Հարց Նիկոլին՝ Սյունիքը մե՞րն է, թե՞ ոչ. Իսկ «Իրեւանն» ու «Գոյչե» լի՞ճը

Հարց Նիկոլին՝ Սյունիքը մե՞րն է, թե՞ ոչ.  Իսկ «Իրեւանն» ու «Գոյչե» լի՞ճը

Իսկապես, Սյունիքը մե՞րն է, թե ո՞չ: Եթե մերն է, ապա ինչ իրավունքով է  «կիրթ» Իլհամը խոսում «Արևմտյան Զանգեզուրից»: Եվ եթե Փաշինյան Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊԿ) երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունում «ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ», ապա ինչու է ադրբեջանական տնտեսական բնույթի քարտեզում ողջ Արցախը նշվում որպես «Արևելյան Զանգեզուր»: Շարունակենք հետևել Փաշինյան Նիկոլի խոսքի տրամաբանությանը. եթե ՔՊԿ-ի ստացած «մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում», ապա ինչու է Իլհամը հայտարարում, որ Սյունիքից բացի իրենցն է նաև «Իրեվանն» ու «Գոյչե» լիճը, և իրենք անպայման կվերադառնան այդտեղ: Ընդ որում, սա առաջին հայտարարությունը չէ, առաջին անգամ նման բան է հայտարարվել ուղիղ երեք ամիս առաջ:

Իսկ ինչպես է պատկերացնում Փաշինյան Նիկոլը երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորումն ու տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատումը, եթե Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը նման ռազմատենչ հայտարարություն է անում, և այն էլ արդեն երկրորդ անգամ: Այն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյան Նիկոլը չի համարձակվում որևէ ձևով արձագանքել իր «կիրթ» գործընկերոջ հայտարարություններին, վաղուց արդեն նորություն չէ: Սակայն հասկանալի չէ, թե ինչպես է Նիկոլը Իլհամի նման հայտարարությունների ֆոնին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացած մանդատով վերը նշված փոխհարաբերությունները հաստատելու արևելքի ու արևմուտքի հարևանների հետ: Եթե նման հնարավորություն ընձեռեր նրան իր սիրելի ֆոյսբուքյան հարթակը, ապա խնդիր չէր առաջանա: Սակայն դեռևս չի գտնվել այնպիսի մի մեխանիզմ, որի շնորհիվ տեղի ունենար վիրտուալ (իմա՝ ֆեյսբուքյան հարթակի) և իրական աշխարհների փոխներթափանցում: Եվ հատկապես այն դեպքում, երբ ներթափանցման ենթակա տարրերն ունեն իրար վանող ուղղվածություն: 

Այն, որ իրականությունը հենց այդպիսին է, վկայում են «դժգույն ու դժբախտ» Շուշին ու Արցախի մեծ մասը Ադրբեջանին հանձնելուց հետո ոչ թե խաղաղության հաստատումը, այլ միջադեպերի արձանագրումն արդեն բուն Հայաստանի սահմաններին: Եվ ոչ միայն զոհերն ու գերեվարումները, այլև տարածքներ զբաղեցնելը, ինչի դեմ բացարձակ անկարող է որևէ հակաքայլ ձեռնարկել նիկոլական իշխանությունը: Վերջինիս հույսը բանակցությամբ տարածքները վերադարձնելն է, ինչը, սակայն, ֆանտաստիկայի ոլորտից է: Զավեշտի ոլորտից է, երբ քպկական փոխվարչապետը լուրջ դեմքով փորձում է ունկնդիրներին համոզել, որ իրենք կբանակցեն այնքան, որքան կպահանջվի հարցի լուծման համար: Հարցը կարող է լուծվել, եթե Փաշինյան Նիկոլը համաձայնվի Իլհամ Ալիևի առաջարկած տարբերակին՝ Ադրբեջանին զիջելով «Արևմտյան Զանգեզուրը», «Իրեվանն» ու «Գոյչե» լիճը: Հայաստանին կմնա 10-15 հազար քառակուսի կիլոմետր տարածք, մայրաքաղաք կհռչակվի գողտրիկ Իջևանը, ու Հայաստանը կծաղկի ու կփթթի: Եթե, իհարկե, Նիկոլի «կիրթ» գործընկեր Իլհամը չցանականա իր երկրին «վերադարձնել» ողջ Գեղարքունիքն ու Տավուշը: 

Ինչևէ, ինչպես երևում է, Նիկոլը շարունակում է առաջնորդվել իր «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» տխրահռչակ վտանգավոր թեզով, գիտակցորեն կամ անգիտակցորեն ավարտին հասցնելով միջինասիական տափաստաններից մեր հայրենիք թափանցած թուրքական ցեղերի երազանքը՝ այս տարածքում թողնել մեկ հայ՝ այն էլ թանգարանի համար: Հանուն իր իշխանության երկարձգման նա հոգեբանորեն պատրաստ է թուրքերին հանձնել թեկուզ ողջ Հայաստանը՝ մնալով մի թիզ հողակտորի վարչապետ, միայն թե ինքը չընկնի արդարադատության ձեռքը: Իսկ որ հնարավոր իշխանափոխությունից հետո ինքը կանգնելու է քրեական դատաստանի առջև մեր հայրենիքին պատճառած ողբերգությունների համար, դա շատ լավ է հասկանում: Եվ որպեսզի դա տեղի չունենա, քրեական գործեր է կարել տալիս սյունիքյան համայնքապետերի նկատմամբ, ովքեր զենքը ձեռքին փորձել են պաշտպանել հայկական Արցախը և շարունակում են պաշտպանել հայկական Սյունիքը: Սակայն չեն հպատակվել Նիկոլին ու շարունակում են պայքարել նրա իշխանության դեմ: