Հասմիկ Ավետիսյան. Արթունիկը

Հասմիկ Ավետիսյան. Արթունիկը

Նվիրվում է հուլիսյան մարտերի եւ 44-օրյա պատերազմի մասնակից Գագիկ Աբրահամյանի եւ 44-օրյա պատերազմի մասնակից Վարդան Ամալյանի հիշատակին։

«Դու իմ փոքրիկ սիրելի, Ու իմ քնքուշ Արթունիկ…»: 

Ձմեռային ցուրտ եղանակ էր։ Լապտերների լույսի ներքո երեւում էին տեղացող ձյան փաթիլները, որոնք՝ կարծես աստղեր, թափվում էին երկնքից՝ ցողի պես նստելով տերեւազուրկ ծառերին ու մայթերին։ Պատուհանների ապակիները գոլորշապատվել էին։ Դրանցից մեկում մի թույլ լույս էր վառվում, քնած էր մի փոքրիկ տղա, իսկ կողքին պառկած մայրը շշնջում էր իր հորինած օրորոցայինը։ Մայրն այն անվանել էր «Արթունիկ», որովհետեւ տղան ոչ մի կերպ չէր համաձայնում քնել եւ իր մեծ ու զգոն աչքերով նայում էր մորն ու ժպտում մանկական քաղցր ժպիտով։

- Ու իմ քնքուշ Արթունիկ,- քթի տակ մրմնջում էր խրամատում նստած բարձրահասակ, գեղեցկատես զինվորը՝ մի ձեռքով ծնկի վրա պահելով թուղթը, իսկ մյուսով ինչ-որ բան գրելով։ Նրա հսկելու սովոր աչքերը մե՛րթ ուղղվում էին երկինք, մե՛րթ այն թղթին, որի վրա գրում էր։ Չորս կողմը շիթ-շիթ ծխի մուգ քուլաներ էին բարձրանում՝ մշուշապատելով երկնակամարը։ Թեպետ աշուն էր, բայց արեւն ասես հօդս էր ցնդել։ Քաղաքը ծածկվել էր մութ ամպերով։ Զինվորը շարունակում էր գրել։ 

«Մամ ջան, ես լավ եմ։ Միանգամից ասեմ, որ վտանգավոր տեղում չեմ։ Ընկերներով միասին ենք։ Գիտես, մամ, երեկ երեկոյան նշեցինք Հենոյիս ծնունդը՝ վաֆլիով ու խտացրած կաթով։ Էնքան էր ուրախացել»։ Հանկարծ ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը։ Զինվորը լարեց լսողությունը։

Նրան թվաց, թե լսում էր հեռվից մոտեցող խուլ աղմուկ։ Հայացքն ուղղեց երկինք, բայց ոչինչ չտեսավ։ Ուզում էր գրել, երբ հեռվից սուրալով՝ խրամատին էր մոտենում մի երկաթե թռչուն։ Իսկույն արթնացրեց ընկերներին, եւ հրետանու՝ մեկը մյուսին հաջորդող կրակոցները մաս-մաս արին թռչնին։

- Լավ հասցրինք, Գագ,- ասաց զինվորներից մեկը,- իզուր չի, որ քեզ Արթունիկ են անվանում։ 
Գագիկը ժպտաց։

- Լավ,- ասաց նա,- քանի խաղաղ է, հանգստացեք։ Գագիկը մեկ անգամ էլ զննեց շուրջն ու նորից նստեց իր տեղում՝ հայացքը երկնքին։

Վրա էր հասել գիշերը։ Ծխի շերտերը միաձուլվելով մթության հետ՝ թանձրացնում էին խավարը, բայց երկնքում դեռեւս կարելի էր նշմարել մի քանի փայլփլող աստղ։ Գագիկը կլանված նայում էր այդ աստղերին, եւ թվում էր, թե ինչ-որ բան էր փնտրում նրանց մեջ։ Մի պահ այդպես մնալուց հետո նա սկսեց նամակը․ «Տավուշում ամռանն ավելի վտանգավոր էր, քան էստեղ։ Մամ, դու հանգիստ եղիր, սա էլ կհաղթահարենք։ Մամ, կարոտել եմ քեզ։ Երբ քնում եմ, ականջիս այն օրորոցայինն է հասնում։ Ես ամեն պահ զգում եմ ներկայությունդ։ Մամ, դու բոլորից լավ ես ճանաչում ինձ։ Գիտես իմ մասին ամեն ինչ»։ Գագիկը վեր բարձրացրեց հայացքն ու ժպտաց։ «Ես աշխույժ եմ, դե լավ, մի քիչ էլ՝ շատախոս։ Դրա շնորհիվ ես մի լավ ընկեր ձեռք բերեցի՝ Անիին»։ Գագիկը քնքշորեն ժպտաց։ «Մամ, մի անգամ Անիին ասացի՝ Ան ջան, դու իմ քույրն ես։ Ի պատասխան՝ ժպտաց ինձ»: Գագիկը մտքերի մեջ ընկավ։

Կեսգիշերն անց էր։ Վառոդով հագեցած օդը հետզհետե զովանում էր։ Մթությունը ճեղքելով՝ իր լուսային ցոլքերն էր արձակում լուսինը։ Խրամատում, որտեղ մի լապտեր էր վառվում միայն, խմբվել էին հրետանավորները՝ ամեն պահի վտանգի սպասելով։ Գագիկը հաճախ ընդհատում էր նամակն ու ընկերների հետ հսկում։ «Մամ, գիտես, երբ քոլեջից դուրս էինք գալիս, ճանապարհին ինչքան էինք ծիծաղում, մանավանդ, երբ Վարդանն էլ էր մեզ հետ լինում։ Ես ու Վարդանը շատ տարբեր էինք, բայց մի բան մեզ միավորում էր՝ հումորի զգացումը։ Վարդանն էնքան հաջող նմանակումներ էր անում, որ ծիծաղից թուլանում էինք։ Առավել շատ ծիծաղում էինք հայտնի «Դոն Կոռլեոնեի» նմանակման վրա։ Վարդանն էլ ինձ պես հիմա հայրենիքն է պաշտպանում։ Այդ ճանապարհը մեր ընկերության անխոս վկան էր։ Ես աննկատ  վերցնում էի Անիի մազակալն ու ամրացնում խանութի բարձր ճաղավանդակին։ Մի քիչ բարկացնում էի նրան, հետո վերադարձնում մազակալը, բայց մի անգամ ես այն օրերով թողեցի այնտեղ։ Բոլորին հրաժեշտ տալուց հետո ես ու Անին շարունակում էինք ճանապարհը մի որեւէ քաղցր բան ուտելով ու շատախոսելով։ Մի առավոտ մեր երթուղայիններն իրար կողքի կանգնեցին, եւ ապակու ետեւից մենք բարեւեցինք միմյանց։ Բա մարտի ութը»։ Գագիկը ցածրաձայն ծիծաղեց։ «Աչքերիս առջեւ է Անիի զարմացած դեմքը, երբ վարդերի մի մեծ փունջ նվիրեցի իրեն»։ Լուսինը մի պահ լուսավորեց Գագիկի շողացող դեմքը։
«Ես շատ էի կապվել Անիին, մամ։ Օրս չէի պատկերացնում առանց նրա։ Մենք ժամերով զբոսնում էինք, խոսում ամենատարբեր թեմաներից, կատակում ու ծիծաղում միասին։ Մամ, քեզ մի գաղտնիք բացեմ։ Սուրբ Սարգսի տոնին աղի բլիթ էի կերել ու երազումս նրան տեսել։ Մամ, էս պատմությունը քեզ չեմ պատմել, չէ՞։ Մի օր մենք սկսեցինք խոսել հոգիներից եւ պատմություններ պատմել։ Ես, որ ակտիվ պատմողներից էի, հաջորդ օրը գնացի ու ասացի․ ձեր արածը ձեր դուրն եկա՞վ: Ամբողջ գիշեր չեմ քնել։ Ձայներ էի լսում։ Թվում էր, թե կողքիս մեկը կա։ Պտտվեցի ու ինքս ինձ հայելու մեջ տեսա։ Էս ամեն ինչը՝ մթության մեջ, հասկանո՞ւմ եք: Երեխեքը  փռթկացին։ Խոստովանում եմ՝ իրոք վախեցել էի»։ 

Գագիկը ցած դրեց գրիչը եւ սկսեց դիտել երկինքը։ Նրա սիրտն ուժգին տրոփում էր։ Շփեց ճակատը, մի քանի անգամ խորը շունչ քաշեց ու ձեռքն առնելով գրիչը, նախկինից ավելի արագ սկսեց գրել, ասես շտապում էր ավարտել. «Մամ, դու գիտես, թե ես ինչքան եմ քաղցրավենիք սիրում։ Անին ամեն օր կոնֆետներ էր ինձ բերում։ Ես էլ իրեն էի նվիրում։ Մամ, մենք էնքան լավ էինք հասկանում իրար, բայց մի օր նեղացանք միմյանցից ու չհասցրինք հաշտվել։ Մամ, երբ վերադառնամ, առաջին հերթին հաշտվելու եմ նրա հետ, խոստովանելու եմ սրտումս եղածի մասին ու նվիրելու եմ այն ծաղիկը, որ զբոսնելիս չհամարձակվեցի նվիրել»:

- Տագնա՜պ, - բացականչեց զինվորներից մեկը։ 

Գագիկը ցնցվեց, արագորեն գրպանը դրեց նամակը եւ նետվեց առաջ։ Չորս կողմից կրակոցներ էին տեղում։ Ռումբերը մի ակնթարթում ցրել էին խավարը։ Երկինքը գրոհել էին երկաթե թռչունները, որոնք, սպանված որսի պես, ընկնում էին հրանոթների կրակոցների տարափի տակ։ Հարձակման ժամանակ հրամանատարը վիրավորվեց։ Նրան հասցրին խրամատ։ Գագիկը փոխարինեց նրան։ Նա չորս զինվոր ուղարկեց՝ հարեւան դիրքերը պահպանելու, եւ դեռ մի քանի մետր էլ չէին հեռացել, երբ տեսան, թե ինչպես հանկարծակի հայտնված երկաթե թռչունը խոցեց այն խրամատը, որտեղ գտնվում էին հրամանատարը, Գագիկն ու իրենց մյուս ընկերները։ Հողի մի թանձր ալիք բարձրացավ, ու ամեն ինչ մթնեց, բայց իսկույն էլ լուսավորվեց։ Երկինքը մաքուր էր, եւ այդ մաքրության մեջ թեւածում էին թռչունները։ Ներքեւում փթթում էին ծաղիկներն ու ծառերը։ Այս ներդաշնակության մեջ բազմաթիվ զինվորների հետ միասին զբոսնում էր Գագիկը՝ երգելով․ «Դու իմ փոքրիկ սիրելի, Ու իմ քնքուշ Արթունիկ…»:

«Մամ ջան, ես հիշում եմ այն օրորոցայինը, որ ամեն գիշեր երգում էիր ինձ համար, իսկ ես համառորեն արթուն էի մնում։ Ես հիմա էլ եմ այդպիսին, բան չի փոխվել։ Դու հանգիստ քնիր, մամ, ես այստեղ եմ, առաջվա պես հսկում եմ։ Քո Արթունիկը միշտ արթուն է»:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ