Ասենք՝ շնորհավոր

Ասենք՝ շնորհավոր

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Ենթադրում եմ, որ այս նշանակումը առանց Նիկոլ Փաշինյանի գիտության չի արվել, թեեւ դժվար է դրան հավատալը: Դժվար է հավատալ, որովհետեւ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պատերազմի ժամանակ մարտնչում էր առնվազն երկու ճակատով՝ ադրբեջանական եւ աննահակոբյանական: Եվ ուրեմն այդ ինչպե՞ս պատահեց, որ կասկածելի հանգամանքներում ռմբակոծության տակ հայտնված ՊԲ հրամանատարը, որ մի կողմից կռվում էր Նիկոլի «կիրթ բարեկամի», իսկ մյուս կողմից հարազատ կնոջ դեմ, հանկարծ բարձր պաշտոն ստացավ ՀՀ ՊՆ-ում, այսինքն՝ Նիկոլի մոտ:

Վստահաբար, արցախցիներն էլ են զարմացած ու չեն կարողանում լուծել այս հանելուկը․ ո՞նց թե, Նիկոլը Ջալալին պաշտո՞ն է տվել, էն էլ Մոսու (Մովսես Հակոբյան) պաշտո՞նը: Եվ իսկապես, չլիներ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանի հաստատումը, գուցե մտածեինք, որ օդից կախված լուր է, որ դա Նիկոլի գեղեցիկ ցանկությունն է, որ նա փորձում է ամեն կերպ իրենից ու իր ընտանիքի անդամներից հեռացնել անփառունակ պարտության եւ խայտառակ կապիտուլյացիայի պատասխանատվությունը: Այսպիսի նշանակումից հետո կարելի է հանգիստ խղճով խոսել այն մասին, որ Ջալալ Հարությունյանը ռմբակոծության տակ է հայտնվել իր անփութության եւ պատերազմի ժամանակ անվտանգության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով: Վերջ: Ջալալ Հարությունյանի լռությունն այլեւս ապահովված է, ինչպես նաեւ փարատված են այն կասկածները, որ Աննա Հակոբյանը հրամանատարական բունկերում վերահսկել է ՊԲ գեներալներին, էլ չասած՝ սիրելի ամուսնուն խնդրել է, որ հոսպիտալում հայտնված Ջալալին շուտափույթ ազատի ՊԲ հրամանատարի պաշտոնից:

ՀՀ իշխանությունները, բնականաբար, Ջալալ Հարությունյանի նշանակումը ՊՆ պատասխանատու պաշտոնում կներկայացնեն որպես անհրաժեշտ քայլ՝ Հայոց բանակի ներքին խնդիրների կարգավորման ուղղությամբ: Անձամբ ես կարծում եմ, որ Ջալալ Հարությունյանն իսկապես այն մարդն է, որ կկարողանա գլուխ հանել չափազանց բարդ խնդիրներից, որոնք այսօր ծառացած են մեր զինված ուժերի առջեւ: Բայց… Ջալալ Հարությունյանը պարզապես չի կարող աշխատել Նիկոլի մոտ: Ջալալ Հարությունյանը լուրջ չի ընկալվում այն զինված ուժերում, որի մեջքը կոտրել են Նիկոլն ու իր կինը: Ջալալ Հարությունյանը նախեւառաջ ասելիք ունի՝ ինչո՞ւ այնպես ստացվեց, որ իր հրամանատարության տակ եղած զորքը ջարդվեց, զիջեց հսկայական տարածքներ եւ հարցականի տակ դրեց Արցախի գոյությունը: Ամեն լռություն իր գինն ունի, բայց այս դեպքում, երբ խոսքը հայրենատվության ու մարդկային հսկայական կորուստների մասին է, լռությունն այլեւս ապրանք չէ, որ վաճառես ու հանգիստ ապրես՝ լավ պաշտոն, լիքը փող, գեներալ-լեյտենանտի ուսադիրներ, հերոսի կոչում… Մի խոսքով՝ Ջալալ Հարությունյանը շատ բան ունի ասելու հանրությանը, այն հանրությանը, որ պատերազմի օրերին նրան համարում էր փրկիչ, հավատում էր, որ Ջալալը, Վիտոն, մյուս մարտական գեներալները, ահա, ահա, մի բան կանեն, կջարդեն թշնամուն, կազատեն երկիրը… Այնպես որ, այդ հասարակությունն անհամբեր սպասում է, ի թիվս շատերի, նաեւ Ջալալ Հարությունյանի բացատրություններին: Հարգարժան գեներալն ուղղակի պարտավոր է խոսել, որովհետեւ իր անվան հետ կապված թարմ տեղեկություններ են ստացվել նաեւ ճշտի մասնագետ Արծրուն Հովհաննիսյանի «արխիվից», իսկ վերջինս, ինչպես գիտենք, քաղաքական գործիչ չէր եւ հոգ չէր տանում իր հետեւից թողած աղբը մաքրելու համար:

Անցած պատերազմի օրերին սապոգով մտածելու Արծրունի աներեւակայելի ունակության մասին լեգենդներ կարելի էր պատմել, բայց չկա գեթ մեկ վկայություն այն մասին, որ նա չի ստել: Խեղճ Ադրբեջան՝ է՛լ զգետնում էինք, է՛լ հօդս էինք ցնդեցնում, է՛լ դժոխք էինք ուղարկում… Եվս մի քանի օր, եւ Արծրունն Ադրբեջանի զրահատանկային զորքերի, օդուժի, ԱԹՍ-ների, մերձտիեզերական արբանյակների մասին անցյալ ժամանակով կխոսեր, բայց, «ցավոք», պատերազմն ավարտվեց 44-րդ օրը, ու թշնամու ուժերը փրկվեցին սոսկալի ջախջախումից: Եվ չնայած այդ ողջ աբսուրդին, Արծրունը մեկ անգամ ասել է ճշմարտությունը:

Ռուսաստանաբնակ հայ լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում տեղեկացնում է, որ իր նախկին տեղակալ, Ռոստովի մի քանի լրատվամիջոցների սեփականատեր Սամվել Նալբանդյանին խնդրել է շտապ մեկնել Երեւան եւ հանդիպել Արծրունի հետ: «Խնդիրն իրավիճակը ճիշտ հասկանալը եւ ինձ պատմելն էր: Հետո արդեն կարելի էր մտածել, թե ինչպես վերաձեւակերպել տեղեկատվական քաղաքականությունը եւ հասկանալ, թե ինչ անել հետո: Նույն օրը 2 աշխատակիցների հետ Սամվելը մեկնել է Երեւան: 2 օր անց նա պատմել է, թե ինչպես է ավարտվել Արծրունի հետ երկժամյա զրույցը: Ահա ճշգրիտ կարճ վերապատմումը:

1) Անհանգստանալու պատճառ չկա: Փաշինյանը փայլուն ղեկավարում է գլխավոր շտաբը: Նա միայն դրանով է զբաղված:
2) Մենք հաղթում ենք, դրանում կասկած չկա:
3) Աննա Հակոբյանը վերահսկում է Արցախի Պաշտպանության բանակի շտաբը եւ ամեն ինչ զեկուցում է Նիկոլին: Նա վստահ է, որ մենք հաղթում ենք:
4) Այն ամենը, ինչ անհրաժեշտ է բանակին, կա: Այն ապահովված է, զենքի եւ սննդի պակաս չկա:
5) Ներգրավված են բանակի բոլոր ուժերը, որոնք անհրաժեշտ են, անձնակազմի պակաս չկա:
6) Ջալալը չի պահպանել անվտանգության միջոցառումները, այդ իսկ պատճառով կրակի տակ է հայտնվել:
7) Կամավորների կարիք առանձնապես չկա, բայց քանի որ մարդիկ ցանկանում են օգնել, մենք Սյունիքում ստեղծել ենք հավաքագրման կետեր: Շուտով կհաղթենք եւ բոլորին տուն կուղարկենք»:

Ահա այսպես Արծրունը աղացել է նաեւ ռուսական լրատվամիջոցի ղեկավարի ուղեղը: Բայց հանուն ճշմարտության նկատենք, որ նշված 7 կետերից առնվազն մեկը ճշմարիտ է: Դա 3-րդ կետն է, որ նույնիսկ Նիկոլը չի հերքել՝ ասելով, որ Աննա Հակոբյանը պատերազմի օրերին Արցախի ՊԲ բունկերում էր՝ զինվորականությանը «բարոյական աջակցություն» ցուցաբերելու նպատակով: Այսքանից հետո ես Արծրունի նման «ազնիվ քյարփիչին» հարց չունեմ տալու, բայց Ջալալ Հարությունյանը պարտավոր է կա՛մ հաստատել Նիկոլ Փաշինյանի «վկայությունն» Աննայի կապակցությամբ, կա՛մ խոստովանել, որ ինքն իր տեղում չի եղել եւ հանդուրժել է տիկին Հակոբյանի ներկայությունը բունկերում, որտեղից վերջինս Նիկոլին, ենթադրաբար՝ նաեւ Արծրունին, կեղծ տեղեկություններ է փոխանցել վերահաս հաղթանակի մասին:

ՀԳ. Միով բանիվ՝ Ջալալ Հարությունյանի նշանակումը նոր պաշտոնում ոչ այլ ինչ է, եթե ոչ գործնական քայլ՝ Փաշինյանին հեռացնելու մարդասիրական միջանցք ապահովելու ուղղությամբ: Վիճելի՞ բան եմ ասում: Համաձայն եմ, բայց մի փոքր սպասենք, ամեն ինչ պարզ կդառնա: Երբ հանկարծ բոլոր գեներալները հայտարարեն, որ իրենք, Փաշինյանն էլ իրենց հետ, ուզում էին, որ ամեն ինչ լավ լինի, այն ժամանակ կրկին կխոսենք այս մասին: