Ալիեւի դատարկախոսելը մարմա՞ջ է, թե՞ անհրաժեշտություն

Ալիեւի դատարկախոսելը մարմա՞ջ է, թե՞ անհրաժեշտություն

Թե Իլհամ Ալիեւի մտքով ինչու էր անցել Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին Շուշի հրավիրել, դժվար է ասել։ Հնարավոր է՝ ուշադրություն գրավելու համար, հնարավոր է՝ զոնդաժի համար, թե ԵԱՀԿ Մինսկի խմբից ինչ արձագանք կլինի, հնարավոր է՝ պարզելու համար, թե պատերազմի արդյունքներն արդյոք իր դիրքերը բարելավե՞լ են դիվանագիտական հարթությունում, հնարավո՞ր է սեփական ժողովրդի առջեւ  իլյուզիան պահելու համար, թե պատերազմով ղարաբաղյան հարց է լուծվել։

Սակայն ինչ էլ հաշվարկած լիներ Ալիեւը, արդյունքն իր համար եղավ սպասվածից վատ, առավելագույնս վատ։ Ոչ միայն այն պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները դեմարշ արեցին` Ալիեւի հրավերն անարձագանք թողնելով եւ ուղեւորությանը չմիանալով, այլեւ դեմարշից հետո էլ դեսպանատները երկրորդ անգամ անձամբ Ալիեւին ստորացրին՝ հայտարարելով, թե չմեկնելը դեսպանների զբաղվածության եւ ժամանակացույցի խնդիր էր։ Ասել է թե՝ Ալիեւն ու իր հրավերն այնքան շարքային անձ ու միջոցառում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանների համար, որ երկրի մյուս իրադարձությունների շարքում դիտարկել են եւ երկրորդական են համարել։ 

Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների դեմարշը, ինչպես նաեւ Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների բացակայությունն ուղեւորությունից Ադրբեջանի համար սթափեցնող ապտակ էր, որ ղարաբաղյան խնդիրը լուծած լինելու սեփական պատրանքներին շատ չտրվեն։ Բայց այն, ինչ եղավ հետո, թերեւս անուղղակիորեն Ալիեւին տեղը նստեցնելու համար, Ալիեւի պատկերացրածից էլ վատ էր։

Նախ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին զանգեց ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը՝ վերահաստատելու համար, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի հովանու ներքո, այնուհետեւ Բաստիլյեի գրավման օրը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելեց Փաշինյանին՝ հայտարարելու համար, որ Մինսկի խմբի հովանու ներքո ղարաբաղյան հարցի կարգավորումը  հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո։ Այ, դա արդեն մեկնաբանությունների տեղ չթողնող հարված էր Ալիեւին։ Այո, ԼՂ կարգավիճակի հարց է, բաց է, այն չի դիտարկվում որպես Ադրբեջանի մաս, եւ խնդիրը պետք է լուծվի ճիշտ այնպես, ինչպես 2020-ի պատերազմից առաջ։ 

Ալիեւի համար առանց այն էլ շոկային իրողություն էր, որ 2020-ի պատերազմից ու նոյեմբերի 9-ի ռուս-թուրքական պակտից հետո Հայաստանում ոչ մի խժդժություն տեղի չունեցավ՝ այն դեպքում, երբ առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ  Ադրբեջանը քաղաքացիական բախումներից, հեղաշրջումներից ու ավերակվելուց աչք չէր բացում։ Ալիեւը չի կարող չհամեմատել եւ չտեսնել, թե որքան անտերունչ, ողորմելի ու ինքնակորույս էին իրենք,  ու որքան կայուն ու ինքնատիրապետող էր Հայաստանը։

Ալիեւը չի կարող առանձնակի ստորացված չզգալ նրանից, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստանում ամենաբաց ու ծավալուն դիսկուրս սկսվեց այն մասին, թե ովքեր են Հայաստանի բարեկամները, ովքեր՝ թշնամիները․ ոմանք կատարվածի համար մեղադրեցին Թուրքիային, ոմանք՝ Ռուսաստանին, ոմանք՝ ռուս-թուրքական տանդեմին, բայց համարյա չգտնվեցին մարդիկ, ովքեր Ադրբեջանին համարեին սուբյեկտ կամ դերակատար։ Ադրբեջանն ինքնին անտեսված էր բոլոր դիսկուրսներում։ Վերջապես, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունը որքան էլ անցանկալի ելք ունեցավ, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ ԼՂ-ն Հայաստանի համար խնդիր է, որի  անգամ ընտրությունների վրա կարող է որոշիչ ազդեցություն չգործել, մինչդեռ Ադրբեջանի համար ԼՂ-ն ինքնագիտակցության ու ինքնահաստատման խնդիր էր, որովհետեւ այլ արժեք ու կռվան չունեն։ 

Այնպես որ, ԼՂ պատերազմով Ադրբեջանը Հայաստանին միայն զոհերի կորստյան ցավ է պատճառել, բայց ԼՂ խնդիր երբեք չի լուծել։  Որքան էլ Բաքվի ղեկավարությունը դատարկախոսի, այդ երկրում տեսնում են, որ անգամ ԼՂ շրջակայքի բուֆերային գոտում դեռ երկար որեւէ տեսանելի փոփոխություն չի լինի, տարածքները կմնան  անմարդաբնակ եւ չեն ինտեգրվի Ադրբեջանին։ Եվ դա կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ կարգավիճակը չի հստակեցվել, եւ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորում չի եղել։ 

Իսկ Մինսկի խմբին հակադրվելը Ադրբեջանի արկածախնդրությունն է, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի տարածքների, Երեւանի, Սեւանի կամ Զանգեզուրի միջանցքի մասին օրումեջ երգելը։ Պարզ չէ միայն՝ Ալիեւի մոտ դատարկախոսելը սովորության ո՞ւժ է, թե՞ սեփական ժողովրդի առջեւ իրականությունը սքողելու եւ ԼՂ խնդիրը լուծած լինելու պատրանքը պահելու անհրաժեշտություն։