«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցը սկսել են զրոյից քննել

«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցը սկսել են զրոյից քննել

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ներկայացրած հայցը զրոյից են սկսել քննել։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Սուքիասյանին դատի էր տվել՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու եւ պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջով։ Նախկին նախագահը ՔՊ-ական պատգամավորին դատի էր տվել, քանի որ վերջինս ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե  Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»:

Նրա պնդմամբ` կազինոյում մսխվել են բանակի եւ պետության այլ ծախսերի համար նախատեսված գումարները` լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։ Հայցադիմումը դատարան էր մտել 2021 թ. սեպտեմբերի 6-ին եւ մակագրվել դատավոր Սերգեյ Սահակյանին, սեպտեմբերի 15-ին դատավորը հայցադիմումը վարույթ էր ընդունել։ 2022 թ. հունվարի 17-ին ապացուցման բեռի բաշխում էր արել՝ արձանագրելով, որ Սուքիասյանը պետք է ապացուցի իր հայտարարության ճշմարտացիությունը, ինչպես նաեւ, որ այդ հայտարարությունը պայմանավորված էր գերակա հանրային շահով: Այնուհետ դատարանն իր որոշման մեջ փոփոխություն է կատարել՝ լրացնելով այն, եւ Սուքիասյանին պարտավորեցնելով, որ վերջինս ապացուցի, որ «բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը հիմնված է բավարար փաստական կազմի վրա։

2022 թ. մայիսի 4-ին դատարանն ավարտել էր նախնական լսումների փուլը եւ անցել գործի բուն քննությանը։ Դրանից հետո մեկ նիստ է կայացել, երկու նիստ չի կայացել՝ դատավորի վատառողջ լինելու պատճառով, իսկ 2023 թ. մայիսին դատավորին տեղափոխել են Վերաքննիչ դատարան, եւ հունիսի 14-ին գործը տեղափոխվել է այլ դատարան ու մակագրվել դատավոր Կիմա Արզումանյանին: Նա էլ հունիսի 22-ին գործը վարույթ է ընդունել եւ նախնական դատական նիստ նշանակել՝ արձանագրելով, որ հայցադիմումի քննությունը սկսում է ամենասկզբից։