Դպրոցի ուսուցիչները աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել, չեն ցանկանում աշխատել Ռոմանոս Պետրոսյանի մտերիմի հետ

 Դպրոցի ուսուցիչները աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել, չեն ցանկանում աշխատել Ռոմանոս Պետրոսյանի մտերիմի հետ

Մենք հենց հիմա մեզ հետ դիմումներ ենք բերել, որ փոխանցենք նախարարին։ Այդ նոր տնօրենը չի աշխատելու, քանի որ մենք դիմումներում նշել ենք, որ չենք պատրաստվում աշխատել, 41 հոգի աշխատակազմից ստորագրել է։ Այս մասին քիչ առաջ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչներից մեկը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ դպրոցի կոլեկտիվը, աշակերտներն ու ծնոնղերն այս պահին գտնվում են ԿԳՄՍ շենքի դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում, նրանք եկել են ավտոբուսներով։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրություն, գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու մյուս թեկնածուն, որը Աբովյանի 10-րդ դպրոցում հայոց լեզվի ուսուցչուհի է եղել, հավասար ձայեր են հավաքել՝ 4/4։ Ակցիայի մասնակիցները պնդում են՝ իրենք ցանկանում են, որ գործող տնօրեն Բաբայանը շարունակի պաշտոնավարել, քանի որ, իրենց խոսքով, հոյակապ տնօրեն է։

«Այո, բոլորս պատրաստ ենք անխտիր աշխատանքից դուրս գալ, նա գալու է փակ դռների առաջ է կանգնելու, ոչ աշակերտ է ունենալու, ոչ ուսուցիչներ, ոչ մասնագետներ, հարց է առաջանում՝ որտեղ է աշխատելու։ Ոչ, մենք իր հետ չենք զրուցել, ինքը պետք է ցանկություն հայտնի մեզ հետ զրուցելու, ինքն է գալիս նոր կոլեկտիվ, ոչ թե մենք, մենք հո 41 հոգով չենք գնալու իրեն փնտրենք կամ որտեղ փնտրենք։ Ինքն արդեն իր նկատմամբ վերաբերմունքը ստեղծել է՝ դեռ չեկած։  

Մենք արդեն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից հեռացման դիմումներ ենք գրել, կրկնում եմ՝ չենք աշխատելու այդ կնոջ հետ»,- ասաց ուսուցիչներից մեկը, որը այդպես էլ չներկայացավ։

Հիշեցնենք՝ ակցիայի մասնակիցները պնդում են՝ դպրոցի տնօրենի մյուս թեկնածուն, ում հետ չեն ցանկանում աշխատել, Կոտայքի նախկին մարզպետ, այժմ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մտերիմն է։