Այս գծով գնացող ընդդիմությունը չի կարող նոր ժամանակներում ընդդիմություն լինել

Այս գծով գնացող ընդդիմությունը չի կարող նոր ժամանակներում ընդդիմություն լինել

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով կազմակերպված քվեարկությանը չմասնակցելու մասին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո իմքայլականները գրոհ սկսեցին ընդդիմադիր գործընկերների դեմ։

«ԲՀԿ-ն չի մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քվեարկությանը։ Այն ամենը, ինչ պետք էր իմանալ ընդդիմության մասին, կամ` էս էլ իմացանք»,- իր էջում գրել էր պատգամավոր Արփի Դավոյանը։ Փորձեցինք պարզել՝ որոնք են ընդդիմության մեր օրերի իշխանության չափանիշները, արդյոք «իսկական ընդդիմությունն» ա՞յն է, որը չի ընդդիմանում եւ կողմ է իշխանության բոլոր քայլերին։

- Այլ սպասելիքնե՞ր ունեիք ԲՀԿ-ից, նորմալ չէ՞, որ ընդդիմությունը նաեւ իշխանությանը հակադրվելու համար է։

- Յուրաքանչյուր խմբակցություն ունի դիրքորոշումներ, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն այլ խմբակցությունների դիրքորոշումների հետ։ Իմ գրառումն այս իրավիճակի վերաբերյալ, կարծում եմ, հստակ է։ Կարպ Խաչվանքյանի հայտնի ներկայացման մեջ է, չէ՞, ասվում, իհարկե՝ կոնկրետ չեմ հիշում, բայց ասվում էր․ «Չէ, չէ, այս կողմ, չէ, չէ, այն կողմ․․․»։ Սա հերթական բանն է, տեսնենք ինչ կլինի, այս կողմ կգնանք, տեսնենք ինչ կլինի՝ չէ, չէ, այն կողմ կգնանք։

- Ծառուկյանն ասաց, որ, իրենց իրավաբանների կարծիքով, ձեր նախագծի հիմքերը շատ թույլ են, եւ որ խնդիրը զուտ իրավական դաշտում է։

- Կապված հարցի լրջությունից՝ տեղի է ունենում այս կողմ-այն կողմի կողմնորոշում։

- Այսինքն՝ նկատի ունեք, որ  քաղաքական վերադասավորման  հա՞րց է նաեւ։

- Ես չեմ ասում՝ քաղաքական վերադասավորում, բայց գուցե կարող է նաեւ այդպես լինել՝ ըստ իրենց դիրքորոշման։

- Իսկ ըստ ձե՞զ։

- Ըստ իս՝ մարդիկ աշխատում են կողմնորոշվել, ոչ թե հստակ գիծ տանել, այլ կողմնորոշվել՝ ըստ տվյալ իրավիճակում, ըստ հարմարավետության։ Գուցե իրավիճակն այլ կերպ լիներ, այլ կողմնորոշում ունենային, կոնկրետ օրինակներ չեմ ուզում ասել։

- Նկատի ունեք՝ համոզված չեն, որ նախաձեռնությունը հաջողությամբ կավարտվի, ուստի չեն միանում։

- Ես չգիտեմ՝ իրենք ինչ կասկածներ ու հիմնավորումներ ունեն, հուսով եմ՝ վաղվա նիստում կլսենք։

- Լավ, ի վերջո, կասե՞ք ձեր պատկերացումներն ընդդիմության մասին, եւ ի՞նչ իմացաք, գրել էիք՝ «սա էլ իմացանք»։

- Իմացանք, որ չեն միանում այս նախաձեռնությանը։

- Իսկ դուք ակնկալում էիք, որ պետք է միանա՞ն։ Ինչո՞ւ։

- Որովհետեւ սա կոնկրետ քաղաքական դիրքորոշում է կոնկրետ քաղաքական պրոցեսին, կոնկրետ խմբակցության կողմից դիրքորոշում։

- Դուք չեք հերքում, այսինքն, որ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը քաղաքական պրոցես է։

- ԱԺ դահլիճում ոչ քաղաքական պրոցեսներ չեն լինում։

- Երբ շատերն իշխանականներիդ մեղադրում էին, որ քաղաքական գործընթաց եք տանում դատական իշխանության եւ հատկապես Հրայր Թովմասյանի դեմ, ասում էիք՝ չէ, կան կարգապահական էական խախտումներ։

- ՍԴ-ն ապաքաղաքական կառույց է, սակայն ԱԺ դահլիճում ինչ տեղի է ունենում, դա չի կարող լինել ապաքաղաքական։ Ես հիմա էլ եմ ասում, որ մեր նախաձեռնությունն իրավական է։

- Ամեն դեպքում, չասացիք ձեր պատկերացումներն ընդդիմության վերաբերյալ։

- Իմ պատկերացումներն ընդդիմության հետ կապված՝ նաեւ դասագրքային են ու այն չեն, ինչ գոյություն ունի այս պահին ՀՀ-ում։

- Այսինքն՝ խորհրդարանում ընդդիմություն չեք տեսնում։

- Ցավոք սրտի՝ ոչ։

- Փաստորեն, «Լուսավորից» էլ եք դժգոհ։ Հիմա ո՛չ ձեզ միացողներից եք գոհ, ո՛չ չմիացողների՞ց։

- Ընդդիմություն են, բայց իմ պատկերացրած ընդդիմությունն ուրիշ է․․․ Ես միշտ ասել եմ՝ ընդդիմությունը պետք է տրանսֆորմացվի նոր իրողությունների, ժամանակների հետ։ Պետք է փոխի գործողությունները, դառնա ռեալ քննադատող, ռեալ փոփոխություններ առաջարկող, նախկին ընդդիմությունները միշտ քննադատել են իշխանություններին, որոնք արել են այն, ինչը հանգեցրեց այս օրվան։ Այս գծով գնացող ընդդիմությունը չի կարող նոր ժամանակներում ընդդիմություն լինել։