Որևէ գեղեցկություն, հիշարժան կառույց ստեղծե՞լ են, որ եղածը քայլարշավով ոտնատակ են տալիս

Որևէ գեղեցկություն, հիշարժան կառույց ստեղծե՞լ են, որ եղածը քայլարշավով ոտնատակ են տալիս

Երեկ «Հրապարակը» գրել էր, որ իշխանության ձեռքերը հասել են արդեն ստեղծագործական միությունների շենքերին: Դատախազությունը որոշել է վերցնել Հայաստանի գրողների, նկարիչների եւ ենթադրաբար, նաեւ մյուս բոլոր միությունների շենքերը: Գրողների միությունն արդեն ստացել է գրություն, որտեղ տեղեկացրել են, որ դատախազությունը դիմել է դատարան՝ Կադաստրի պետական կոմիտեի որոշումներ՝ ՀԳՄ շենքի սեփականաշնորհման մասին, չեղարկելու պահանջով։ Թեմայի մասին զրուցել ենք գրող, հրապարակախոս Հռիփսիմե Հովհաննիսյանի հետ:

- Իշխանությունները որոշել են վերցնել ստեղծագործական միությունների, այդ թվում՝ ՀԳՄ-ի շենքը: Ի՞նչպես կգնահատեք այս քայլը:

- Մեր իշխանությունը այն ծանր հիվանդությանն է նման, որը վտանգավոր ճյուղավորումներ ունի իր ներսում և անգամ վիրահատական միջամտությունը անհուսալի է, ապաքինումը` երազանք։ Նրա քաղցկեղային մետաստազները հասնում են երկրի մարմնի բոլոր բջիջներին, սկսած սահմանային, տարածքային, իրավական, գիտական, բարոյական ոլորտներից, մինչև ազատազրկման հանգույցակետերը։ 

Անկեղծ ասած, ես սպասում էի, որ քանդման հերթը պիտի հասներ նաև ստեղծագործական կառույցներին։ Մայրաքաղաքը զարդարող շենքերը չէին կարող չդառնալ աճուրդատենչ, վաճառելի, նշանային, թիրախավորված, քանի որ գտնվում են կենտրոնի սրտում և այդ համալիրներով է շրջական դառնում արժեքավոր:

Վիճակը առավել խորքային է։ Արվեստի ոչնչացման ծրագիրը հաղթարշավի մեջ է։ Գրողների տունը, նկարիչների միության շենքերը չէին կարող զերծ մնալ աղետալի այդ հեղեղից։ Եվ արդեն չեմ զարմանա, եթե մի օր եկեղեցիները ևս հայտնվեն նման սպառնալիքների տակ։ Երբ զարմանքը չեզոքանում է, միևնույնն է, տեղը մնում է մի մեծ դատարկություն, և այն անապատային ծավալում չի կարող չունենալ։
Կորուստների այս հաղթարշավի ծայրը չի երևում։ Բոլոր բնագավառներն են ցեցակիր և եթե փորձես շոշափել, կփոշիանան։ Գրողների տունը անկախ անձերի ղեկավարությունից` տուֆակերտ տաճար է, որտեղ մկրտման են գնում ջահել ստեղծագործողները, վաստակած մեծերը հպարտորեն են ներս մտնում, գալիս ինչ-որ տեղ իրենց վաստակը վայելելու, արժևորվելու նաև։ Պատերին մեր դասականների շնչառությունն է, Չարենցյան ոգին իր պարտադրանքով։ Միևնույնն է, անհերքելի է, որ ոգեղենիկ հիշողության տաքությանը ոչ մի սառնություն չի կարող ծածկել։ Մի տաք քուրա է գրողների տունը, որտեղ կրակը պահելու համար` միշտ էլ փայտ դնողներ կլինեն։ Այս ի՞նչ են անում պատկան այրերը։ Որևէ մի գեղեցկություն, կոթող, հիշարժան կառույց ստեղծե՞լ են, որ եղածը քայլարշավով ոտնատակ են տալիս ... Ու՞ր ենք գնում։ Արգելակման մեխանիզմներ չկա՞ն։ Հայաստանը ե՞րբ դարձավ շագրենի կաշի, փոքրացավ ու դարձավ այսչափ խոցելի։ Ազգովի մտանք մի անհեռանկար թունել, որտեղ և մուտքի դուռն է կողպված, և ելքինը։ Մնում է հրաշքին ապավինվել։
Ես միշտ երանելի եմ համարում երեկվա գրականության մեր մեծերին, որոնք չտեսան այս բոլորը։ Տիրավոր երկրում ապրեցին, վայելեցին իրենց բաժին գնահատականը, մնացին բառերի ոսկերիչ և գնացին լույսի պսակներով։ Այսօր հերքման ժամանակներ են։ Մեր խոփը ապառաժին դիպավ։

- Մի կողմից իշխանության արարքը դատաւարտելի է բայց մյուս կողմից էլ հարց է ծագում՝ ի՞նչ է տալիս գրողին այսօր այդ շենքը:

- Գրողների շենքը հավաքական միավոր է, որտեղ կարող են տան անդամները որոշումներ կայացնել, բանավիճել, ժամանակի լակմուսը դառնալ։ Կար ժամանակ ստեղծագործողը միջնորդ էր ժողովրդի ու պետության միջև, հարցեր լուծելիս մասնակից էր լինում սեղանին դրված խնդիրների քննարկմանը, բայց այսօր դերազրկվել է հիմնովին: Իշխանավորն իր դուռն ու դարպասը ամուր ու անդառնալի է փակել նրա առաջ, մնում է ժամանակի վկայության ու պարտավորության սկզբունքը։ Բոլոր դեպքերում ստեղծագործողի ենթագիտակցության մեջ նստած է գրողի տուն հասկացողությունը և նա հաճախ է կարոտում շենքի աստիճանները անգամ և ո՞վ իմանա՝ քանի-քանին անգամ է իջել ու բարձրացել։ Գրող լինելը կոչում չէ, պարտականություն է, հայրենանվիրություն։ Նրա զենքը գրիչն է։ Չի կարելի տնազուրկ անել։ Շենքի օտարումը կլինի վիրավորանք, անտեսում մտավոր ուժի հերքում, բացասման ընթացք։ Չմոռանանք նաև, որ Սփյուռքը հեռակայում է մեր գերդաստանի հետ և կամրջում է հեռավորությունը։ Ինչ խոսք, կարելի է գրողների տուն հաճախակի չգնալով՝ ստեղծել միկրոկլիմա, բայց կարոտելիս՝ նորից գնալ ներսի օդը շնչելու։

- Դուք և բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը գրողների միության ձեր փոքրիկ սենյակում՝ «Ցոլքեր» կենտրոնում մի ողջ երիտասարդ գրողական սերունդ կրթեցիք, սակայն Միլիտոնյանը տարիներ առաջ այդ սենյակը վերցրեց եւ վարձակալության հանձնեց: Ինչպե՞ս պետք է այդ շենքը ճիշտ նպատակին ծառայի, ոչ մեկը չսեփականացնի այն։ Որ շենքը ծառայի գրողին:

- Հայկ ջան, դու հիշեցրիր իմ կյանքի ոսկեդարը։ Այո, այնտեղ էր լավագույն օրերիս փունջկապը։ Ինձ սենյակ էր տվել Հրանտ Մաթևոսյանը։ Ես երջանիկ էի, որ տաղանդավոր սերունդ է եկել և երջանկահիշատակ Հովհաննես Գրիգորյանի հետ այդ նավը, որի վրա գրված էր «Ցոլքեր», պիտի ափ հասցնեինք։ Հետո ուրիշ անուններ էլ ավելացան, էլի պոետներ կանգնեցին կողքիս և չընդհատվող նավարկություն եղավ։

Ոգեղենիկ, վերձիգ, մաքուր հոգիների ճամփորդություն էր։ Նախկին նախագահը` Լևոն Անանյանը, գնահատում էր «Ցոլքերի» փոթորկաշատ ճամփան, որի մեկնարկը 2002 թվականնից սկսվեց։ Նրան հաջորդող Էդիկ Միլիտոնյանը նույնպես հարգանքով նայեց իմ աշխատանքներին։ Ի պատիվ նրա, պիտի ասեմ` ինձ սենյակը լքելու պահանջ չի ներկայացրել։ Երբ աղջիկս երկնավոր դարձավ, ես կորցրեցի իմ նախկին մարտավարությունը, եռանդը և մեր սենյակի բանալիները իմ կամքով, արցունքոտ աչքերով` հանձնեցի Միլիտոնյանին։ Դուռը փակելիս զգացի, որ թերթում եմ կենսունակությանս վերջին էջը։ Դու իմ սանն ես եղել և գիտես թե ինչ պիտի զգայի ես այդ պահին։ Իսկ թե այդ տարածքը ում տվեցին, արդեն չգիտեմ։ Այդ կողմն այլևս նայել չկարողացա ։ Հիմա հազվադեպ եմ գնում գրողների տուն։ Ինչ վերաբերում է նրա ճակատագրին, ցավ եմ զգում։ Այն ստեղծագործական ուխտի ճամփա է, որ պիտի մնա տարիներին ի տես, որպես տաճար, որպես թանգարան։ Շենք մտնողը հիշելու է, որ ներսում իրենց մոմերն են վառել գրականություն կերտած մեր հզորները, որոնց անունները վաղուց արդեն անջնջելի են պատմության վկայություններից։ Գրողների միությունը անմահների հիշատակաց երկիրն է, նրան դիպչելը նման կոպիտ ձեռքերով, մեղք է, չի կարելի...