Աշխարհի առաջնությունը կբոյկոտվի

Աշխարհի առաջնությունը կբոյկոտվի

Երեք օր անց՝  նոյեմբերի 20-ին, Կատարում մեկնարկելու է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Գերմանական «Շալկեի» ներկայացուցիչները այսօր հայտարարել են, որ պատրաստվում են բոյկոտել մրցաշարը՝ պայմանավորված Կատարում մարդու իրավունքների ոտնահարման հետ։ 2010 թվականին Կատարին մրցաշարը անցկացնելու իրավունք տալը գերմանական ակումբի ղեկավարությունը պատմական սխալ է համարում, ավելին՝ նրանք հրաժարվում են լուսաբանել բոլոր հանդիպումները՝ բացառությամբ այն հանդիպումների, որոնց մասնակցելու է թիմի ֆուտբոլիստ Յոսիդան։ «Մարդիկ ֆուտբոլից կարևոր են»,- ասվում է ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

Կատարի հասցեին, հիշեցնենք, բազմաթիվ կոռուպցիոն մեղադրանքներ են հնչել այս առաջնության անցկացման իրավունքը ձեռք բերելու վերաբերյալ, սակայն ՖԻՖԱ-ն պաշտոնապես մերժել է բոլոր մեղադրանքները, թեպետ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպպ Բլատերը 2018-ին խոստովանեց, որ Կատարը օգտագործել է «սև խողովակները»՝ ազդելով կոմիտեի որոշումների վրա։ Կատարը նաև բազմաթիվ քննադատությունների է արժանացել առաջնությանը նախապատրաստվելու համար վարձած օտարերկրյա աշխատողների իրավունքների խախտման համար։