Հայի նոր կերտվածք

Հայի նոր կերտվածք

Երկար դադարից հետո՝ մի քանի օր առաջ, բացվեց դեպի Մոսկվա չվերթը: Նախքան այդ, մտածում էինք՝ տեսնես այս ամենից հետո էլի երկիրը լքողներ կլինե՞ն: Ինքներս մեզ մխիթարելով՝ մտածում էինք, որ կան մարդիկ եւ ընտանիքներ, որոնց կյանքն արտագնա աշխատանքով է ապահովվում: Առաջին եւ գուցե միակ մեկնողները նրանք կլինեն: Բայց մի քանի օր առաջ դառը ճշմարտությունը բացահայտվեց ամբողջությամբ: Մեկ օրվա՝ դեպի Մոսկվա 6 չվերթների ուղեւորների շոշափելի մասը երկիրն ընդմիշտ լքողներն են: Նրանց բացատրությունը մեկն է` վստահ չեն, որ հաջորդ անգամ թուրքը չի հայտնվի Երեւանում` իրենց տանը... Ու հայի այդ տեսակը ելքը գտնում է ոչ միայն տղամարդավարի կանգնել ու թուրքին իր տնից ետ շպրտելու, այլ հայրենի երկիրը լքելու մեջ: Ես չգիտեմ՝ նրանք գնում են, որ որտե՞ղ ապրեն: Կա՞ աշխարհի երեսին մի երկիր, որի քաղաքացիները վտանգի պահին լքելով են պահել իրենց հայրենիքը: 

Կարծում եմ՝ կարիք չկա մարդու այդ տեսակի մասին խոսել: Ընթերցողն ինքը կտա իր գնահատականը այդպիսիներին: Միայն մի բան կարելի է ասել, որ նրանք արժանի չեն քայլելու այն հողի վրա, որը ներկվել է մեր անթիվ նահատակների սուրբ արյամբ: Նրանց պետք էր վաղուց «քերած» լինեինք մեր կերտվածքից, որ հայի մաքրամաքուր կերպարանքը երեւան գար:

2005 թվականին գործերով գտնվում էի Լոս Անջելեսում: Երեւանում կառուցվում էր բազմաբնակարան մի շենք, որի նախագծողն էի: Իսկ այդ շենքի գնորդներից ու ապագա բնակիչներից մի քանի ընտանիք դեռեւս ապրում էին Լոս Անջելեսում եւ սպասում էին իրենց բնակարանների կառուցման ավարտին, որ գան ու հաստատվեն Երեւանում: Ինձ կանչեցին իրենց մոտ: Հավաքված էին մի քանի ընտանիքներ: Բնականաբար, հյուրասիրության նպատակը շենքի կառուցման վերաբերյալ վերջին տեղեկություններն էին: Բոլորին էլ՝ հատկապես կանանց, հետաքրքրում էր շենքի սեյսմակայունության հարցը: Հայտնեցի, որ շենքը կառուցվելու է 10 բալ ուժգնությամբ երկրաշարժին դիմանալու համար: Կանանցից մեկը միամտորեն հարցրեց ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժի հավանականության մասին:

Մինչ ես փորձում էի բացատրել, որ գրանցված երկրաշարժերի պատմության մեջ նման պրակտիկա չկա, եւ գիտականորեն եւս նման բան ապացուցված չէ, ներկաներից մեկը, որը մասնագիտությամբ կոնստրուկտոր էր, անսպասելիորեն ու մի քիչ զայրացած տոնով ասաց․ «Ջանը՛մ, կհասկնա՞ք՝ 10 բալ երկրաշարժ ինչ ըսել է: Ադ կարգի երկրաշարժ որ գա, ողջ Երեւանը տակնուվրա կըլլա: Հետո՞... Մենք մեր շենքին մեջ միս-մինակ պիտ նստինք ու ինքզինքնիս երջանիկ զգանք, որ միայն մենք ողջ մնացա՞ծ ենք. ես թքնե՛մ այդ երջանկության վրա...,- հետո կտրուկ ավելացրեց,- ո՛չ, պարոն ճարտարապետ, մերինն ալ մյուսներուն պես հաշվե, բոլորին հետ հավասար, վերջ...»։ 

Տիրեց լռություն: Ոչ ոք չառարկեց: Շատ ազդվեցի այդ հայրենակցի այդպիսի մարդկային մոտեցումից: Հետագայում ավելի մտերմացանք: Նա իր ընտանիքով 2008 թվականից ի վեր ապրում է Երեւանում: 

Մարդու միայն այս տեսակն է, որ կարելի է նրան բառիս իսկական իմաստով մարդ համարել: Մարդկային այս տեսակներն են, որ կերտում են պատմություն, առաջընթաց եւ հաղթանակներ: Հայի այս տեսակով մենք կերտելու ենք մեր երկրի բարեկեցիկ ապագան ու հասնելու ենք մեր գերագույն նպատակներին: 

Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ