Ստեղծել Նիկոլին ուսումնասիրող հանձնաժողով

Ստեղծել Նիկոլին ուսումնասիրող հանձնաժողով

Այո, այո, շատ ճիշտ կարդացիք՝ պետք է ստեղծել ոչ թե ապրիլյան կամ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, այլ Նիկոլ Փաշինյանի վարքն ու բարքն ուսումնասիրող հանձնաժողով: Եթե շատ պետք է, որ Անդրանիկ Քոչարյանը գլխավորի այդ հանձնաժողովը, թող գլխավորի, թող ողջ ՔՊ-ն ընդգրկվի այդ հանձնաժողովում, բայց այդ կազմում լինի գոնե մեկ անկախ փորձագետ՝ հոգեբան-խոստովանահոր նեղ մասնագիտությամբ: 

Փաշինյանի վերջին հարցազրույցն ասածներիս օգտին խոսող ամենավառ փաստարկն է: Իրականում տեղի է ունեցել մեծագույն խայտառակություն, իսկ մենք ընդամենը ինչ-որ պատերազմի հանգամանքների հետեւից ենք ընկել: Պատերազմում՝ ինչպես պատերազմում… Նրանք կրակում են, մենք կրակում ենք: Բարդ բան չկա: Նրանք հաղթում են, մենք՝ պարտվում կամ հակառակը: Կարելի է, իհարկե, հետին թվով քննել պարտության պատճառները՝ պատրոն, զրահաբաճկոն, հրամանատար, կարգապահություն չկար, ելակը քչություն էր անում, բայց այդ ամենը բնութագրվում է մեկ բառով՝ «ռազգիլդյայստվո» (разгильдяство), ինչի համար կարելի է մի քանի գեներալի պատժել եւ վերջ: Բայց այն, ինչ տեղի է ունեցել Հայաստան պետության, Արցախի եւ հայ ժողովրդի հետ 2018թ. իշխանափոխության արդյունքում, կարելի է պարզել բացառապես Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից ու հայտարարություններից, որ նա տվել է Պետրոսին եւ ոչ միայն Պետրոսին:

Դատելով Փաշինյանի միայն հետեւյալ հայտարարությունից, կարելի է հստակ ասել, որ նա ՀՀ ղեկն ստանձնելու պահին բացարձակապես գաղափար չի ունեցել, թե որ երկրի ղեկն է ստանձնում: Ահա. «Երբ վերադառնում ենք 1990-1991 թվականների այն մարդկանց խոսույթներին, որ հեղինակ են անկախության, տարօրինակ փաստեր ենք արձանագրում։ Նրանք ասում են՝ ոչ թե մեզ անկախություն է պետք, որովհետեւ ուզում ենք պետություն ունենալ, այլ` անկախ պետություն է պետք՝ ԼՂ հարցը լուծելու համար։ Ահա այստեղ է ամենակարեւոր խնդիրը. առանց ԼՂ հարցի ՀՀ գոյությունն իմաստ չունի, քանի որ այն ստեղծվել է ԼՂ հարցը լուծելու համար»: Բանական հայը կասեր՝ իդիոտություն: Այո, իդիոտություն, ընդհուպ՝ անբացատրելի եւ անմեկնաբանելի: ՀՀ անկախության հանրաքվեին նման հարց դրված չի եղել: Նիկոլը ստում է, Նիկոլն իրեն գժի տեղ է դնում, ուրիշ՝ ոչինչ: Ու մենք այս մարդուն հրավիրում ենք Անդոյի հանձնաժողով, որ «ճշմարիտ» ցուցմունքներ տա 44-օրյա պատերազմի մասի՞ն: Այդ դեպքում մենք ուղղակի ապուշ ենք, Անդոյի հանձնաժողովն էլ՝ մեզ հետ:

Ինքնանպատա՞կ է ստում Նիկոլը… Իհարկե` ոչ: Նիկոլին պետք է արդարանալ եւ մեզ՝ հայերիս, ապացուցել, որ ինքը փրկել է Հայաստանը: Փաստորեն, ինչպես վկայում է մեծ ստախոսը, դրված է եղել ոչ այնքան Արցախի գոյության, այլ Հայաստանի Հանրապետության գոյության հարցը, եւ իրեն հաջողվել է փրկել Հայաստանի Հանրապետությունը: Ասում է՝ Լավրովը եկավ Երեւան ու գնաց Բաքու, Լավրովի հատուկ ներկայացուցիչը եկավ Երեւան ու գնաց Բաքու, հետո այդ ներկայացուցիչն առաջինը գնաց Բաքու եւ եկավ Երեւան… Հետո՞: Լավրովը հազար անգամ Երեւան է եկել ու գնացել Բաքու, ինչ է, Հայաստանի անկախության հա՞րցն են քննարկել: Ի՞նչ կապ ունեն Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական ներխուժումները Լավրովի կամ նրա ներկայացուցչի այցերի հետ: Չլինի՞ Լավրովն ու նրա ներկայացուցիչն են Ադրբեջանին դրդել հարձակվել Հայաստանի վրա: Սա արդեն լրիվ նորություն է, եթե ոչ նոր մանիպուլյացիա՝ ՀՀ կապիտուլյացիայի մեղքը սեփական անձից հեռացնելու եւ ուրիշների վրա բարդելու համար:
Փաշինյանը երեկ եւս մեկ անգամ նշեց, որ իր ստորագրությունը կա 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տակ, որից գրեթե ոչինչ չի մնացել: Ընդամենը 9-րդ կետն է, որ տակավին կարող է իրագործվել՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ ճանապարհների ապաշրջափակումը: Մնացած կետերն ուղղակի չկան… Հիմա՝ հարց «մեծարգո»-ին․ դու այդ փաստաթուղթն ստորագրելուց առաջ կարդացե՞լ էիր, բանակցե՞լ էիր, այո՞, դե ուրեմն քեզ ֆռռացրել են, թլսորել, խաբել, երեխու տեղ դրել: Ի՞նչ ասեմ: Ինչո՞ւ, ուրեմն, համաձայնեցիր այդ ապուշ թուղթն ստորագրելուց հետո հայկական ուժերը հեռացնել այն տարածքներից, ուր թուրքը չէր մտել: Թե բա՝ 25 հազարանոց զորքը փրկել եմ… Գլուխդ պատին ես տվել… 25 հազարանոց զորքով երկիր են պահում եւ ոչ թե շալվարը լցրած փախչում պատերազմի դաշտից: Հիմա եկել՝ արդարանում է, թե Հայաստանի անկախության հարցն էր դրված, ի՞նչ անեի:

Փաշինյանին հանգիստ չի տալիս Պուտինի հայտարարությունը, որ ՀՀ-ն է հրաժարվել ԼՂ-ից, ՌԴ-ին տեղյակ չի պահել, մի բան էլ հայտարարել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է։ Փաշինյանի փոխարեն ես նույնպես կանհանգստանայի, որովհետեւ այն, ինչ ասում է ՌԴ նախագահը, ուղիղ մեղադրանք է, որ եթե հաստատվի, ՀՀ ուզածդ ղեկավարին դաժան դատավճիռ է սպասվում: Փաշինյանն ուզում է ճողոպրել այդ հեռանկարից` այցելում է Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողով, գլխիվայր ներկայացնում 44-օրյա պատերազմի հանգամանքները, ապա գնում Հ1, աղավաղում Արցախի հարցի բանակցային ողջ գործընթացն ու հետպատերազմյան իրադարձությունները, նորանոր մեղավորներ նշանակում, անհոդաբաշխ նախադասություններ ասում, որ տպավորություն ստեղծի, թե ինքն ամեն ինչ արել է ստեղծված իրավիճակից երկիրը փրկելու համար:

Այդ քայլող, հարցազրույցներ տվող փորձանքին տեսնելուց ու լսելուց հետո դեռ հույս կա՞, որ մի աստվածային բան տեղի կունենա, եւ Հայաստանի Հանրապետությունը նրա օրոք կվերագտնի իրեն: Անձամբ ես հույս չունեմ, եւ բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, թե այդ փորձանքին Աստված է մեզ ուղարկել, խոնարհաբար խնդրում եմ՝ աղոթեք, թող Աստված էլ մեզ դրանից ազատի: