Իշխանական ամնեզիա

Իշխանական ամնեզիա

Ասում են, թե իշխանական ամնեզիան բնական երևույթ է: Ավելացնեմ՝ եթե իշխանության հասնելը հատկապես տեղի է ունեցել բախտի բերմամբ կամ քաջնազարավարի: Ինչը մոռացնել է տալիս այն ամենը, ինչը տեղի է ունեցել դրան հասնելու ճանապարհին: Եվ մարդը կատարում է այնպիսի բաներ, որ նախկինում չէր էլ երազել: Իսկ եթե մի փոքր բարոյականություն կա մեջը՝ չէր էլ պատկերացնի: Մի ժամանակ մեզանում ընդունված էր ասելը, որ փողն ու իշխանությունը փչացնում են մարդուն: Ավելի ուշ մտածելու ունակներս հասկացանք, որ դրանք ոչ թե փչացնում, այլ բացահայտում են մարդու ներսում թաքցվածը և նույնիսկ թաքնվածը: Այսինքն՝ նրա ներքին էությունը: Ի դեպ, իզուր չեմ տարբերակել «թաքցված» և «թաքնված» բառերը: Որովհետև առաջին դեպքում գիտակցաբար է եղել թաքցնելու գործընթացը, իսկ երկրորդ դեպքում մարդն ինքն էլ չի գիտակցել, թե իրականում ինչպիսին է ինքը: Իզուր չէ նաև, որ Հին Հունաստանից մեզ են հասել «Ճանաչիր ինքդ քեզ և դու կճանաչես ողջ աշխարհը» (և կամ՝ «Ճանաչիր ինքդ քեզ և դու կտիրես ողջ աշխարհը») ասույթները:

Ինչևէ, երբ որևէ միջակ անձնավորություն հասնում է անվաստակ իշխանության, փառքի և կամ հարստություն է կուտակում, մոռանում է իր նախկին կյանքը: Ինչպես նաև այն կարգավորող սկզբունքները՝ եթե այդպիսիք առկա են եղել: Դա ինքնապաշտպանական և ըստ այդմ՝ բնական, հոգեբանական ռեակցիա է: Ուղեղն այդ եղանակով մոռացության է մատնում այն, ինչը կարող է տհաճություն պատճառել իրեն: Եթե ասվածը չէ, ապա ինչի արտահայտություն է վերջին օրերին անընդհատ հնչող «Փողոցով իշխանության չեն գալիս» և կամ «Ընտրված իշխանության մարմիններն ինքնապաշտպանվելու իրավունք ունեն» դատողությունները: Որ, բնականաբար, հնչեցվում են քպական «ազգընտիրների» կողմից: Սակայն մինչ դրանց անդրադառնալը  հիշեցնեմ, որ գոյություն ունի նաև լայն տարածված մեկ այլ դատողություն. «Իսկ ովքեր են դատավորները»: Այն թեև ունի սուրբգրքային ծագում, սակայն հենց այդ տեսքով ներկայացված չէ Աստվածաշնչում: Եվ երրորդ դատողությունը միշտ պետք է ունենանք մեր լեզվի տակ՝ երբ գործ ենք ունենում գործող իշխանության ներկայացուցիչների հետ:

Վերադառնալով առաջին երկու դատողություններին՝ ասենք, որ դրանց հեղինակները հաստատ մոռացել են, որ այն քաղաքական ուժը, որի ներկայացուցիչներն են իրենք, իշխանության է եկել բռնությամբ: Այսինքն՝ փողոցի բռնի ուժով ստիպել է, որպեսզի ժողովրդի քվեներով ընտրված պատգամավորները՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը (Հոդված 94. Ներկայացուցչական մանդատը), քվեարկեն հակառակ իրենց «խղճի ու համոզմունքների»: Եվ չբավարարվելով դրանով՝ արդեն որպես գործադիր իշխանության մարմին՝ այդ քաղաքական ուժի ղեկավարը կոչ է արել շրջափակելու խորհրդարանը, իսկ այնուհետև՝ դատարանները: Իսկ երբ դա հիշեցնում ես իրենց՝ դրանք չքմեղանում են, թե հեղափոխություն է եղել: 

Պատասխանեմ նաև դրան. նախ, ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ ասված չէ հեղափոխության մասին՝ ուրեմն այն լեգիտիմ երևույթ չէր, որպեսզի դրանով արդարացվեր «թավշյա» կոչված, սակայն իրականում բռնի իշխանափոխությունը: Եվ երկրորդ՝ եթե նույնիսկ ապրիորի ընդունենք, որ դա հեղափոխություն էր՝ ավելացնելով, թե ի՞նչ կարող ենք անել, ապա Նիկոլի անձնիշխան տիրապետության դեմ փողոցում ծավալված պայքարն ազգային-ազատագրական է: Չմոռանանք, որ այն կրում է «Սրբազան պայքար» անվանումը: Ինչը գոյության և իր էության մեջ ավելի մեծ լեգիտիմության իրավունք ունի, քան «թավշյա» կոչված արկածախնդրությունը: Որովհետև այն հետապնդում է անկախ ու ինքնիշխան ապրելու իրավունք, ինչն ամրագրված է նույնիսկ միջազգային կոնվենցիաներում: 

Իսկ այսպես կոչված «թավշյա» հեղափոխությունից վեց տարի անց Հայաստանն աստիճանաբար կորցնում է իր ինքնիշխանությունը՝ ծնկի գալով թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ: Դրա դրսևորումները բազմաթիվ են՝ Արցախի կորսուստ, ՀՀ տարածքային կորուստներ, Արարատի պատկերը կառավարության շենքի դահլիճում Արագածով փոխարինելը և այլն: Էլ չասած մարդկային կորուստների մասին: Թուրք-ադրբեջանական պահանջով շուտով կփոխվի նաև ՀՀ Սահմանադրությունը՝ թեև ձև են անում, թե դիմադրում են դրան: Եվ այդ ամենն, ի դեպ, իրականացվում է «ավելի բարձր ինքնիշխանություն» կարգախոսի ներքո: Ավելի մեծ սուտ ու կեղծիք և սեփական ժողովրդի հիմարի տեղ դնելու ավելի մեծ ձեռնածություն (մանիպուլյացիա) մարդկությունը չի մոգոնել: