Ուսումնասիրվում է Դավիթ Համբարձումյանի մասնակցությամբ միջադեպի տեսանյութը

Ուսումնասիրվում է Դավիթ Համբարձումյանի մասնակցությամբ միջադեպի տեսանյութը

Երեւանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում շարունակվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին ուսումնասիրվեց գործում առկա տեսանյութերը։ Առաջին տեսանյութը հնարավոր չեղավ ցուցադրել՝ տեխնիկական խնդիրների պատճառով։

Երկրորդ տեսանյութը վերաբերում էր Հովտաշատ-Հայանիստ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին։ Տեսանյութից երեւում է, որ ինչ-որ անձանց միջեւ քաշքշուկ է տեղի ունենում։ Իսկ տեսանյութի արձանագրության մեջ նշված է, որ տուժողը ճանաչել է Գոռ Համբարձումյանին, որը Դավիթ Համբարձումյանի եղբայրն է։

Տեսանյութում երեւում է նաեւ Մասիսի քաղաքապետը։

Տեսանյութի վերաբերյալ պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտարարություն արեց, որ տեսանյութը ձեռք է բերվել չբացահայտվող աղբյուրից, ինչը հնարավոր է դարձնում, որ այն ճանաչվի անթույլատրելի ապացույց, ապա նշեց, որ այս տեսանյութում երկու հոգու հրմշտոց է երեւում։

Մեղադրողները պաշտպանի հայտարարության վերաբերյալ նշեցին, որ ցուցադրված տեսանյութն ընդհանուր միջադեպի մի դրվագն է։ Ինչ վերաբերում է ապացույցի թույատվությանը, ապա, ըստ դատախազի, այն  ձեռք  է բերվել պատշաճ ընթացակարգով։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։