Մեզ հատկացված դերը՝ թշնամու տնտեսական կցորդ

Մեզ հատկացված դերը՝ թշնամու տնտեսական կցորդ

Բաքուն շարունակում է դժգոհել, որ Երեւանը տորպեդահարում է «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները, զուգահեռաբար՝ նոր պլացդարմներ է զբաղեցնում Սյունիքում։ Ինչպես հայտնի է, վերջին մեկ ամսում թշնամին էապես խորացել է Ներքին Հանդ բնակավայրի մոտակայքում, բացի այդ՝ Վարդենիսի ուղղությամբ հրադադարի խախտման կեղծ հաղորդագրություններ է տարածում, որ ապագա հարձակման համար «լեգիտիմ» հիմքեր ունենա։ Այս պահի պլան մինիմումը՝ Սյունիքով թուրք-ադրբեջանական ցամաքային միջանցքի բացումը, Բաքվի եւ Անկարայի ռազմավարական խնդիրն է, որին կփորձեն հասնել ամեն գնով։ Սակայն փաստացի Հայաստանի տարածքով անցնելիք այդ ճանապարհը ոչ թե ապաշրջափակելու, այլ ավելի է խորացնելու մեր տնտեսական մեկուսացումն ու թշնամական անարյուն էքսպանսիան։

Որեւէ երկրի հետ չմիջնորդավորված առեւտրաշրջանառություն սկսելուց առաջ անհրաժեշտ է նախեւառաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ, իսկ եթե այդ երկիրը փաստացի թշնամական քաղաքականություն է վարում քո դեմ, պետք է խաղաղության մթնոլորտ ստեղծել, ապա դա ամրագրել պայմանագրով։ Հայաստանն այսօր ոչ միայն չի վերահսկում սեփական ինքնիշխան տարածքը, այլեւ ի զորու չէ ասելու՝ որտե՞ղ են սկսվում եւ ավարտվում Ադրբեջանի հետ մեր սահմանները, էլ չասած Արցախի մասին։ Ի՞նչ հիմքով է խոսվում տնտեսական փոխգործակցության մասին, երբ քաղաքական հատույթում պաշտոնական Երեւանը նվաստ եւ անարժանապատիվ կարգավիճակում է՝ զուրկ անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն իրականացնելու վճռականությունից, որով պետք է մնար զբաղեցրած դիրքերում եւ կամ բոլոր գերիների անվերապահ հայրենադարձում պահանջեր։

Հայկական պետականությունն այսօր թուլացած է առավել, քան երբեւէ, հետեւաբար՝ ոչ միայն արտաքին կամ ռազմական, այլեւ ներքին կամ տնտեսական անվտանգության որեւէ երաշխիք գործունակ չէ։ Մինչ Ադրբեջանն ու Թուրքիան լայնորեն օգտվում են ռուս-ուկրաինական պատերազմի սողանցքներից եւ բարելավում մակրոտնտեսական ցուցանիշները, մեծացնում արտահանման եւ գյուղատնտեսության պետական սուբսիդավորումը, Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է։ Հետընտրական մեկ տարում այդպես էլ չեն հաղթահարվել ներքաղաքական անորոշությունը, պատերազմի հետեւանքները, ներքին անկայունությունը, ներդրումային դաշտը շարունակում է մնալ խիստ ռիսկային։ Հայաստանում անտեսված են տնտեսական կայունության հիմնարար օրինաչափությունները, թվում է՝ շարունակական ցնցումների դեպքում ինչ-որ հրաշքով տնտեսական աճ ենք ունենալու։

Շարունակում է հետաքննության կարոտ մնալ Փաշինյանի օրոք իրականացված ենթադրյալ կոռուպցիոն գործարքներից խոշորագույնը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնեմասի նվիրաբերումը կառավարությանը։ Քանի որ Սյունիքն ամենաընդդիմադիր մարզն է, Փաշինյանն էլ՝ շարքային քինախնդիր, նա փաստացի գլխատել է մարզի կարեւորագույն հանքարդյունաբերական ընկերությունների բնականոն գործունեությունը՝ զրկելով նրանց երբեմնի ենթակառուցվածքներից։ Տաթեւ-Աղվանի իբր այլընտրանքային ճանապարհի անմխիթար վիճակը բացառում է հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման նախընթաց ծավալների վերականգնումը։ Սյունիքի մետաղական հանքերն ու Որոտանի ՀԷԿ-երի համալիրն այս տարածաշրջանի տնտեսական ներուժի ավելի քան 80 տոկոսն են։ Ինչո՞վ է զբաղվելու տեղի բնակչությունը տասնամյակներով ձեւավորված տեղական աշխատաշուկան աղճատելու դեպքում։

Նույնիսկ ԶՊՄԿ-ի համասեփականատեր դառնալու դեպքում կառավարությունը չի կարող ապահովել, օրինակ, Նախիջեւանի տարածքով այդ կոմբինատի արտադրանքի տեղափոխման անվտանգությունը։ Այդ ո՞ր ապահովագրական ընկերությունը կմտնի նման բեռի տակ, երբ վստահ չէ, որ իշխանությունն ինքն է այդ բեռնափոխադրողի աջակիցն ու երաշխավորը։ Իսկ փաստն այն է, որ եթե Երեւանը լուռ է Բաքվի քաղաքական ու ռազմական հռետորաբանությանն ի պատասխան, ապա առավել եւս տեր չի կանգնելու Ադրբեջանի տարածքում մեր շարժակազմերի թիրախավորմանն ու թալանին, գուցե անգամ փոխհատուցում չպահանջի։

Դավիթ Սարգսյան