Հազար հատ հարց կա լուծելու, ուզում են աշխատեն՝ թող դրանցով զբաղվեն, ոչ թե ընկնեն ժողովրդի ջանին

Հազար հատ հարց կա լուծելու, ուզում են աշխատեն՝ թող դրանցով զբաղվեն, ոչ թե ընկնեն ժողովրդի ջանին

Նորից մեր երկրում անհանգիստ է, եւ մարդիկ գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ են անում: Մի օր Ազատ գյուղի հրդեհից զոհվածների հարազատներն ու նրանց իրավունքները պաշտպանողներն են կառավարության մոտ, երկրորդ օրը պաշտպանության նախարարության նախկին շենքը գրաված անտուն արցախցիներն են Աշտարակի խճուղին փակել, իսկ երեկ՝ հունվարի 25-ին, մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին նախաձեռնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շենքի մոտ, որտեղ «Գեոպրոմայնինգի» հայտնվելուց եւ իշխանության կողմից փայաբաժին զավթելուց հետո կարծես թե խաղաղվել էին մարդիկ եւ հարմարվել իրավիճակին:

Երեկ ԶՊՄԿ աշխատակիցները մի քանի ժամով փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով աշխատակիցներին մտնել կոմբինատ։ Քաջարանցիները պահանջում էին, որ երկու տարի առաջ աշխատանքից ազատվածները նորից աշխատանք ստանան։ Նշենք, որ 2021-ին` ընտրություններից անմիջապես առաջ եւ հետո, աշխատանքից ազատվել էին արտադրամասի պետեր, անվտանգության դեպարտամենտի ղեկավարն ու աշխատակիցները, էներգետիկներ, վարչական աշխատողներ՝ խորհրդականներ, օգնականներ։ Ազատվել էր նաեւ ընկերության խորհրդի նախագահի խորհրդականը։ Տարբեր խոսակցությունների համաձայն՝ աշխատանքից ազատվողները հիմնականում ԶՊՄԿ-ի գլխավոր նախկին տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներն են եղել։

Հիշեցնենք, որ Սյունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրեն ցուցաբերված սառը ընդունելությունից հետո հայտարարել էր, թե պատժվելու են: Ավելի կոնկրետ` մինչեւ հուլիսի 15-ը ընկերությունում չեն աշխատելու նրանք, ովքեր ասել են, թե աշխատանքից կազատեն Փաշինյանի հավաքներին մասնակցողներին։ Փաշինյանը Սյունիքում նաեւ ասել էր, թե առաջիկայում տեղական այն օլիգարխները, որոնք փայ ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, զրկվելու են դրանից։ Ակցիայի մասնակիցները երեկ պահանջում էին նաեւ, որ առողջության վերականգնման համար իրենց փոխհատուցում տրվի։ Նաեւ պահանջ է հնչել, որ բանակից նոր զորացրվածները եւս աշխատանք ունենան կոմբինատում։

ԶՊՄԿ ակցիան երեկ միակը չէր` Երեւանի «Մալաթիա» տոնավաճառում եւս երեկ մեծ իրարանցում էր։ Թեպետ բողոքի ակցիա չէր կազմակերպվել, սակայն աշխատակիցները հարցազրույցներ էին տալիս լրատվամիջոցներին եւ պնդում, որ չեն պատրաստվում լռել։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ինչպես հայտնի է, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կասեցնելու որոշում է կայացրել։ Խոսվում է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեւական ժամանակ առաջ է խախտումներ արձանագրել եւ ժամանակ տրամադրել դրանք վերացնելու համար, սակայն արձանագրված խախտումները վերացված չեն։

«Ո՞վ իրավունք ունի իմ աշխատանքն իմ ձեռքից խլի։ Մենք հացի փող ենք վաստակում ընդամենը, ապրում։ Այսօր էդ ո՞վ կհամաձայնի, որ իրեն պարզապես վերցնեն ու գցեն փողոց։ Ո՞նց են կերակրելու էս ժողովրդին, որ փակեցին շուկան։ Սովետական տարիներին մարդկանց թոշակը կազմում էր մոտավորապես 100-120 ռուբլի, որով մարդիկ կարողանում էին անգամ 4-5 հոգանոց ընտանիք պահել։ Հիմա իմ թոշակը կազմում է 49 հազար դրամ, ո՞նց ապրեմ, դե ասեք։ Ինչ-որ մեկը եկել է, միլիոններ է տակը դնում, ու որոշել են, որ էս տոնավաճառը պիտի փակվի, հա՞։ 30 տարի էս տոնավաճառին ոչ մի բան չի պատահել, ու հանկարծ ինքը եկավ ու որոշեց, որ պատահելու է։ Այսինքն՝ ինքն ի՞նչ է անելու, գիշերով դիվերսիա՞ է անելու, գա այստեղ վառի, հա՞։ Այո, հենց տենց։ Եթե հանկարծ այս որոշումը սկսեն օգտագործել, դա կնշանակի դիվերսիա մեր տոնավաճառի նկատմամբ։ Եթե իրոք նման որոշում կայացնեն, դա կնշանակի, որ դիվերսիա է ոչ միայն տոնավաճառի, այլեւ ողջ էս ժողովրդի նկատմամբ, որին, փաստորեն, ուզում են դուրս հանել»,- ասում էր տոնավաճառի տաղավարներից մեկի աշխատակիցը։

«Թողեք ապրենք, էլի, արա, ի՞նչ եք ուզում մեզնից։ Մենք էլ ռադներս քաշենք գնանք մյուսների պես էս երկրից, որ լա՞վ լինի, է՞դ եք ուզում։ Երկու կոպեկ ենք, էլի, աշխատում, նենց չի, որ միլիոններ ենք դիզում էս անտերով։ Պարզ հաշվարկ արեք, կհասկանաք՝ օրն ինչքան եկամուտ ունենք։ Օրը ընդամենը 2-3 կտոր շոր ենք ծախում, հաց-մաց առնում, գնում տուն, ինչի` էդ ո՞ւմ համար էր գաղտնիք։ Էս երկրի հետ օրը մի վատ բան կատարվում է, սրանք տոնավաճա՞ռ են փակում։ Հազար հատ կարեւոր հարց կա լուծելու, էդքան ուզում են աշխատեն, թող էդ հարցերով զբաղվեն, ոչ թե ընկնեն հասարակ ժողովրդի ջանին։ Էդ ապրանքը, որ բերում ենք, դուք գիտեք, թե մեր ջեբերից ենք դնում, գնում բերում։ Վարկ ենք վերցնում էդ ապրանքը բերելու համար, հիմա ստեղից յուրաքանչյուրը վարկ ունի, որ վերցրել է ապրանք բերելու համար ու բերել է։ Ո՞վ է փակելու էդ վարկերը։ Ի՞նչ, պիտի գնամ փողոցը նստեմ, որ ապրանքս ծախեմ, վարկերս տա՞մ»,- հավելեց մյուս աշխատակիցը։