«Հրապարակ»․ Նման անասունները համեմատության մեջ են դնում մեր սուգը

«Հրապարակ»․ Նման անասունները համեմատության մեջ են դնում մեր սուգը

Օրերս Ազգային ժողովի նիստում դատավորներ էին ընտրում: Թեկնածուներից մեկը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու, դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն էր, որի որդին՝ Գեւորգ Արշակյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը նրա թեկնածության հետ կապված ելույթում զոհված զինծառայողների ծնողներին ուղղված արտահայտություններ է արել. «Ստեղծել են որդեկորույս մայրերի հասարակական կազմակերպություն, եւ այդ որդեկորույս մայրերը շատ հաճախ այնպիսի ակցիաներ են կատարում, որոնք ուղղակիորեն անհարիր են։ Դուք էլ հերոս տղա ունեք կորցրած, ինչպե՞ս եք համակերպվում այդ ցավի հետ, եւ ինչո՞ւ Ձեր ցավն այդպես ճղճղան չէ, ինչպես շատերինը»։

Ի պատասխան՝ Նաիրա Հովսեփյանն ասել է․ «Պիտի սովորես ցավի հետ ապրել, սա ասում են աշխարհի մեծերը։ Ինձ օգնում են իմ գործընկերները, տղայիս ընկերները, ուսուցիչները, դասախոսները, ես ամեն օր փիլիսոփաներին եմ լսում։ Եվ նաեւ աշխատանքն է ինձ օգնում, Բարձրագույն դատական խորհրդում աշխատանքը նույնպես օգնում է, որովհետեւ ինչքան ծանրաբեռնված ես, այնքան ավելի շատ ես կարողանում ցավի հետ ապրել։ Մայրերի հետ, ծնողների հետ պիտի շատ զգույշ վարվել։ Մամուլում տարբեր ձեւակերպումներ եղան, Գեւորգիս անվանեցին թանկագին կորուստ, որը վերաբերում է նաեւ մյուս տղաներին, անվանեցին զոհ, զոհված, հանգուցյալ։ Մեր հերոս տղաները զոհեր չեն, հանգուցյալներ չեն, իրենք իրենց կյանքը նվիրել են, որ զոհեր չլինեն։ Հերոս մարդը չի կարող զոհ լինել»։

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկած կամավորական Արման Օհանջանյանի մայրը` Ելիզավետա Բուդաղյան-Օհանջանյանը, մեզ զրույցում ասում է, որ իշխանությունների հետ գործարքի մեջ մտած կինը չի կարող համարվել հերոսամայր, ինչ վերաբերում է Հակոբ Ասլանյանի պնդումներին եւ «ճղճիմ հետաքրքրասիրությանը», ապա հերոսի մայրը կարծում է, որ Ասլանյանը չգիտի՝ ինչ բան է զավակը։ «Այս իշխանության հետ սերտ հարաբերությունների մեջ մտած հերոսամայրերը չեն կարող հերոսամայր լինել: Նրանց որդիներն իսկապես հերոս են, բայց իրենք հերոսամայր չեն ինձ համար: Նման տեսակ մարդիկ համակերպվել են, որ իրենց որդիներին մատաղ են արել` հանուն ոչնչի: Ես մանկավարժ եմ ու իմ պայքարը երբեք չեմ ավարտելու: Ես այսօր մեծ գործ եմ անում, աշակերտներիս հայրենասեր եմ դաստիարակում: Իմ պայքարն այնքանով է մաքուր ու արդար, որ ես կարող եմ գլուխս բարձր քայլել: Մենք չենք ճղճղացել, ինչպես այդ տհաճ մարդն է ասում, մենք արդարություն ենք պահանջել ու պահանջում: Մենք` բոլորս, կարծիք հայտնելու իրավունք ունենք: Վերջերս «Հայելի» ակումբում ելույթ ունեցա եւ ասացի, որ եթե մինչեւ հիմա ես ցանկացել եմ, որ Նիկոլ կոչեցյալը մեռնի, ապա հիմա ցանկանում եմ, որ նա ուղղակի հեռանա: Ես ուզում եմ, որ Նիկոլը հեռանա, որ գոնե այն, ինչ մնացել է, կարողանանք պահել, պաշտպանել: Դա սատանա է, ինչքան դրա մահն ենք ցանկանում, այնքան հայ ազգը ոչնչանում է: Թող Աստծո դատաստանը ստանան դրանք: Մեր ժողովուրդը պետք է կանգնի, պայքարի ու ապրի: Չեմ հարգում այն զոհերի հարազատներին, որոնք երկրպագում են Փաշինյանի ռեժիմին: Մեր երեխաները գնացել ու մարտնչել են հանուն հայրենիքի, իսկ այս իշխանությունն ուղղակի ուրացավ այդ հայրենիքը: Ինչ վերաբերում է Հակոբ Ասլանյանին, ապա ես չեմ հասկանում, թե այդ զզվելի կերպարն ինչպես է Ազգային ժողովում հայտնվել: Թեպետ դրանք բոլորն են այդպիսին: Հակոբ Ասլանյանին կասեմ, որ մարդը նա չէ, ով երկու ոտք ու մի գլուխ ունի, մարդը նա է, ով ազնիվ է, գլխում էլ գոնե մի քիչ խելք կա: Եթե մի արարած կարող է համեմատության մեջ դնել ծնողի սուգը, ապա նա բարոյական իրավունք չունի ապրելու: Մեր բոլորի տղաներն իրենց կյանքը տվել են նաեւ նման անասունների համար: Նման անասունները հիմա համեմատության մեջ են դնում մեր սուգը: Ես աստվածավախ մարդ եմ, չեմ ուզում ոչ մեկին վատ բան ասել, բայց հիմա չասել չեմ կարող. Աստված տա՝ դու հայտնվես մեր տեղում, ու քո սգալու ձեւը տեսնենք: Թեպետ նմանները չեն էլ սգա: Մի երկու կոպեկ կգցեն դեմները, կլռեն, կմտածեն՝ խոպան են ուղարկել որդիներին՝ աշխատելու»,-  եզրափակեց հերոսի մայրը: