Ասֆալտից ու ջրահեռացումից այդքան շա՞տ ես հասկանում, գնա` ասֆալտ փռելու գործ արա

Ասֆալտից ու ջրահեռացումից այդքան շա՞տ ես հասկանում, գնա` ասֆալտ փռելու գործ արա

Փաշինյանն իրո՞ք չի հասկանում, թե ինչ են ասում իրեն շարքային հայ մարդիկ, թե՞ չհասկանալու է տալիս: Նախորդ օրը Վայոց Ձորի Մալիշկա գյուղ կատարած այցի ժամանակ գյուղացիներից մեկը նրան ասում է. «Ոտի հանեք ժողովրդին»: Փաշինյանն էլ պատասխանում է. «Ոտի հանելը էս ա, որ պիտի ցեխի մեջ չլինի ժողովուրդը»։ Ակնարկելով, որ գյուղի ճանապարհն ասֆալտապատվել է, ինքն էլ եկել է ճանապարհը բացելու: 

Մինչդեռ հայ գյուղացու ասածը շատ խորը իմաստ ունի. նա Փաշինյանին ասում է, որ իր գործունեության արդյունքում ժողովուրդը գետնին է ընկել, հավասարվել է հողին: Ուզում է ասել, որ հայ մարդու արժանապատվությունը, ինքնասիրությունը հավասարեցվել են հողին, հայ մարդն ապրում է վախի ու վաղվա նկատմամբ հավատի բացակայության պայմաններում: «Ոտի հանեք ժողովրդին» կոչը նշանակում է՝ վերականգնեք հայ մարդու, հայ ժողովրդի արժանապատվությունը, բարձրացրեք նրան, բարձրացրեք երկիրն այս գետնատարած վիճակից: Փաշինյանը դրան ի պատասխան ասում է, որ ասֆալտ է արել, որ մարդիկ ոչ թե ցեխի վրա քայլեն, այլ՝ ասֆալտի: Իրենից ավելին մի պահանջեք: 

Բայց գյուղացին, առանց նրա ասելու էլ, տեսել է այդ ասֆալտը, արդեն քայլել է այդ ասֆալտի վրայով, եւ նա հասկանում է, որ տարբերություն չկա՝ հողի ու ցեխի վրայով ես քայել, թե ասֆալտի, եթե դու քեզ քո երկրի տերը չես զգում, եթե ամեն օր լսում ես, որ թշնամին քո երկրից էլի մի կտոր է պոկել, որ էլի քո մի քանի տասնյակ կամ հարյուր հայրենակից կորցրել են իրենց հողն ու ապրուստի միջոցը, որ թուրքն արդեն անարգել մտնում է հայկական գյուղերն ու տները: «Ոտի հանեք ժողովրդին» հորդոր-կոչը մնում է անպատասխան, Փաշինյանն ասում է, որ առավելագույնը, ինչն ինքը կարող է, ասֆալտ անելն է, ինքը հայ ժողովրդին ոտքի հանող չէ: Ո՞նց կարող է ինքը ժողովրդին ոտքի հանել, եթե հենց ինքն է ժողովրդին հասցրել այդ վիճակին:

Նայում ես իշխանության կողմից տարածված տեսանյութը եւ սարսռում ես, թե ինչի մասին է խոսում երկրի առաջին դեմքը: Փաշինյանն իրեն ուղեկցողների հետ քննարկում է ճանապարհի եզրին կառուցված ջրահեռացման համակարգի կարեւորությունը` ասֆալտի շահագործման ժամկետը երկարացնելու հարցում: Ուզում է ցույց տալ, որ ինքն այնքան խելոք է, այնքան շատ գիտելիք ունի ճանապարհաշինարարությունից, որ կարող է այդ թեմայով եւս խելացի մտքեր արտահայտել: Այդ հատվածն էլ հատուկ մոնտաժվել ու մտցվել է ռեպորտաժի մեջ, որ հայ ժողովուրդը տեսնի ու ուրախանա, որ իր երկրում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խոր գիտելիքներ ունի ճանապարհաշինարարությունից: Էլ ինչ դարդ ու ցավ ունենք, եթե վարչապետի պաշտոնում նման մտքի տիտան է նստած:

Իսկ այդ կադրերը նայող մարդիկ մտածում էին` ասֆալտից ու ջրահեռացումից այդքան շա՞տ ես հասկանում, գնա՝ ասֆալտ փռելու գործ արա, ոչ թե վարչապետի պաշտոնը զբաղեցրու: Իշխանության ղեկավարի ամենակարեւոր գործը երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը կազմակերպելն է, երկրի շահերից բխող արտաքին քաղաքականություն վարելը: Երկիրը՝ անպաշտպան, ամեն կողմից բզկտվող, քաղաքացիները` անպաշտպան ու հուսահատ, արտաքին քաղաքականությունը` ձախողված, ո՛չ թշնամին գիտես ով է, ո՛չ բարեկամը, ինքը կանգնել գյուղամիջում ասֆալտի որակից ու ջրահեռացման համակարգի կարեւորությունից է խոսում: Չնայած մեղադրելու էլ չէ, եթե ուրիշ որեւէ այլ բանից չի կարողանում խոսել, մտածում է, որ գոնե մի անշառ թեմայից խոսի, որ չստացվի, թե ոչ մի բանից տեղյակ չէ:
Փաշինյանի ցանկացած այց Հայաստանի գյուղեր եւ համայնքներ վերածվում է աղետի` այդ համայնքների բնակիչների համար: Ճիշտ է` տեղական իշխանները հատուկ ջոկում, մի քանի տակ ստուգում են, թե ում պետք է տանեն Փաշինյանի հետ հանդիպումներին, հատուկ հրահանգում են, որ հանկարծ անցանկալի հարցեր չտան, ուրախ դեմք ընդունեն ու Փաշինյանի այցից երջանկացած ժպտան, բայց, միեւնույն է` արտակարգ պատահարներից հնարավոր չի լինում խուսափել:
Մալիշկայում բնակվող 47-ամյա կինը, հաստատ, իր կյանքում ավելի կարեւոր նպատակներ ուներ, քան Փաշինյանի վրա անձրեւանոց նետելն ու քրեական հետապնդման ենթարկվելը: Նա այդպես էլ կաներ, եթե Փաշինյանը չսադրեր իրեն` չգնար իրենց գյուղ եւ իր ներկայությամբ մարդու մոտ չբորբոքեր ատելությունն իր նկատմամբ, չհիշեցներ հանձնված Բերձորն ու կորսված հայրենիքը:

Ընդ որում՝ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այդ կինն ի սկզբանե տեղական իշխանությունների կողմից ընտրված չի եղել` որպես Փաշինյանի հետ հանդիպմանն արժանացած գյուղացու դեկորացիա: Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկաններն այդ կնոջը մի քանի անգամ զգուշացրել են, որ չմոտենա այն վայրին, որտեղ նախատեսված է հանդիպման բեմականացումը, մինչդեռ նա, անտեսելով ոստիկանության ներկայացուցիչների պահանջն ու հորդորը, եկել է դեպքի վայր եւ խանգարել նրանց անդորրը: Սա նաեւ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի «արդյունքն» է, քանի որ չեն կարողացել կասեցնել անցանկալի անձանց ներկայությունը «Փաշինյանը հանդիպում է իրենց դիմավորելու դուրս եկած ժողովրդին» կարեւոր միջոցառմանը: 

Հայ մարդկանց ատելությունը հասել է մի այնպիսի կրիտիկական աստիճանի, որ նույնիսկ համբերատար ու խոնարհ գյուղացի կանայք կորցնում են ինքնատիրապետումը: Երբեւէ որեւէ իշխանություն եւ իշխանության ներկայացուցիչ չի արժանացել նման վերաբերմունքի: Դրա պատասխանը Փաշինյանի կողմից բռնության եւ ռեպրեսիաների ուժգնացումն է, մարդկանց վախեցնելու եւ լռեցնելու փորձերը: Ժողովրդին ոտքի հանելն իր նպատակների մեջ չի մտնում, ինքը շարունակելու է ժողովրդին գետնին փռել:

Ավետիս Բաբաջանյան