Եթե լավ բանակցողներ լինեն, ոչինչ կորած չէ
Հարցազրույց Հայաստանի առաջին՝ 1990-1998թթ․ տրանսպորտի եւ կապի նախարար, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ
Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հասկացվեց, որ նա համաձայն է դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացին․ «Ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է հետեւյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձեւավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքներով: Այդ թղթի մեջ գրված չի լինելու, որ սահմանն անցնում է այստեղով, այստեղով»։ Այսինքն՝ Հայաստանի ապագան կախված է լինելու նրանից, թե ովքեր կընդգրկվեն սահմանազատում իրականացնող հանձնաժողովի կազմում։ Ովքե՞ր պետք է ընդգրկվեն հանձնաժողովում, եթե Ձեզ նման առաջարկ լինի, կհամաձայնե՞ք՝ հարցրինք Քոչինյանին։
- Դժվար թե ինձ նման առաջարկ անեն։
- Թերեւս իրավացի եք, Ձեր պնդումները, որ Գորիս-Կապան ճանապարհը չի անցնում Ադրբեջանի տարածքով, չի համընկնում պաշտոնական տեսակետին։
- Այնուամենայնիվ, ես պատրաստ եմ իմ վատ գիտեցածն ազգի օգտին ծառայեցնել՝ հանձնաժողովն այդ նպատակը պետք է ունենա։ Որքանով լսելի կլինի իմ ձայնը, չեմ կարող ասել։ Վերադառնալով առաջին հարցին՝ նշեմ, որ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն ազգի շահով ապրող մարդիկ, այսինքն՝ բարոյական կողմն է պետք ապահովել, «միայն հանուն ազգային շահի»՝ այս գիտակցությամբ է պետք առաջնորդվել։ Երկրորդ․ անհրաժեշտ է տեսական եւ փորձնական գիտելիք ունեցող մարդկանց ընդգրկել, որովհետեւ խնդիրը քարտեզի վրա մի կետ նշելը չէ, տեղանքում պետք է շարժվել, նայել։ Քանոնը չեն դնելու եւ ուղիղ գիծ քաշեն, տեղեր կան, որ տեղանքն է ստիպելու աջ կամ ձախ շարժվել, կան փոխադարձ շահեր, մի տեղ պետք է մի կողմը շահի, մյուսը՝ զիջի, եւ ձեւավորված իրողություններից ոչ մի կերպ չպետք է հրաժարվել։ Դիցուք, պետք է ապացուցել, որ եթե Գորիս-Կապան ավտոճանապարհ է կառուցված, 60 թվականին հենց այնպես չեն վերցրել ու Ադրբեջանի տարածքում 22 կմ ճանապարհ կառուցել։ Ընդհանրապես, Ադրբեջանի տարածքում չի կառուցվել այդ ճանապարհը։ 1964-ից առայսօր այդ ճանապարհի նորոգում, լայնացում, սպասարկում, շահագործում եւ այլն, Հայաստանն է կատարել՝ Կապանի եւ Գորիսի ճանշինների ուժերով։
- Փաշինյանն ասաց, որ իրենք միլիմետրերով գիտեն, թե ՀՍՍՀ սահմանը որտեղով է անցնում։
- Հիմա գլուխ չգովեմ, բայց ես էլ շատ լավ գիտեմ, հեչ որ չլինի՝ ամեն մետրով 10 անգամ անցել եմ։ Ես հստակ պնդում եմ՝ 60-ականներին, երբ Հայաստանի կառավարությունը որոշում էր ճանապարհ կառուցել, ուրիշի տարածքով չէր կառուցի, այդ ուրիշն էլ չէր թողնի, որ իր տարածքով անցներ, սա նշանակում է՝ հիմնավոր բան է եղել, 60 տարի շարունակ այդ ճանապարհը մենք ենք շահագործել, մենք ենք նորոգել, մենք ենք պահպանել, սպասարկել, մեր պետական բյուջեից գումար հատկացրել։ Դուք կարծում եք, որ պետական բյուջեից տարիներ շարունակ գումար ենք հատկացրել ուրիշի տարածքը սպասարկելո՞ւ համար։ Անհնար է։ Ես օդից չեմ ասում, Խորհրդային Միության մինիստրություններին կից եղել է գեոդեզիայի եւ քարտեզագրման պետական վարչություն։ Եկեք բացենք նրանց արխիվները, տեսնենք՝ այդ ճանապարհը որտեղով է տարվել եւ ինչպես։ Այնպես որ, եթե լավ բանակցողներ լինեն, ոչինչ կորած չէ, մինչեւ վերջին պահը, մինչեւ թանաքը չորանալը պետք է պայքարել, ամեն միլիմետրի համար, չի կարելի ասել՝ դե լավ, այս փոքր կտորի համար չեմ պայքարելու, այդ փոքր կտորներից է ամբողջը գոյանում։
- Ասում են՝ պարտված իշխանությունը դիմադրելու ռեսուրս չունի՝ ինչ ուզեն, կտա։ Ձեր կարծիքով՝ եթե իշխանությունը մնա, բայց պրոֆեսիոնալներ ընդգրկվեն հանձնաժողովում, հնարավոր կլինի՞ մեր շահերն առաջ տանել։
- Հարյուր տոկոսով վստահ չեմ, բայց որ մի բան հնարավոր կլինի փրկել, դրանում համոզված եմ։ Ի վերջո, ախր մեծից փոքր ազգի դավաճան չենք, չէ՞, պիտի պայքարենք, եւ արժե պայքարել, անկախ ամեն բանից՝ հայացքներից, տարիքից եւ այլն։ Նույնիսկ եթե դուռն անընդհատ երեսիդ շփացնելու են, միեւնույն է՝ պայքարել է պետք։ Սա Ադրբեջան-Հայաստան խնդիր չէ միայն, եթե հայկական կողմը փաստերով աշխատի, ուժեղ, հիմնավոր ապացույցներ ներկայացնի, ի վերջո, այս անտեր աշխարհում մեկ-երկու պետություն կգտնվի՝ ասելու, որ հայերը ճիշտ են ասում, եկեք օգնենք այս մարդկանց։
- Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ դեռ պետք է հասկանալ՝ Հայաստանի անկլավներն իրավական ինչ հիմք ունեն։
- Անկախ նրանից, թե նրանք ինչ կասեն, մենք պետք է մինչեւ վերջ պայքարենք մեր իրավունքների համար, որովհետեւ խնդրողի դերը շատ վատ դեր է։ Մի անգամ խնդրողի առաջ մի բան են գցում ու դրանով սահմանափակվում, իսկ պայքարողին, պահանջողին սկսում են հարգել։ Երբ սկսեն հարգել, մի բանի կհասնենք։
- Եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներից ձեւավորի հանձնաժողովը, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ։
- Ըստ իրենց՝ իրենք ամեն ինչ անում են, բայց ես այդ կարծիքին չեմ։
- Տեսակետ կա նաեւ, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի փաստաթղթի ստորագրումն ինքնին նշանակում է փակել Արցախի հարցը, ճանաչել այն Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ կասեք այս մասին։
- Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը շատ երկար գնացող գործընթաց է, երբ ասում ենք՝ Արցախի խնդիրը կփակվի եւ այլն, դա այն չէ, որ երբ նստում են սեղանի շուրջը, գիծը գծում են եւ ասում՝ վերջ։ Դա երկար գործընթաց է, տարիների, եթե ոչ տասնյակ տարիների աշխատանք է պահանջում, քայլ առ քայլ պետք է ճշտել։ Եվ երբ, ի վերջո, իքս ժամանակ հետո 2 պետությունների միջեւ պետական սահման հաստատվի, 2 կողմն էլ ընդունեն, մինչեւ այդ պետք է Արցախի խնդիրն իր դրական լուծումը ստացած լինի։ Իհարկե, հիմա մի քիչ դժվար է «դրական» լուծում ակնկալել, որովհետեւ երբ ուժեղ էինք, հաղթած, դրական լուծման ակնկալիքը շատ ավելի մեծ էր, հիմա՝ չնչին։ Իսկ, Աստված մի արասցե, Արցախն Ադրբեջանի կազմում, կնշանակի՝ այդ տարածքում մի հայ այլեւս չի ապրի։
- Ասուլիսում Փաշինյանը խոսեց ճանապարհների ապաշրջափակման մասին, ասաց, որ հայկական կողմն է շահագրգռված այդ հեռանկարով։ Ինչպե՞ս կգնահատեք հնարավոր ապաշրջափակումը եւ ինչպե՞ս եք պատկերացնում Ադրբեջանը Սյունիքով Նախիջեւանին կապելու կոմունիկացիան, ինչպիսի՞ն պետք է լինի դա։
- Ես «միջանցք» բառը լսել անգամ չեմ ուզում, դա մեզ համար շատ վատ հետեւանքներ կունենա, իսկ ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ես 92-ի օգոստոսի 18-ից, երբ աբխազական գիծը փակվեց, ամեն օր երազել եմ, որ ապաշրջափակում լինի, որովհետեւ իմ կաշվի վրա եմ տարիներ շարունակ դրա ծանրությունը զգացել։ Այդուհանդերձ, ապաշրջափակումն էլ պետք է ոչ թե միակողմանի, այլ երկկողմանի գործընթաց լինի։ Ուղիղ 1 տարի է անցել նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից, շատ բաներ կարող էին արդեն կյանքի կոչված լինել, որոնք նյութական ծախս չէին պահանջում։ Մասնավորապես, Այրում կայարանով երկաթուղային հաղորդակցություն ունենք Վրաստանի հետ, Վրաստան-Ադրբեջան հոյակապ երկաթուղային հաղորդակցություն ունեն եւ Ադրբեջան-Ռուսաստան՝ նույնպես, ոչ մի բան չէր խանգարում, որ 2 օր բանակցեին, փաստաթուղթ ստորագրեին, մշակեին ռեժիմ, որ հայկական բեռները կամ Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող բեռներն այդ երկաթգծով արդեն իսկ աշխատեին։ Ադրբեջանը դա կարող էր որպես առաջին քայլ անել եւ հայտարարեր, որ սպասում է պատասխան քայլի։ Չի կատարվել։ Ադրբեջանը մինչեւ վերջ մեզ շանս չի տալու, մինչեւ չտեսնի իր բոլոր ցանկությունները կատարված։
- Որո՞նք են նրա ցանկությունները։
- Որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանն ուղիղ հաղորդակցություն ունենան՝ կլինի Նախիջեւանով, թե․․․ Ես ամենահավանականը Նախիջեւանով ճանապարհն եմ տեսնում։
- ՀՀ իշխանությունները մի կողմից դրական են գնահատում ապաշրջափակումը, մյուս կողմից դիմադրում են Սյունիքով կապող ճանապարհ տրամադրելուն, եւ ռազմական ճնշումն էլ, թերեւս, այդ խնդրի լուծմանն էր ուղղված։ Ինչպե՞ս հասկանալ։
- Եթե ինչ-որ ճանապարհ պետք է ստեղծվի, դա պետք է անել միջպետական պայմանագրերով, այսպես կոչված՝ տրանզիտ ճանապարհ՝ այս սահմանակետում ձեւակերպում, մյուս սահմանակետում ձեւակերպում, համապատասխան ռեժիմներով, կարգուկանոնով, 2 կողմերին էլ ձեռնտու պայմաններով։
- Բայց Ադրբեջանի ուզածը ճանապա՞րհ է, թե՞ միջանցք, Սյունիքում ռազմական գործողությունները մի՞թե տրանզիտ ճանապարհի համար էին ընդամենը։
- Դե, գիտեք ինչ, մատդ երբ շան բերանն ես մտցնում, ձեռքդ էլ հետն է փորձում տանել․ ադրբեջանցիները, կարծում եմ, նման ձգտումներ ունեն, նրանք կփորձեն առավելագույնը, մենք էլ պետք է փորձենք առավելագույնը։
- «Խաղաղության դարաշրջան» բացելով՝ կարո՞ղ ենք առավելագույնը կորզել, թե՞ պետք է ուժի դիրքերից հանդես գալ։
- Ես կողմնակից եմ կոշտացմանը, որովհետեւ թուրքի հոգեբանությունը, երբ նա դիմացը ուժ է տեսնում, դառնում է շատ փափուկ, իսկ երբ գիտի, որ կարող է հոշոտել, էլ ավելի է գազազում։
- Բայց Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հակառակն էր ասում, որ մեր ամենամեծ խնդիրը «թուրքը մեր թշնամին ա» մտածելակերպն է, դրա համար էլ մենք տարիներ շարունակ «մատաղացու» ենք։
- Իսկ թուրքը մեր ի՞նչն է, մեր թշնամին չի՞, մեր հորեղբոր տղա՞ն է։ Ես խիստ անհամաձայն եմ այդ ձեւակերպման հետ։
Կարծիքներ