Տիտանիկի նվագախումբը շարունակում է ջութակ նվագել

Տիտանիկի նվագախումբը շարունակում է ջութակ նվագել

Հայաստանը կործանման եզրին հասցրած իշխանությունը, պարզվում է, ամենեւին էլ վատ չի զգում ստեղծված իրավիճակից, չի ամաչում, որ երեւանյան փողոցները թնդում են «Նիկոլ, դավաճան» բացականչություններից: Նրանք շարունակում են ապրել իրենց «բնականոն» կյանքով: Պաշտոնական հաղորդագրություններից իմացանք, որ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Քաթար: Թե ինչ կապ ունի Փաշինյանը Քաթարի հետ, ինչ լուրջ հարցեր պետք է քննարկի արաբական այս երկրի իշխանությունների հետ, եւ, առհասարակ՝ Հայաստանն ինչ կապեր կարող է զարգացնել Քաթարի հետ, դժվար է հասկանալ: Կարծես իր դրկից, հարեւան ու դաշնակից երկրների հետ այնքան արդյունավետ է աշխատում, հիմա էլ հասել է Պարսից ծոցի երկրներ: Ու, պարզվում է, մենակ չի գնացել. նրա հետ են եղել Նանին, Զանին, Մոսին, Միկիչը, Գալոն…  

Ընդամենը հերթական տուրիստական վոյա՞ժ՝ հարկատուների հաշվին

Քաթարը զարգացած երկիր է՝ բարձր եկամուտ ունեցող տնտեսությամբ: ՄԱԿ-ի կողմից այն դասակարգված է որպես մարդկային զարգացման շատ բարձր մակարդակի վրա գտնվող պետություն։ Այն արաբական աշխարհում ունի զգալի ռազմաքաղաքական ազդեցություն: Լավ է, որ այդ զարգացած երկիրն ընդունել է մեր երկրի, այսպես ասած՝ իշխանավորներին: Բայց երբ տեսնում ենք, թե իրենց վստահված ոլորտները ձախողած ինչ նախարարներ են մեկնել ու հանդիպել այդ երկրի նախարարների հետ, չգիտենք ինչ հետեւություններ անել։ Ասենք՝ ի՞նչ լրջագույն տնտեսական հարցեր պետք է քննարկի Քաթարի տնտեսական բլոկի նախարարը menu.am-ի առաքումից այն կողմ չանցնող Վահան Քերոբյանի հետ, ում արտահայտած ամեն մի միտք հուսահատության ու սթրեսի մեջ է գցում մեր հասարակությանը: Կամ՝ ի՞նչ համագործակցության հուշագիր պետք է ստորագրած լինի իրավաբանական կրթությամբ բժիշկ Անահիտ Ավանեսյանը, ում հոգին փառավորվում է, երբ տեսնում է, թե ոստիկանները ոնց են ծեծում ցուցարարներին, եւ ով մասնակցել է քովիդի բուժման համար նախատեսված պետական միջոցների մսխմանը: Փաշինյանի հետ Քաթար մեկնած «ծաղկեփնջի» մեջ են նաեւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ԵՊՀ ռեկտորՀովհաննեսՀովհաննիսյանը: Ու այս մարդիկ, որոնց լուրջ չեն վերաբերվում անգամ իրենց ղեկավարած հիմնարկներում, Քաթարում ինչ-որ ոլորտային հարցեր են քննարկում, փաստաթղթեր ստորագրում: 

Ի՞նչ գաղտնիք կա Քաթարում

Փաշինյանական իշխանության ներկայացուցիչները իշխանության գալու օրվանից շրջագայում են տարբեր երկրներով․ պետության եւ հարկատուների հաշվին շրջագայությունները, պարզվեց, նրանց շատ են դուր եկել, եւ նրանք խելակորույս վայելում են կյանքը եւ իշխանական բարիքներից փորձում են որքան հնարավոր է լիարժեք օգտվել: Սակայն Քաթարն Արեւելքի ամենանուրբ եւ գաղտնիքներ պարունակող երկրներից է: «Հայ-քաթարական» հարաբերությունները հատկապես «ակտիվացան» 2018-ի իշխանափոխությունից հետո: Իր պաշտոնավարման շրջանում նախագահ Արմեն Սարգսյանն էր հաճախ այցելում Քաթար: Նա առաջին անգամ Քաթար այցելել էր 2019-ի նոյեմբերին: Այնուհետեւ՝ մեկ ամիս անց՝ դեկտեմբերին: Վերջին անգամ՝ 2021-ի հուլիսին: Նախ զարմանալի էին Արմեն Սարգսյանի ռեկորդային ինտենսիվության այցերը Քաթար: Եվ երկրորդ․ նրա վերջին այցը գրեթե գաղտնի էր պահվում՝ պաշտոնական հաղորդագրություններ չեն տարածվել:

Հատկանշական է, որ Արմեն Սարգսյանի՝ Քաթարի Պետություն կատարած «պաշտոնական» եւ «աշխատանքային» ձեւակերպում ստացած այցերն արտացոլված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքի համապատասխան բաժնում, ինչը վկայությունն է այն բանի, որ այդ այցերը կրել են ոչ թե պետական, այլ մասնավոր բնույթ: Իսկ վերջին այցից մի քանի ամիս անց՝ 2022-ի հունվարին, նա հրաժարական գրեց Լոնդոնից: Թե ինչ գաղտնի ու խորհրդավոր գործարքներ էր իրականացնում Արմեն Սարգսյանը Քաթարում, ինչ բիզնես ձեռնարկներ էր նախաձեռնում, հայտնի չէ, միայն հայտնի է, որ նա բավականին հաջողակ բիզնեսմեն էր եւ բազմամիլիոն ունեցվածք էր կուտակել ինչպես դեսպանի, այնպես էլ նախագահի պաշտոնում աշխատելիս: Կասկած կա, որ դրանք որոշել են շարունակել Փաշինյանն ու նրա թիմակիցները: Թե ինչ ներդրումների մասին են նրանք այնտեղ պայմանավորվում, ինչ են տալիս-առնում, նույնպես հայտնի չէ: 2018-ից ի վեր ՀՀ իշխանավորների ինտենսիվ այցերը Քաթար կասկածելի են եղել ե՛ւ Արմեն Սարգսյանի դեպքում, կասկածելի են ե՛ւ Փաշինյանի դեպքում։ Ի դեպ, ամիսներ առաջ Քաթարում էր նաեւ Աննա Հակոբյանի հիմնադրամի տնօրենը՝ Մխիթար Հայրապետյանը։

Չնայած Հայաստանը եւ Քաթարը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են դեռեւս 1997-ին, սակայն ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց պաշտոնավարման տարիներին ընդամենը մեկ անգամ են այցելել Քաթար: Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնել է 2002-ին, Սերժ Սարգսյանը՝ 2017-ին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առիթով: Երկար ժամանակ Քաթարը եղել է Մեծ Բրիտանիայի ազդեցության գոտում։ Ժամանակին տարածաշրջանի մի շարք երկրներ ցանկանում էին մեկուսացնել Քաթարին՝ մեղադրելով ահաբեկչություններ հովանավորելու մեջ: Այդ պատճառով էլ 2017-ին Հայաստանը վերացրել է Քաթարի քաղաքացիների համար Հայաստան մուտքի այցագիրը: