Այսօր կարևորն այն է, որ մեր ժողովուրդը համախմբվի հանուն Հայաստանի դրոշի, ոչ թե սրա կամ նրա շահերի

Այսօր կարևորն այն է, որ մեր ժողովուրդը համախմբվի հանուն Հայաստանի դրոշի, ոչ թե սրա կամ նրա շահերի

Hraparak.am-ը Հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակի շուրջ զրուցել է «Ազատագրական շարժման» համահիմնադիրներից մեկի՝ Վազգեն Պետրոսյանի հետ։

 - Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված-հայտարարությամբ հանդես եկավ՝ «Ապացուցվածն ու անապացուցելին» վերտառությամբ, որտեղ Հայաստանի երկու նախագահներին և գործող վարչապետին խորհուրդ է տալիս նստել բանակցային սեղանի շուրջ և ելքեր գտնել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կայունացման համար։ Ի՞նչ եք կարծում՝ կողմերը կգնա՞ն համագործակցության։

- Նախ և առաջ, այդ հայտարարությունը, որ Լևոն Տեր Պետրոսյանը արել է, իրականացնում են քաղաքական տարբեր-տարբեր կողմերից՝ նրանք, ովքեր ցանկություն ունեն երկարացնելու և երկարաձգելու Նիկոլ Փաշինյանի կյանքը՝ մինչև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում, որի արդյունքում հայտնի չէ, թե ինչ է ստանալու Հայաստանը, բայց պարզ է, որ Թուրքիան ավելի է հզորանալու տարածաշրջանում։ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը դրա, այսպես ասած, տրամաբանական շարունակությունն է։ Մենք տեսնում ենք և «Բևեռն» է ակտիվացել, և գոյություն չունեցող կուսակցությունների ղեկավարներն են տարբեր հեռուստաալիքներով ակտիվանում և բոլորը խոսում են, որ ինչ էլ, որ անեք՝ ընթացքը գնալու է։ Սա նշանակում է ժողովրդին թևաթափ անել, դնել մի փակուղու մեջ և ասել՝ ճանապարհ չկա։ Սա նշանակում է ժողովրդին մտցնել թունելի  մեջ և  այդ թունելը պայթացնել։ Այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Մինչդեռ իրականության մեջ կա լուծում, և այդ լուծումը կարող է իրականացնել կամքով ուժեղ մարդ։ Նմանատիպ հայտարարություն անողները Հայաստանում Արևմտյան թևին պատկանող խմբերն են։ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարությունը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շարունակությունն էր՝ ապրիլի կեսերին արված խորհրդարանում։ Երբ ասում է՝ «միջազգային ուժերը պարտադրում են, որ մենք Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնենք»։ Տենց բան չկա և չի էլ կարող լինել։ Ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը նշաձողը մեկ անգամ ոչնչացրեց, երբ 1991 թվականին հրաժարվեց Արցախը միացնել Հայաստանին։ Ինքը այդ լոզունգով եկավ իշխանության գլուխ։ Բայց իշխանության գլուխ գալուց հետո, անմիջապես այդ լոզունքը ոչնչացրեց և դրանից հետո Արցախի  գոյությունը դրեց հարցականի տակ։ Մենք այդ սխալը պետք է ուղղենք, և պետք է ուղղվի մեկընդմիշտ։ Չի կարող այդ սխալն անընդհատ շարունակվել։ Եթե ուզում ենք Արցախի հարցը լուծվի, հայ ժողովրդի անվտանգության հարցը լուծվի, պետք է սկսենք շարունակել բանակցությունները, բայց ոչ այն ձևով, և այն բովանդակությամբ, որ անում է Նիկոլ Փաշինյանը։ Պետք է շարունակել այլ կերպ՝ այլ ուղիով և զուգահեռաբար հզորացնել հայկական բանակը, հզորացնել հայկական արտաքին գործերի նախարարությունը, որից այսօր ոչ մի հայկական հոտ չի գալիս, հզորացնել ազգային անվտանգության ծառայությունը և  դարձնել հայկական, ոչ թե օտարի տիրապետության տակ պահել։ Ինչ վերաբերում է երկու նախագահների և վարչապետի՝ մեկ սեղանի շուրջ նստելուն և համագործակցությանը, չեմ հավատում դրան։  Որովհետև դա կնշանակի, որ նրանք չունեն սկզբունքներ։

- Իսկ դուք տեսնո՞ւմ եք այսօր քաղաքական որևէ ուժի մեջ լիդեր։

- Այսօրվա ընդդիմության ներկայացուցիչների մեջ անձամբ ես չեմ տեսնում որևիցե մեկին՝ լիդերի դերում, որը կամք ունենա և այդ ամեն ինչի դեմն առնի։ Բայց անհնարին չի։ Խորհրդարանական ընդդիմությունը, որն այսօր ընդդիմանում է Նիկոլին և Հայաստանի, այսպես ասած, թրքացմանը, պետք է օգնել ամեն կերպ։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են Հայաստանի, հայրենիքի մասին, պետք է դուրս գան փողոց։ Եթե իրենք դուրս չգան փողոց և տեր չկանգնեն հայրենիքին, հայկական շահին, վստահ եղեք, որ այդ իրենց իրավունքին տեր կլինեն ուրիշները։ Երբ մեր ժողովուրդը դուրս գա փողոց, և տեր կանգնի իր շահերին, ինքը կկարողանա պարտադրի և խելքը գլխին ղեկավար բերի իշխանության գլուխ։ Եվ այդ անձը կարող է կարգավորել ամեն ինչ։ Կարելի է շարունակել բանակցությունները և Ադրբեջանի հետ, և Թուրքիայի հետ, բայց ոչ թե շտապողական, այլ դանդաղեցնելով։ Ոչ մեկը չի կարող մեզ պարտադրի՝ արագացրեք։ Ով ուզում է լինի դա, ուզում է լինի Միացյալ Նահանգները, ուզում է լինի Մեծ Բրիտանիան։ Այսօր կարևորն այն է, որ մեր ժողովուրդը համախմբվի հանուն Հայաստանի դրոշի, ոչ թե սրա կամ նրա շահերի։

- «Ազատագրական շարժումը» փողոցային պայքարը շարունակելո՞ւ է։

- Միանշանակ, մենք մեր պայքարը շարունակելու ենք։ Այս պայքարի ընթացքում, այս բողոքների, ակցիաների ընթացքում, վստահ եղեք, որ ծնվելու են նոր լիդերներ, նոր մարդիկ են ի հայտ գալու, և այդ նոր մարդիկ են, որ կարողանալու են երկիրն այս վիճակից հանել։ Անկախ ամեն ինչից մեր հայությունը 2.5 միլիոն է մնացել Հայաստանում։ Եվ այդ 2.5 միլիոնն են որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը գալիք մի քանի հարյուր տարվա կամ հազարամյակների համար։ Մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ և դուրս գանք այս փակուղուց։ Բոլորը փորձում են մեզ մտցնել փակուղի և ասել, որ մարդ չկա։ Մեր ժողովրդի արգանդը չի չորացել, այն դեռ ծնում է հերոսներ։ Ծնում է նժդեհներ, Դավիթ բեկեր, Զորավար անդրանիկներ։