Սա հակառուսական քաղաքականության գծի շարունակությունն է

Սա հակառուսական քաղաքականության գծի շարունակությունն է

«Հրապարակի» զրուցակիցը «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է:

- Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը NN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կրկին խոսել է Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին: Հայաստանի վարչապետն ասել է, որ Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Այս հայտարարությանն ի՞նչ գնահատական կտաք:

- Մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ամենօրյա ցնորամտությունները, շատ բարդ է ու դժվար, կարծում եմ, սա այն հակառուսական քաղաքականության գծի շարունակությունն է, որն ունեցել է Նիկոլ Փաշինյանը նաև ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ: Նրա կառավարման հինգ տարիներն էլ այդ մասին էին: Մեր ժողովուրդը թող հետագայում հանկարծ չզարմանա, թե ինչու Ռուսաստանը այս կամ այն հարցում մեր հանդեպ բարյացակամ չեղավ:

- Փաշինյանի այս հայտարարությունն ի՞նչ հետևանք կթողնի:

- Հետևանքները կարող են լինել Արցախի հարցում, ինչպես նաև անհրաժեշտ զենք ու զինամթերք ներկրելու, նաև տնտեսական հարցերում: Շատ տարբեր խնդիրներ կարող են այս համատեքստում առաջ գալ:

-  Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Այս հանդիպումն ինչի՞ մասին էր:

- Դե այդ առումով մեզ ոչ մի տեղեկություն չեն տրամադրում, թե ինչ է քննարկվել, սակայն ես կարծում եմ, որ համաձայնության գալու փորձ է արվել, որը չի ստացվել:

- Ինչո՞ւ չի ստացվել:

- Որովհետև կարող են իրեն նորից մեղադրել:

- Իսկ հուլիսի 21-ին կայանալիք բրյուսելյան հանդիպումից ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Չեմ կարծում, թե հաջողվի ինչ-որ բան անել, շատ բան նաև մեզնից է կախված, նայած, թե ժողովուրդն ինչպիսի կազմակերպվածությամբ հանդես կգա:

-«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը Ֆրանսիայի դեսպանության առջև կազմակերպել էր հանրային հավաք արցախահայության անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության պաշտպանության խնդիրների վերաբերյալ։ Դուք հանրագիր հանձնեցիք Ֆրանսիայի դեսպանությանը: Ինչի՞ մասին է այն:

- Մեր պահանջն է, որպեսզի Ֆրանսիան գործնական քայլեր անի, Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկի: