Եթե հին օրենսգրքով ընտրության գնացին, ապա երկրորդ անգամ են Սերժ Սարգսյանի կարած կոստյումները հագնելու

Եթե հին օրենսգրքով ընտրության գնացին, ապա երկրորդ անգամ են Սերժ Սարգսյանի կարած կոստյումները հագնելու

Պետական վերահսկողության նախկին պետ Դավիթ Սանասարյանը չի հավատում այն հավաստիացումներին, թե իշխանությունն օր առաջ ուզում է լուծումներ տալ գերիների հարցին։

«Ես չեմ հավատում դրան,որովհետեւ դրան կհաջորդեր այլ գործողություններ։ Մենք խնդիր ունենք գերիների հարցով, այդ տղաների ամեն մի օրը, ամեն մի ժամը ավել մնալով պրոբլեմ է, եւ մեզ համար արժանապատվության հարց է։ Ես կոչով դիմել եմ՝ բոլորդ նստեք մի սեղանի շուրջ, մի կողմ թողեք տարաձայնությունները եւ փորձեք կապերը օգտագործել։ Օրինակ, եթե ես խորհուրդ տայի կաթողիկոսին,ապա խորհուրդ կտայի գնալ Հռոմի պապի մոտ, խնդրեր նրան, իր կապերը օգտագործեր։ Ամեն մեկն իր կապերն ունի, պետք է դրանք օգտագործել եւ գերիների հարցը լուծել։ Սա առաջին հարցն է, երկրորդը՝ քաղաքական ճգնաժամը, սրանից հետո միայն նոր կձեւավորվի մի մթնոլորտ։ Անընդհատ սեւ-սպիտակ անելով, անընդհատ իրար նկատմամբ ատելություն տարածելով՝ էս երկրում ոչ մի խնդիր չի լուծվելու»,- նշում է նախկին պաշտոնյան։

Նրանք ընկերներով սկսում են քաղաքական նոր գործընթաց, առաջիկա ընտրություններին էլ լուրջ են վերաբերում․ «Բնականաբար մենք հիմա այդ պրոցեսների մեջ ենք, ես լուրջ եմ վերաբերվում այս հարցին եւ հապճեպ որեւիցե բան չեմ անում, բայց էստեղ մի հարց կա․ առանց խաղի կանոնները փոխելու գնալ արտահերթ ընտրությունների, մեծագույն սխալ է»։

- Ընտրական հին օրենսգրքի մասի՞ն է խոսքը։

- Այո, Սերժ Սարգսյանի ժամանակ կարված այդ խաղի կանոնների մասին է խոսքը։ Եթե երկրորդ անգամ գնացին, պարզվելու է երկրորդ անգամ են Սերժ Սարգսյանի կարած կոստյումները հագնելու։ Ես կոչ եմ անում վերանայել, հատկապես, որ վարչապետը նախորդ տարեվերջին կետեր ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ պետք է արվի։ Նշեց, որ ընտրական օրենսգիրքը պետք  է փոխվի, ասաց, որ հունիսին ես հանդես կգամ հայտարարությամբ, կասեմ՝ ինչ է ստացվել, ինչ չի ստացվել։ Ինչքան էլ, որ ես կարծում եմ՝ արտահերթ ընտրությունները ճգնաժամը հաղթահարելու մեծ հնարավորություն է, ամեն դեպքում այս օրենսգրքով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ես կարծում եմ, որ հնարավոր է՝ ճգնաժամը խորացնել։ Եթե որոշում կայացվի առանց փոխելու գնալ, ապա իմ կարծիքով սա դատապարտելի է, քաղաքական կամքի բացակայություն։ Եվ թաղային խուժանը, եւ՛ ընտրակեղծարարները նորից շանս են ստանալու, որպեսզի ամեն ինչ անեն, որ խորհրդարանում ներկայացվեն մարդիկ, ովքեր ըստ ժողովրդի պատկերացրածի, պետք է չներկայացվեն։

- «Թաղային խուժանը» այս իշխանությունների օրոք չի՞ վերացել։

- Ոչ, չի վերացել, անգամ իմ ընտրությունների ժամանակ գործել է։ Նաեւ այդ ընտրակարագի պատճառով է, որ այդ շրջանակները գործել են։

- Ձեր առաջարկի մասին, երբ խոսեցիք՝ գերիների վերադարձից հետո նոր ընտրությունների գնալու, ասացիք՝ մարդիկ շարժվում են այլ օրակարգով, պետության շահից զատ այլ օրակարգը ո՞րն է։

- Անձնականը․․․ իրենք իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար։ Իշխանությունը վերցնելու խնդիր են ուզում լուծած լինել։ Ես այդպես եմ որակում, որ սա աթոռակռիվ է։ Երբ մարդիկ խոսում են վարչական լծակի օգտագործման մասին, դա իմ համար ուղղակի ծիծաղելի է, դատարանի վրա ճնշման մասին, իրավապահ մարմինների վրա ճնշման մասին։ Էս մարդիկ մտածում են, որ մենք երկարականջ ենք,մոռացել ենք իրենց վարքնուբարքը։ Ես այս իշխանությանը դատապարտում եմ, քանի որ կատարում են քայլեր, որոնք իրենք քննադատել են։

- Դուք ծանոթացե՞լ եք նոր օրենսգրքի փոփոխություններին։

- Ամբողջությամբ՝ ոչ։

- Տեղեկություններ կան, որ հենց հին օրենսգրքով են անցկացնելու արտահերթ ընտրությունները, այդ դեպքում կմասնակցե՞ք դուք Ձեր թիմով։

- Մասնակցության հարցը բնականաբար ձեւավորվելիք կուսակցության համագումարը կամ խորհուրդը կորոշի, բայց ես ասում եմ, որ սխալ է հին օրենսգրքով գնալ ընտրությունների, որովհետեւ դա խնդիր չի լուծի։

- Կուսակցության անուն, համագումարի օր հայտնի՞ է։

- Հիմա չեմ կարող ասել։

- Որեւէ ուժի հետ կոալիցիա կազմելու հարց քննարկվո՞ւմ է։

- Այս պահին որեւէ բան չեմ կարող այդ մասին ասել։