Համատեղ աշխատանքի արդյունքում ազգաբնակչությանը տրամադրում ենք որակյալ եւ հասանելի բուժսպասարկում

Համատեղ աշխատանքի արդյունքում ազգաբնակչությանը տրամադրում ենք որակյալ եւ հասանելի բուժսպասարկում

«Հրազդան» ԲԿ-ի ծննդատունը հանդիսանում է 2-րդ մակարդակի ծննդատուն, ունենալով անհրաժեշտ հագեցվածություն՝ ինչպես գործիքային, այնպես էլ՝ մասնագետներով: 2023թ. դեկտեմբերի 18-ը ներառյալ ծննդատանը ծնունդների թիվը կազմում է 673, որից 324-ը՝ աղջիկ, 349-ը՝ տղա: «Հրազդան» ԲԿ-ի 2023թ. ձեռքբերումների, շտապօգնության ծառայության աշխատանքի, տրավմաների, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Հրազդան» ԲԿ փոխտնօրեն, բժիշկ-վիրաբույժ Արա Սիմոնյանի հետ:

«Մենք տարվա սկզբից մեր առջև խնդիր դրեցինք՝ «Հրազդան» ԲԿ-ում ունենալ դժվարամատչելի հետազոտություններ՝ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա եւ համակարգչային շերտագրություն, և համագործակցելով երկու հայտնի բժշկական ախտորոշիչ կազմակերպությունների հետ՝ Հրազդանի բժշկական կենտրոնում ստեղծվեց նորագույն սարքավորումներով հագեցված բաժանմունք, որն իր ծառայությունները լիարժեքորեն կիրականացնի 2024 թվականից:

Բացի դրանից, ստեղծվել է նաև նոր ակնաբուժական բաժանմունք, որտեղ կիրականացվեն ակնաբուժական ծառայության գրեթե բոլոր տեսակները՝ արտահիվանդանոցային, հիվանդանոցային, կոնսերվատիվ և վիրաբուժական:

«Հրազդան» ԲԿ-ի 2023թ. ձեռքբերումներից է նաև լաբորատոր բաժանմունքի համալրումը նոր սարքավորումներով, որոնց շնորհիվ մեր հետազոտությունների ծավալը լրջորեն ավելացրել ենք, նախկինում այդ հետազոտությունները չէին իրականացվում, և հիվանդները ստիպված այլ լաբորատորիաներ էին դիմում: Ախտորոշիչ բաժանմունքը համալրվել է թվային ռենտգեն ապարատով, որն ունի նաև ռենտգենստոպիկ հետազոտություն իրականացնելու հնարավորություն, ինչի շնորհիվ բազմաթիվ անգամներ մեծանում է ախտորոշման ճշգրտությունը: 2024 թ․ ընթացքում կենտրոնը կհամալրվի մի շարք ավելի նոր սարքավորումներով, որոնք հիվանդանոցի աշխատանքը եւ ծառայություններն ավելի որակյալ կդարձնեն: 

- Ծնելիության աճ ունե՞նք, տարին այս առումով ինչպիսի՞ն է՝  համեմատած 2022 թվականի հետ: 

- 2021-ին ծնունդների թիվը եղել է 707-ը, իսկ 2022թ.՝ 714-ը: 2023թ. դեկտեմբերի 18-ը ներառյալ ծնունդների թիվը կազմում է 673, մինչեւ դեկտեմբերի 31-ը 700 ծննդի սահմանը, կարծում եմ, կհաղթահարենք: 673 ծնված երեխաներից 324-ը եղել են աղջիկ, 349-ը՝ տղա: 5 մայրերի մոտ եղել են զույգեր: Հղիությանը սպառնացող ուղեկցող հիվանդություններով հղիների հսկողությունն ու ծննդօգնությունը կազմակերպվում են բազմապրոֆիլ բուժկենտրոններում՝ ավելի բարձր մակարդակի ծննդատներում: Սեպտեմբեր ամսից «Հրազդան» ԲԿ-ի ծննդատանն Արցախից տեղահանված 25 հղիներ են հաշվառվել, ունեցել ենք 15 ծննդաբերություն:

2023թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ կանանց կոնսուլտացիայում հաշվառվել են 869 հղիներ: Ծննդատունը զուգահեռ ունի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ծննդաբերության ժամանակ ժամկետի հետ անհամատեղելի կամ բարդություններով ծնված նորածիններին անմիջապես վերցնում ենք հսկողության տակ: Բաժանմունքում 24-ժամյա հերթապահություն է իրականացվում: 

«Հրազդան» ԲԿ-ի ծննդատունը ֆրանսիական բարեգործական «Սանտա-Արմենիա» ընկերության կողմից համալրվել է նորածնային CPAP և high flow շնչառության ապահովման համակարգերով, ուլտրաձայնային հետազոտության ապարատով, տրամադրվել է նաև հղիության և ծննդաբերության ընթացքում պտղի ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար նախատեսված 2 ԿՏԳ ապարատ, որը թույլ է տալիս անվտանգ հետազոտման մեթոդով գնահատել պտղի ակտիվությունը (խաղը) և դիագնոզել սկսվող թթվածնաքաղցը։ Հղիության և ծննդաբերության ընթացքում կատարվող պարտադիր հետազոտություն է։

- Սովորաբար ձմռան այս ամիսներին սուր շնչառական հիվանդությունների աճ է գրանցվում: Ի՞նչ պատկեր ունենք «Հրազդան» ԲԿ-ում: 

- Սուր շնչառական հիվանդություններով մարդկանց դիմելիությունն ավելացել է, բնականաբար, պայմանավորված ցուրտ եղանակով: Տեղամասային բժիշկներն իրենց հիվանդներին առաջարկում եւ ներկայացնում են գրիպի դեմ պատվաստման հնարավորությունը: Քաղաքացիներին իրազեկում ենք, փորձում ենք հնարավորիս կանխարգելիչ եղանակով պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ: Պետք է նշեմ, որ ազգային պատվաստումների օրացույցում ավելացել է նոր պատվաստանյութ, որը նախկինում չի եղել, դա ջրծաղիկի պատվաստումն է, որը ևս օդակաթիլային վարակների շարքին է դասվում: Հիմնականում երեխաների շրջանում է տարածված, եւ երեխաների մոտ պատվաստանյութի կիրառումը կնպաստի հետագա տարիներին ջրծաղիկի բռնկումների դեպքերի նվազմանը: 

- Տրավմաների հետ կապված ի՞նչ կասեք:

- Տրավմաների առումով հիվանդանոցում դիմելիության ցուցանիշը բարձր է, հաշվի առնելով բժշկական կենտրոնի տեղակայման վայրը՝ Ծաղկաձոր, Սևան-Երևան մայրուղի... առհասարակ, մեծ թվով վնասվածքներով հիվանդներ ենք ընդունում, պայմանավորված վթարներով, ինչպես նաեւ ձմեռային սպորտաձևերով զբաղվողների մոտ են գրանցվում նման տրավմաներ: Ձեռք բերված համակարգչային շերտագրության ապարատը և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը տրավմաների ժամանակ ախտորոշման ճշտման համար խիստ անհրաժեշտ հետազոտություններ իրականացնելու հնարավորություն կտան: 

- Քանի՞ շտապօգնության բրիգադ է աշխատում, հաշվի առնելով, որ Հրազդանն իր հարակից գյուղերով մեծ տարածք ունի, եւ բողոքներ ստանալու դեպքում ի՞նչ եք անում: 

- Ունենք շուրջօրյա հերթապահություն իրականացնող 3 շտապօգնության բրիգադ՝ Հրազդանի տարածաշրջային համայնքներում բուժապահովումն իրականացնելու համար: Բացի այդ 3 բրիգադներից, ամռան եւ ձմռան սեզոններին, անհրաժեշտության դեպքում, առողջապահության նախարարության և մարզպետարանի համապատասխան ցուցումներով իրականացնում ենք հերթապահություն՝ Ծաղկաձոր համայնքում՝ ճոպանուղու տարածքում, եւ Սեւան-Երեւան մայրուղու Հրազդան համայնքի հատվածում:
Հերթապահող բրիգադների քանակը որոշված է 50 հազար բնակչի հաշվարկով, որը համապատասխանում է 3 բրիգադի: Ամեն օր սպասարկվում է մինչեւ 35 կանչ: Մեր առջև դրված խնդիրները կարողանում ենք իրականացնել: Հիմնական բարդությունները կապված են հեռու բնակավայրերի հետ, որոնք հիվանդանոցից 50 կմ հեռավորության վրա են գտնվում, օրինակ՝ Հանքավանը, եւ այդտեղից թե՛ հիվանդին հասնելու, թե՛ հիվանդ տեղափոխելու խնդիրը միշտ առկա է, որպես տեղանքի առանձնահատկություն՝ հատկապես ձմռան ամիսներին:

Բողոքներն ու դժգոհություններն անխուսափելի են, ինչը նորմալ երեւույթ եմ համարում: Բոլոր բողոքները վերլուծվում են: Բողոքներն ունենում են ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ բողոքները մեր հիվանդանոցի զարգացման շարժիչ ուժն են, այսինքն՝ մեր թույլ կողմերի ուսումնասիրությունը մեզ թույլ է տալիս դրանք շտկել: Բողոքներ ավելի հաճախ լինում են դիսպանսեր հաշվառման հիվանդների մոտ, ովքեր հաճախակի հիվանդանոց են դիմում դեղորայքի ստացման և պարբերաբար հետազոտություն անցելու համար: Հետագայում բողոքներով դիմած պացիենտները հաճախ հենց իրենք են տեղեկացնում իրենց խնդիրների լուծվելու մասին:

Մեր կենտրոնում հաջողության հասել ենք պացիենտների հանդեպ սրտացավ վերաբերմունքի շնորհիվ: Մեր նպատակն է՝ Հրազդանի տարածաշրջանի ազգաբնակչությանը որակյալ եւ ժամանակակից բժշկական ծառայություններ տրամադրել, լինել մրցունակ և համագործակցել այլ բժշկական կենտրոնների հետ:
Մեր հաջողությունները կարողացել ենք գրանցել թիմային աշխատանքի շնորհիվ, ժամանակին անհրաժեշտ խնդիրների լուծման ուղիներ գտնելով՝ օբյեկտիվ եւ օպերատիվ արձագանքների շնորհիվ ստացել ցանկալի արդյունք: Համատեղ աշխատանքի արդյունքն է, որ կարողանում ենք ազգաբնակչությանը տրամադրել որակյալ եւ հասանելի բուժսպասարկում: