Գյումրու ավագանու նիստը տխուր նոտայով, փառատոն անցկացնելու քննարկումով անցավ

Գյումրու ավագանու նիստը տխուր նոտայով, փառատոն անցկացնելու քննարկումով անցավ

Այսօր Գյումրու ավագանու նիստը մեկնարկեց տխուր նոտայով: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ Սյունիքի մարզում զոհված համաքաղաքացու՝ 23-ամյա զինծառայող Արթուր Սահակյանի եւ նրա 3 ծառայակից   ընկերների հիշատակը: Արթուրը Գյումրու «Սովխոզ» կոչվող թաղամասից էր, սովորել էր Գյումրիի թիվ 29 դպրոցում,  8-րդ դասարանից ուսումը շարունակել Գյումրիի ակադեմիական վարժարանում: Նա մեծ հաջողություններ էր գրանցել սպորտում՝ զբաղվելով  արևելյան մարզաձևերով : Արթուր Սահակյանը ընտանիքի միակ զավակն էր:

Անցնելով ավագանու նիստի օրակարգային հարցերին՝ նշենք, որ դրանցից մեկը փոքր-ինչ երկար քննարկվեց: Ավագանին համայնքի բյուջեից հերթական նվիրատվությունն արեց «Բարեկամ» հասարակական կազմակերպությանը: Կազմակերպությանը, որպես նվիրատվություն հատկացվեց 1 500 000 դրամ` «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի պատշաճ կազմակերպման և անցկացման համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում կանցկացվի միջազգային թատերական փառատոն, որին կմասնակցի շուրջ 500 արտիստ և թատերական ոլորտի ներկայացուցիչ, կներգրավվի 10․000 հանդիսատես, մեկ տանիքի ներքո մեկտեղվելու են երկու տասնյակից ավելի թատրոններ ու թատերախմբեր՝ մայրաքաղաք Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից:

Քաղաքապետի խորհրդական, զեկուցող Լենա Ջիլավյանի խոսքերով՝ իրեն հատկապես դուր է եկել փառատոնի լոգոտիպը, որն ստեղծված է Գյումրու առաջին թատրոնի շենքի գծապատկերով: «Փառատոնից ստացված հասույթով վճարվելու է Երևանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողների ուսման վարձը»,-տեղեկացրեց Լենա Ջիլավյանը՝ միաժամանակ նշելով, որ «Բարեկամ» հասարակական կազմակերպությունը Գյումրու համայնքապետարանին է դիմել 4մլն դրամ տրամադրելու խնդրանքով, մինչդեռ իրենք ի վիճակի են տրամադրել 1, 5 միլիոն:  

«Դե, շատ ասում են՝ գիտեն, որ էդքան չեն տա»,-նկատեց ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը՝ միաժամանակ ճշտելով, թե որն է այդ կազմակերպության շահը, ինչու պիտի մի հասարակական կազմակերպության հենց այնպես այդքան գումար հատկացնեն․ «Մենք իրենց հետ համագործակցել ենք, թե ոչ․․․»:«Պարզապես, վստահություն ներշնչող են, կազմակերպչական հարցերով են զբաղվելու, թատրոնը գտել է, որ այդ կազմակերպությունն է զբաղվելու․․․»,-փորձեց բացատրել զեկուցող Լենա Ջիլավյանը: Ավագանու մյուս անդամներից նույնպես նկատեցին, որ հիմնավորումները շատ թույլ են: Այնուամենայնիվ, ավագանու մեծամասնությունը կողմ քվեարկեց «Բարեկամ» հասարակական կազմակերպությանը գումար տրամադրելու որոշմանը: