Ցանկանում են ռուսական սառեցված ակտիվները տրամադրել Ուկրաինային 

Ցանկանում են ռուսական սառեցված ակտիվները տրամադրել Ուկրաինային 

Միացյալ Նահանգները քննարկումներ են անցկացնում եվրոպացի դաշնակիցների հետ, որպեսզի պարզեն, թե ինչ իրավաբանական ճանապարհներ կան, որպեսզի Արեւմուտքում եղած ռուսական 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվները որպես ռազմական օգնություն փոխանցեն Ուկրաինային։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն պարբերականի, Բայդենի վարչակազմը եվրոպացի դաշնակիցների գաղտնի կերպով ազդակներ է փոխանցել, որ դեմ չէ նման գործողությանը, հատկապես որ ներկայումս ամերիկյան ֆինանսական օգնությունը Կիեւին ավարտվում է, իսկ Կոնգրեսը դեռեւս հավելյալ միջոցներ տրամադրելու տրամադրվածություն չունի։ Վերջին շրջանում ակտիվացել են «Մեծ Յոթնյակի» շրջանակներում Ֆինանսների նախարարների եւ ԿԲ ղեկավարների մակարդակով քննարկումները։ Մտայնությունն այն է, որ մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 24-ը մշակվի ռազմավարություն ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային որպես օգնություն տրամադրելու համար։

Նկատենք սակայն, որ ամերիկյան քաղաքական վերնախավում կա մտավախություն, որ եթե նման բան արվի, իսկ դա հնարավոր է միայն Կոնգրեսի հատուկ որոշմամբ, քանի որ նման արարքը ամերիկյան օրենսդրությամբ թույլատրված չէ, ապա շատ երկրներ կսկսեն խուսափել ԱՄՆ-ում կամ առհասարակ դոլարով իրենց ակտիվները պահելուց։