«Հրապարակ». Կա՛մ ռեկտոր չի լինի, կա՛մ կլինի Դարբինյանը

«Հրապարակ». Կա՛մ ռեկտոր չի լինի, կա՛մ կլինի Դարբինյանը

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը նախօրեին հայտարարել էր, որ ռեկտորի առաջիկա ընտրություններին չի մասնակցելու, քանի որ աջակցություն չի ստացել ո՛չ ՀՀ կառավարության եւ ո՛չ էլ ՌԴ կառավարության կողմից, թեեւ ինքը համալսարանի միասնական թեկնածուն է եղել եւ պատրաստ է եղել եւս 5 տարի պաշտոնավարել։ «Ս.թ. մայիսի 14-ին լրանում է իմ՝ որպես Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի լիազորությունների ժամկետը: Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ եւ ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը՝ վերընտրվելու եւս հինգ տարի ժամկետով, եւ հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն, սակայն, երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ: Իսկ սա նշանակում է մեկ բան. առաջիկայում կայանալիք ընտրություններին, չնայած համալսարանի ողջ անձնակազմի կողմից ինձ՝ որպես միասնական թեկնածու առաջադրման հանգամանքին, ես չեմ մասնակցելու»,- գրել էր Դարբինյանը։

Բանն այն է, որ, ի տարբերություն այլ բուհերի, որոնց ռեկտորին ընտրում է հոգաբարձուների խորհուրդը, Սլավոնական համալսարանի ռեկտորին ընտրում է ընդհանուր ժողովը, որը կազմված է 500-ից ավելի մասնակիցներից: Եթե ժողովը չգումարվի ու ռեկտոր չընտրի, ապա կառաջանա իրավական կազուս` համալսարանը ռեկտոր չի ունենա: Իսկ համալսարանականները հենց Դարբինյանի թեկնածությանն են հակված։

Մեզ ասացին, որ ընդհանուր ժողովը հենց այդպիսի որոշում ունի` պատրաստվում են այլ թեկնածու չառաջադրել եւ չընտրել` դրանով իրավական կազուս ստեղծել, որպեսզի ՀՀ եւ ՌԴ իշխանությունները հասկանան, որ համալսարանը կա՛մ ռեկտոր չի ունենալու, կա՛մ ռեկտորը լինելու է Արմեն Դարբինյանը։ Մեզ հետ զրույցում Դարբինյանն ասաց, որ եթե ժողովը չգումարվի, իրավական կազուս կառաջանա, իսկ հարցին` հնարավո՞ր է, որ, օրինակ, ժողովը չգումարվի, եւ դրանից մի քանի ամիս հետո ինքն առաջադրվի, Դարբինյանը պատասխանեց․ «Երեք ամիս հետո հնարավոր է աշխարհը շուռ գա, ես ի՞նչ կարող եմ ասել, թե ինչ կլինի 3 ամիս հետո»։