Սոչիում եւ Բրյուսելում լինելու են միանգամայն տարբեր օրակարգեր
Լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին տված երկուսուկես ժամանոց առցանց ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց տարբեր բաներից՝ առաջիկա հանդիպումներից մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, եւ իր խոսքն ավարտեց Ադրբեջանին ուղղված հռետորական հարցադրումով, թե արդյոք ուզում են կործանել Հայաստանն ու ցեղասպանությա՞ն ենթարկել մեզ։
Վադիմ Դուբնովը ռուսաս-տանյան այն քաղաքագետներից է, որ հետաքրքրվում ու զբաղվում է Հայաստանի զարգացումներով։ Ի՞նչ հիմնական մեսիջներ էր պարունակում Փաշինյանի խոսքը։ Ռուսաստանցի քաղաքագետն արձանագրում է․ տրվեցին այն հիմնական պատասխանները, որոնք հետաքրքրում են հանրությանը, եւ «նաեւ նա կրկնեց բոլոր այն թեզերը, որոնք պետք է կրկնվեն»։
Հիշեցնենք, որ այդ թեզերից մեկն էլ շնորհակալությունն էր ռուսական կողմին՝ Վլադիմիր Պուտինին, այն բանի համար, որ վերջինս փորձում է կողմերի դիրքորոշումները մոտեցնել, դրանք բերել-հասցնել փոխզիջումների։ Դուբնովն ասում է՝ Ռուսաստանն այս ընթացքում ցույց է տվել, որ լուրջ միջնորդ է։ «Թե որքանով է հաջողվում՝ այլ խնդիր է, բայց այստեղ էլ պետք է հասկանալ, որ որեւէ միջնորդի չի հաջողվել հարկադրել կողմերին։ Միջնորդական ջանքերի հաջողությունը կամ անհաջողությունը պայմանավորված է նրանով, թե ինչպես են տրամադրված կողմերը։ Եվ, հետեւաբար, այն էլ հիմա, սա բավականին ծանր աշխատանք է»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին ուղղված հարցադրումներին, ապա ասաց, որ, այո, մի քիչ էմոցիոնալ ելույթ էր՝ դատելով թարգմանությունից, բայց դրանում որեւէ դատապարտելի բան չի տեսնում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանին ուղղված մասերում Նիկոլ Փաշինյանն առաջարկեց՝ պարզենք, թե որ կողմն է ուզում պատերազմ։ Գուցե այլ կողմե՞ր էլ կան։ Ռուսաստանցի քաղաքագետն այստեղ ՌԴ-ի հասցեին ակնարկներ չի տեսնում։ «Այստեղ չեմ կարծում, որ ինչ-որ այլ աշխարհաքաղաքական տողատակեր կային։ Սրանք, ավելի շուտ՝ ներքին լսարանի համար էին ասված»։
Նաեւ «աննախադեպության ախտանիշով» տառապող Փաշինյանը խոսեց այն մասին, որ առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով կապ է հաստատվել։ Անգամ Վադիմ Դուբնովը գիտի, որ սա նորություն չէ, նման կապ եղել է նաեւ արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Կողմերի միջեւ ամենաանհաղթահարելի տարաձայնությունները վերաբերում են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին։ Այնուամենայնիվ, ո՞րն է միջնորդ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում։ Ըստ Դուբնովի՝ իրավիճակի ոչ կոնֆլիկտայնությունը։ Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն անտրամաբանական համարեց, որ երկրի տարածքում ճանապարհի կազմակերպչական մասը պետք է լինի այն երկիրը, որով այն անցնում է, Ադրբեջանն էլ դեմ է։ «Ռուսաստանի համար մեկ է՝ ինչպես կպայմանավորվեն կողմերը, կարեւոր է, որ ճանապարհը գործի, եւ որ այնտեղ ոչ կոնֆլիկտային վիճակ լինի։ Բայց քանի որ առանց ՌԴ-ի այդ հարցում պայմանավորվածությունը, մեղմ ասած, շատ դժվար ձեռք կբերվի, կարծում եմ՝ այդ ամենի արդյունքում ՌԴ-ն կփորձի կողմերին հակել այն մտքին, որ ինքը վերահսկելու է այն»,-ասաց Վադիմ Դուբնովը։
Ինչպես Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատեց՝ Սոչին կայանալու է նախքան Բրյուսելը։ Ո՞ր մայրաքաղաքի հանդիպումն է ավելի կարեւոր, եւ ի՞նչ օրակարգեր են լինելու այդ՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումներում։ Վադիմ Դուբնովին նաեւ այս հարցն ուղղեցինք։ Ի՞նչ է կարծում՝ Բրյուսելի եւ Սոչիի օրակարգերը տարբերվելո՞ւ են։ «Ես կարծում եմ, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիեւը հետաքրքրված են, որ օրակարգերը տարբեր լինեն, եւ իրականում էլ դրանք տարբերվող են լինելու, Մոսկվայում լինելու է նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերով կոնկրետ խոսակցություն, եւ կարծում եմ՝ շեշտը դրվելու է կոմունիկացիաների եւ սահմանային իրավիճակի վրա։ Իսկ Ժան Միշելի հետ հանդիպմանը, կարծում եմ, ավելի շատ քննարկվելու են հումանիտար բնույթի խնդիրներ։ Եվ, առհասարակ, Ռուսաստանում հանդիպումից հետո ես նման հանդիպման իմաստ այնքան էլ չեմ տեսնում։ Բայց, որպես հումանիտար հարցերի քննարկման հարթակ, տեղի կունենա»։
Հիշեցնենք, որ Հայաստանի արեւմտամետ հատվածը բրյուսելյան հանդիպմանը բոլորովին այլ իմաստ ու նշանակություն է տալիս, սկսած նրանից, որ լինելու է խաղաղության համաձայնագրի կնքում։ Ըստ Դուբնովի՝ ո՛չ Բրյուսելում, ո՛չ Սոչիում նման փաստաթղթեր չեն ստորագրվելու։ «Հնարավոր է՝ Մոսկվայում ինչ-որ հռչակագիր լինի, իսկ Բրյուսելում կլինի Մինսկի խմբի համանախագահության վերբեռնման ինչ-որ մի փորձ։ Երեւի էլի ինչ-որ հայտարարություն, բայց որեւէ լուրջ բան չի ստորագրվելու»։
Եթե այն ստորագրվի, ապա այդ ստորագրություններն ինչ-որ իրավական ուժ ունենալո՞ւ են։ Օրինակ՝ որ դրանից հետո Ադրբեջանը Հայաստանի որեւէ տարածքի նկատմամբ հավակնություններ չունենա։ «Խաղաղության պայմանագիրն իրավաբանական փաստաթուղթ է, որն արձանագրում է կողմերի պայմանավորվածությունները տվյալ պահին, եւ այն երբեմն խախտվում է, որովհետեւ լինում է, որ իրավիճակը փոխվում է, ուստի որեւէ պայմանագիր խաղաղության երաշխիք չէ ո՛չ այս, ո՛չ այն կողմի համար»։
Կարծիքներ