«Ասեցի՝ սսկվի, վեր ընկի տեղդ». միջադեպ Բագրատյանի ընտրելու պահին

«Ասեցի՝ սսկվի, վեր ընկի տեղդ». միջադեպ Բագրատյանի ընտրելու պահին

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի տպավորությամբ, իշխող քաղաքական ուժը անհանգիստ է, զգում է, որ Երևանում ընտրությունները տանուլ է տալիս:  

«Իշխանության գործողություններում ես ագոնիա եմ տեսնում», - ասաց նա «Հրապարակի» հետ զրույցում: 

Հրանտ Բագրատյանը 148-րդ ընտրական տեղամասում, որտեղ քվեարկել է, ականատես է եղել սկանդալային միջադեպի: «Ես ընտրում էի, բնականաբար, մեզ էի ընտրում, մեկ էլ մի կին վստահված անձանցից գոռաց, թե բա բոլորդ ընտրեք ՔՊ-ին: Հիստերիայի մեջ էր», - պատմեց Բագրատյանը: Հարցին, թե ինչու նրան չտարան ոստիկանություն ընտրատեղամասում քարոզչություն անելու համար, պատասխանեց. «Նայեցի, ոստիկան չկար, ես ուղղակի իրեն ասեցի՝ սսկվի, վեր ընկի տեղդ»: 
Հրանտ Բագրատյանը տեղյակ չէր, թե ինչի համար են քիչ առաջ բերման ենթարկել իր վստահված անձանցից երկուսին: «Նրանցից մեկը՝ նա Մալաթիայում էր, մինչև հիմա ինքն էլ չգիտի, թե ինչու են իրեն տարել: Չեն կարողանում հստակ բացատրեն, թե ինչի համար են բռնել»: 

Կուսակցության կենտրոնական շտաբի ղեկավար Վահան Գալստյանն էլ հայտնեց, որ «Ազատության» վստահված անձանց բերման են ենթարկել ՔՊ-ականների հետ ինչ-որ կոնֆլիկտի պատճառով: «Մենք իրավաբան ենք ուղարկել, կպարզենք, կհայտնենք», - ասաց նա: 

Հիշեցնենք, որ օրերս երկու անգամ հարձակումներ են եղել «Ազատություն» կուսակցության Կապանի գրասենյակի վրա, պոկել են պաստառները: