Իշխանություն-ԲՀԿ պատերազմ է հասունանում

Իշխանություն-ԲՀԿ պատերազմ է հասունանում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցի քվեարկությանը։ Երեկ Ծառուկյանը դա բացատրեց այն հանգամանքով, որ «Իմ քայլի» ներկայացրած նախագիծ-դիմումն իրենց բավականաչափ հիմնավոր չի թվում: Միաժամանակ հայտարարեց, որ իրենք դեռ նախորդ իշխանության շրջանում դեմ են քվեարկել Թովմասյանին ՍԴ դատավոր նշանակելու ՀՀԿ-ի նախաձեռնությանը՝ ակնարկելով, որ չեն կարող մասնակցել քվեարկությանը եւ դեմ քվեարկել։

Խորհրդարանի միջանցքում Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությունը «բոլոլա» առաջացրեց «Իմ քայլ»-ում։ ԱԺ նիստին ներկա պատգամավորները շտապեցին հենց դահլիճում ստատուսներով պատերազմ սանձազերծել ընդդիմադիր գործընկերների դեմ՝ վիրավորական ակնարկներ հղելով միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել էին չմասնակցել քվեարկությանը։ «ԲՀԿ-ն չի մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քվեարկությանը։ Այն ամենը, ինչ պետք էր իմանալ ընդդիմության մասին, կամ էս էլ իմացանք»,- գրել է վարչության անդամ Արփի Դավոյանը։ Գայանե Աբրահամյանն էլ շարունակել է թեման․ «Ինչպես Քոչարյանի դատավարությունը, այնպես էլ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի գործընթացն ինքնին լյուստրացիա է, դիրքավորումները հստակ են, քվազիիրավական պարզաբանումները` ապարդյուն»։  

Իմքայլականներն ուղիղ մեկ տարի հետ գնացին՝  հիշելով չարաբաստիկ հոկտեմբերի 2-ը, երբ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ցանկությունը ԲՀԿ-ն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ պլանավորում էր վիժեցնել օրենսդրական մի նախագծով։ «2018թ. հոկտեմբերի 2-ը եւ 2019 թ. հոկտեմբերի 2-ը ճանաչվել են քույր քաղաքներ»,- հեգնել է Արփի Դավոյանը՝ գրառման հեշթեգ ընտրելով ԲՀԿ-ի՝ «ժողովրդի համար» հայտնի կարգախոսը։ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ԲՀԿ-ի դիրքորոշումը քաղաքական է, ինչ ասել է քաղաքական՝ Մակունցը չմանրամասնեց՝ ասելով միայն, որ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու իրենց հիմնավորումներն իրավական են ու պինդ։ 

Իշխանականների հայտարարությունից պարզ դարձավ, որ հարցն իրենց համար «ռազմավարական» նշանակություն ուներ, եւ օդ ու ջրի պես հարկավոր էր խորհրդարանական կոնսենսուսը, իսկ երբ դա չստացվեց, նոր Հայաստանի, ինչպես Փաշինյանը կասեր, խոշոր «սեփականատերերից» մեկի գլխավորած ուժին իմքայլականները կրկին հետ ուղարկեցին սեւերի ճամբար՝ ասելով, թե սա քաղաքական որոշում էր։ Նետված ձեռնոցն անմիջապես վերցրին նաեւ ԲՀԿ-ականները՝ չխուսափելով կոշտ պատասխանից։

ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը մեկ անգամ եւս կրկնեց․ «Մեզ համար խնդիրն ունի զուտ իրավական ասպեկտ, որեւէ քաղաքական ենթատեքստ թող որեւէ մեկը չորոնի, եթե  այդ որոնումների մեջ է, ապա իրեն հաջողություններ չեն սպասվում, քանզի խնդիրն ունի բացառապես իրավական էություն։ Իսկ մենք ասում ենք՝ հեռանկար չկա, որ հաջողվի այդ նախաձեռնությունը, քանզի նախագիծը բավական խոցելի է։ Իհարկե, այս ամենի գնահատականը տալու է ՍԴ-ն»։

Իսկ ինչո՞ւ ԲՀԿ-ն չի մասնակցում եւ դեմ չի քվեարկում։ «Անիմաստ ենք համարում։ Մենք այն ուժը չենք, որ մեխանիկորեն ներգրավվենք այն գործընթացի մեջ հենց միայն նրա համար, որ դա իշխանությունն է սկսել, կամ մեխանիկորեն հակադրվենք՝ նույն նախաձեռնության ակունքը հաշվի առնելով»։ Դիտարկմանը, որ այս հարցը, ըստ ամենայնի, քաղաքական դաշտում լյուստրացիայի էֆեկտ ունեցավ եւ ցույց տվեց՝ որ քաղաքական ուժը որ դաշտում է, Պետրոսյանը պատասխանեց․ «Եթե որեւէ մեկը կարծում է, որ ընդդիմությունն այն է, որ իշխանության ծափի տակ մեխանիկորեն պար գա, մենք ժամանակ առ ժամանակ այդպիսի մարդկանց հիասթափություն ենք պատճառելու»։

Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ ասաց, որ իրենց դիրքորոշումը բացարձակապես քաղաքական չէ, իսկ «Իմ քայլի» նախագիծն էլ իրավականորեն թույլ է․ «Զարմացած եմ որոշակի արձագանքներից, խորհուրդ եմ տալիս ավելի ուշադիր ուսումնասիրել ներկայացվող փաստաթուղթը»։

Ուշագրավ է, որ իմքայլականներն ու ԲՀԿ-ականները մասնավոր զրույցներում փակագծեր էին բացում, առաջինները պնդում էին, թե ԲՀԿ-ն այսպիսով ցույց է տալիս, որ նորերի հետ չէ, նախկինների ազդեցության տակ է, ԲՀԿ-ականներն ասում էին, որ իրենք վախենում են պատասխանատվությունից․ վաղը եթե այլ իշխանություն գա, դատական իշխանության նկատմամբ այս ակնհայտ ճնշումներն անպատասխան չեն մնալու։