Հաջորդ հարվածը հասցվելու է Հայաստանին, եւ շատ վատ է, որ Փաշինյանը չի գիտակցում դա

Հաջորդ հարվածը հասցվելու է Հայաստանին, եւ շատ վատ է, որ Փաշինյանը չի գիտակցում դա

ՀԱՄԱՍ-իսրայելական պատերազմի, դրա հետեւանքների եւ տարածաշրջանում տիրող վիճակի մասին «Հրապարակը» զրուցել է լիբանանցի քաղաքական վերլուծաբան Ջամալ Վաքիմի հետ։

- Ի՞նչ իրավիճակ է հիմա պատերազմական գոտում։ Ի՞նչ տեղեկություններ են Ձեզ հայտնի։

- Իսրայելի իշխանությունները հայտարարում են, որ մեծ հաջողություններ են գրանցել Գազայում՝ ցամաքային օպերացիայի ընթացքում։

- Ի՞նչ եք կարծում՝ ՀԱՄԱՍ-ն ի վիճակի կլինի՞ դիմակայել Իսրայելին։

- Մինչ այժմ Իսրայելը որեւէ լուրջ ռազմական հաջողություն, որպես այդպիսին, չի գրանցել՝ Գազայի տարածքում ցամաքային օպերացիա սկսելուց հետո։ Բացի այդ, նրանք ծանր կորուստներ են ունենում, եւ դա է պատճառը, որ թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը եւ կոտորած անում՝ փոխանակ իրենց ռազմական կորուստները լուսաբանեն, որպեսզի այդ աղմուկի տակ թաքցնեն իրենց ռազմական կորուստները։ Ինչ վերաբերում է ՀԱՄԱՍ-ին, ապա նրանք լավ են պատրաստվել այս պատերազմին՝ այլ խմբավորումների հետ միասին, լավ են պայքարում այս ճակատամարտում, կարողանում են դիմակայել շատ ծանր գրոհներին եւ կարող են դիմադրություն ցույց տալ շատ երկար ժամանակ՝ ամիսներ շարունակ։ Սա հստակ է, ու նաեւ դա է պատճառը, որ Իսրայելը որեւէ խոշոր նվաճում չի գրանցում։

- «Հեզբոլլահի» ղեկավար Նասրալան ելույթ ունեցավ Գազայի վրա հարձակման վերաբերյալ եւ հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատասխան կտա Գազայի դեմ սկսված պատերազմի համար։ Խնդրում եմ՝ առանձնացրեք նաեւ այն կարեւոր ուղերձները, որոնք Նասրալան հնչեցրեց իր ելույթում։

- «Հեզբոլլահն» Իսրայելի դեմ պայքարի մի մասն է կազմում, սակայն չեմ կարծում, թե «Հեզբոլլահն» ավելի կլարի իրավիճակն Իսրայելի դեմ ավելի լայնածավալ ռազմական գործողություններ սկսելով, եթե, իհարկե, Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ չսկսի առարկայական հաղթանակներ տանել, ինչն այս պահի դրությամբ դեռեւս իրատեսական չէ։ Այնպես որ, կարծում եմ՝ «Հեզբոլլահն» այս պահին Իսրայելի դեմ դեռեւս ուղիղ կոնֆրոնտացիայի դուրս չի գա։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին ուղղված ուղերձին, ապա «Հեզբոլլահը» շատ լավ կազմակերպված հզոր ուժ է եւ տարածաշրջանում իր դաշնակիցների հետ կարող է ռեգիոնում ներկայացված ամերիկյան ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսել, եթե Միացյալ Նահանգները կամ Իսրայելը որոշեն ռազմական գործողությունների արեալը լայնացնել ու ռազմական գործողություններ ծավալել Գազայի դիմադրության տարածքից դուրս։

- Եմենը եւս հայտարարեց Իսրայելի դեմ պատերազմ սկսելու որոշման մասին։ Ի՞նչ եք կարծում՝ մյուս արաբական երկրները ե՞ւս կմիանան այս պատերազմին։

- Եմենցիները վստահ են իրենց ուժերի վրա, նրանք ունեն լայն հնարավորություններ՝ մեծ հեռավորության վրա գործող դրոններ, որոնք կարող են հարվածել եւ պարալիզացնել Իսրայելի հարավային հատվածը։ Դա է պատճառը, որ իսրայելցիները մտահոգված են եմենցիների ներգրավվածությամբ։ Բացի այդ, սա կարող է քաջալերել ու ոգեւորել մյուս արաբական երկրներին կամ խմբերին՝ իրենց դիմադրությունը բարձրացնել Իսրայելի դեմ՝ հարաբերությունների կարգավորման գործընթացները սառեցնելով կամ կամավորականներին Իսրայելի կամ ԱՄՆ-ի դեմ պայքարի մեջ մտցնելով։ Ինչ վերաբերում է արաբական երկրներին, ապա ես կարծում եմ, որ արաբական երկրների առաջնորդները պարալիզացված են, նրանք չեն կարող աջակցություն ցույց տալ պաղեստինցիներին, քանի որ գտնվում են Միացյալ Նահանգների անմիջական վերահսկողության ու հեգեմոնիայի տակ։

- Սա միայն պաղեստինաիսրայելակա՞ն պատերազմ է, թե՞ արտաքին դերակատարների շահեր էլ կան ընդգրկված այս կոնֆլիկտում։

- Սա միայն իսրայելապաղեստինյան հակամարտություն չէ, սա հակամարտություն է, որտեղ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փորձում են ամբողջովին ձեւափոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը՝ Իսրայելի շահերին համապատասխան, եւ որպեսզի Իսրայելն այս տարածաշրջանում թելադրողը դառնա։ Սակայն կարծում եմ, որ նրանք չեն հաջողելու՝ անկախ իրենց ձեռնարկած բոլոր քայլերից։ Դիմադրության խմբերն Իրաքում, Սիրիայում, Լիբանանում կասկածի տակ են դնում, որ նրանք կկարողանան հասնել իրենց նպատակին․ այդ հակամարտությունը շատ երկար է տեւելու։

- Այս հարցում Իրանի դիրքորոշման առնչությամբ ի՞նչ կասեք։

- Իրանն աջակցում է դիմադրությանը, աջակցում է Իրաքում, Սիրիայում, Լիբանանում եւ Պաղեստինում դիմադրության խմբերին, սակայն փորձում է ուղղակիորեն հակամարտության մեջ չներգրավվել, եթե, իհարկե, Իսրայելը չհարձակվի Իրանի վրա, ինչն այս պահի դրությամբ իրատեսական չեն համարում։

- Չնայած Էրդողանն Իսրայելին ռազմական հանցագործ է հայտարարում, բայց շարունակում է տնտեսական ակտիվ համագործակցությունը։ Իր ակտիվ դերակատարմամբ Էրդողանն ի՞նչ է ուզում շահել այս կոնֆլիկտում։

- Էրդողանն իր հռետորական շնորհքն է օգտագործում՝ թուրքերի շրջանում իր վարկանիշը բարձրացնելու համար, քանի որ նա ներքաղաքական դաշտում խնդիրներ ունի, սակայն, միեւնույն ժամանակ, իր ռազմավարական համագործակցությունը պահում է Իսրայելի հետ հարաբերություններում։

- Արդյոք զուգահեռներ տեսնո՞ւմ եք Գազայի եւ Արցախի հակամարտություններում։

- Այն, ինչ կատարվում է Գազայում եւ ինչ կատարվեց Արցախում, ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային գեոպոլիտիկ քարտեզի ձեւափոխման քաղաքականության հետեւանքն է, եւ դա է պատճառը, որ ես հավատում եմ, որ Իսրայելին դարձնելով Միջին Արեւելքի հզորագույն երկիր, ԱՄՆ-ն փորձում է օգտագործել Թուրքիային եւ Ադրբեջանին որպես կամուրջ՝ դեպի Կենտրոնական Ասիա։ Եվ սա է պատճառը, որ նրանք ցանկանում էին իրենց վերահսկողության տակ վերցնել Արցախը, որովհետեւ այն սեպ էր Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ, եւ հաջորդ հարվածը լինելու է Հայաստանի ուղղությամբ, ու շատ վատ է, որ Փաշինյանը չի գիտակցում այս փաստը։

- Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս կավարտվի այս պատերազմը։

- Ես կարծում եմ, որ այս հակամարտությունը հարթակ կբացի Միջին Արեւելքում խաղաղության գործընթացների մասին քննարկումների համար՝ Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի ներգրավվածությամբ ու ակտիվ մասնակցությամբ, որը վերջ կդնի Միացյալ Նահանգների մոնոպոլիային, սակայն մենք պետք է սպասենք ու տեսնենք՝ դա ժամանակ է պահանջելու։ Բայց ես վստահ եմ, որ իսրայելապաղեստինյան հակամարտությունն ԱՄՆ-Իսրայել համատեղ ծրագիրն է՝ տարածաշրջանի գեոպոլիտիկ քարտեզը ջնջելու եւ այս տարածաշրջանում Իսրայելին ու ԱՄՆ-ին միակ հեգեմոնը դարձնելու համար։

- Նեթանյահուն հայտարարեց, որ պատերազմի ավարտից հետո իրենք կապահովեն Գազայի անվտանգությունը։ Ի՞նչ է դա նշանակում։

- Նեթանյահուն նպատակ ունի օկուպացնել Գազան եւ այն պահել Իսրայելի ամբողջական վերահսկողության տակ։