Բերձորի համայնքապետն այսօր առավոտյան ժամը 8-ին է դուրս եկել

Բերձորի համայնքապետն այսօր առավոտյան ժամը 8-ին է դուրս եկել

Ըստ նախնական հայտարարության, օգոստոսի 25-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքն, Աղավնոն ու Սուս գյուղերը պետք է հանձնվեին Ադրբեջանին։ Սակայն հետագայում տեղեկացանք, որ ժամկետը մի փոքր հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 1-ը, որպեսզի գրունտային ճանապարհի վրա աշխատանքներն ավարտեն եւ այն երթեւեկելի դառնա։

Սակայն այսօր օգոսոստոսի 26-ն է և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ ադրբեջանական բանակը մտել է Բերձոր եւ շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին։ Բացի այդ տեսանյութ են տարածել, որտեղ ադրբեջանական մի գումարտակ դրոշ է բարձրացնում Բերձորի համայնքապետարանի գլխին։

Մենք կապվեցինք Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ և հետաքրքրվեցինք, թե ինչ է կատարվում Բերձորում այս պահին։ 

- Ես՝ ինքս, մինչև առավոտ այնտեղ եմ եղել։ Ամեն դեպքում դա եղել է մեր դուրս գալուց հետո։ Ես էլ տեսա կադրերը․ ադրբեջանցիները տեսանյութեր ունեն տարածած՝ արդեն վարչակազմի շենքի վրա ադրբեջանական դրոշը դրած և բակում ինչ-որ զինվորական արարողություն։

- Ո՞վ է վերջինը դուրս եկել Բերձորից, քանի՞ ընտանիք և ո՞ր ժամին։

- Չէ, ընտանիքները ամսի 24-ի երեկոյից արդեն չկային։ Ես եմ եղել այնտեղ, շրջվարչակազմի ղեկավարը՝ Մուշեղ Ալավերդյանը, ոստիկաններն ու հրշեջները։ Առավոտյան ուղիղ 8-ին դուրս ենք եկել և շարժվել դեպի Ստեփանակերտ։