքն՝ դատախազությունն ասում է՝ էժա՞ն է վաճառվել այդ գույքը։

-Այո։

-Ինչ գնային տարբերության մասին է խոսքը։

-Դե մենք մեր հաշվարկներն ունենք, դատախազությունն՝ իրենը։ Եթե նույնիսկ նման բան լինի, ապա խոսքը 6 միլիոն դրամի մասին  է, իսկ դատախազությունն ինչ-որ աստղաբաշխական թվեր է ներկայացնում, մոտավոր 100 միլիոն դրամից ավելի։ Մենք գտնում ենք, որ այդ վարույթը չպետք է քննվի, դատախազությունն իրավասու չէ նման հայցով հանդես գալ, քանի որ նա այն ժամանակ էլ կողմ չի եղել, եւ հիմա էլ չի կարող լինել։ Բայց Վարչական դատարանն ի զարմանս մեզ վարույթ ընդունեց, բեկանեց եւ ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, բայց այստեղ էլ խնդիր կա, էն ժամանակ մեր դատական համակարգի կառուցվածքն այլ է եղել, դա իրավական խնդիր է առաջացնում՝ թե ո՞ր դատարան պետք է ուղարկվի քննության։ Բացի դրանից այս հայցադիմումը պետք է վարույթ չընդունվեր։ Քրեական գործով դատախազը հայտարարեց, թե բեկանվել է 90-ականների որոշումն, ուղարկվել է նոր քննության, հիմա մենք ավելի լավ նորություն ունենք․ քանի որ մենք Վճռաբեկ դատարան բողոք էինք ներկայացրել, որ առհասարակ չպետք է քննության առարկա դառնար, դատախազությունն էլ Վճռաբեկ բողոք էր ներկայացրել, թե այն ինչի՞ են ուղարկել առաջին ատյան, միանգամից պետք է շենքը խլվեր։ Դատախազության բողոքը ետ է վերադարձվել, իսկ մեր բողոքը վարույթ է ընդունվել։ Վճռաբեկ դատարանը, եթե վարույթ է ընդունում, արդեն իսկ խնդիր տեսնում է։

-Վաղեմության ժամկետ չկա՞։

-Կա վաղեմության ժամկետ, բայց մենք առարկել ենք, որպեսզի այդ հիմքով քրեական գործի վարույթը կարճվի, Տիգրան Սահակյանի դիրքորոշումն այնպիսին է, որ ինքը պարտադիր պետք է մասնակցի քննությանը եւ հասնի արդարացման դատավճռի։ Եթե մարդը որեւէ կեղծիք չի կատարել, ինչու՞ այդ հիմքով ընդունի։

-Քաղաքապետն ո՞վ է եղել այն ժամանակ, պաշտոնատար անձինք ներգրավված չկա՞ն։

-Քաղաքապետարանի մի աշխատակցուհի կա, որին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահահելու համար։

Նշենք, որ Սահակյանների ընտանիքին մեղադանք է առաջադրված նաեւ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, նա անցնում է Տարոն Մարգարյանի գործով եւ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար