Հայաստանը պետք է բանակցի «կիրթ» Ալիևի հետ, որ այս մարդիկ գոնե իրենց գույքը բերեն

Հայաստանը պետք է բանակցի «կիրթ» Ալիևի հետ, որ այս մարդիկ գոնե իրենց գույքը բերեն

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այն քիչ հանրային դեմքերից է, որի ֆեյսբուքյան էջը վերջին շաբաթներին վերածվել է արցախահայերին օգնություն ցուցաբերելու հարթակի: Նա իր էջը վերածել է յուրօրինակ հայտարարությունների ցուցանակի, որով շարունակ ծառայություններ է առաջարկում, կոնտակտներ փոխանցում, աշխատանք ու կացարան գտնում Հայաստան ժամանած արցախահայերի համար: 

Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Հայաստանում չկա իշխանություն, եթե 44-օրյա պետերազմի ժամանակ սփյուռքը բավականին ակտիվ էր, ապա հիմա անհաղորդ է և ոչինչ չի անում արցախցիների համար, բացառությամբ մի քանի մարդու.

«Օրական մոտ 3000 նամակ եմ ստանում արցախցիներից, այդքանը կարդալը մեկ օրում պարզապես անհնար է, բայց քանի որ Հայաստանում թե իշխանական, և թե ընդդիմադիր պատգամավորները թքած ունեն նրանց վրա, ստիպված ինձ են դիմում: Ուղղակի խելագարվում եմ, բայց պետք է մարդկանց օգնել, տեսակավորել հարցերը և փորձել լինել օգտակար: Նույնիսկ մոնիթորինգ եմ իրականացրել, թե ինչի կարիք ունեն նրանք: Այդ ամենից առաջ նախ պետք է արձանագրել, որ Հայաստանում չկա իշխանություն: Չկա ոչ մի պետական կառույց, որը կարող է զբաղվել արցախահայերի խնդիրներով: Քիչ առաջ Էջմիածնում կացարան գտած մի ընտանիք էր ինձ դիմել, որը նշում էր, որ Էջմիածնի նորապսակ քաղաքապետն օրերով մարդկանց քաղաքապետարան է կանչում և այդպես էլ ոչ մի օգնություն չի տրամադրում: Մարդիկ գնում են ժամերով սպասում քաղաքապետարանում, քաղաքապետարանից էլ ասում են` այսօր չկա, վաղը եկեք ու այդպես շարունակ: Ի դեպ, նույն պատկերը Վանաձոր քաղաքում է: Սա նշանակում է, որ պարզապես չկա համակարգված աշխատանք: Մարդկանց իբր 100 հազար դրամ են տրամադրում, բայց արցախցիների մոտ 30 տոկոսը դեռ դա էլ չի ստացել: Ես հազարավոր նամակներ եմ ստանում նաև կացարանների հարցով: Ոչ աշխատակազմ ունեմ, ոչ օգնական, չեմ հասցնում բոլոր նամակները կարդալ, բայց կարող եմ ասել, որ այսօր համար առաջին խնդիրը կացարանի խնդիրն է: Մարդկանց իբր տեղավորում են, բայց գիտե՞ք որտեղ են տեղավորում, օրինակ` Սևանի «Արևիկ» առողջարանում: Դա սեզոնային աշխատող հանգստյան տուն է, բնականաբար ամռանն այդ մարդկանց հանելու են նման տեղերից և տեղավորեն սպորտդահլիճներում: Սպորտդահլիճներում էլ մի քանի տասնյակ մահճակալ են տեղադրում, վրան փռում` սրբիչ, ատամի մածուկ և օճառ: Ուտելիքն էլ վատն է, տուփերով չոր սնունդ, որը չեն ուտում հատկապես երեխաները: Այսինքն` բոլոր առումներով «բարդակ» է: Մարդիկ ոչինչ չունեն, անգամ դեռ ընտանիքներ ունենք, որ քնում են ավտոմեքենաների մեջ: Ես շատ շնորհակալ եմ հայաստանցիներից, շեշտում եմ` հայաստանիցներից, որովհետև չի եղել մի խնդիր, որ տեղադրեմ իմ էջում և հայաստանցին դրան չարձագանքի, սա հատուկ շեշտում եմ սփյուռքի համար:

Իհարկե, կան նաև կառույցներ, որոնք աշխատում են, սակայն գլոբալ առումով, եթե համեմատենք 44-օրյա պատերազմի ժամանակ սփյուռքի արածներն այսօրվա հետ, ապա համեմատության եզրեր անգամ չունեն: Այսօրվա օգնությունն անգամ 44-օրյա պատերազմի ժամանակվա օգնության 0,1 տոկոսը չի կազմում, այն դեպքում երբ այսօր հումանիտար աղետի մասշտաբները հազարապատիկ անգամ շատ են: Հաճախ սփյուռքից ասում են, որ 44-օրյայի ժամանակվա օգնությունն իշխանությունն օգագործել է ՔՊ-ականներին պրեմիա տալու համար, դրա համար հիմա չեն օգնում, դա ինձ համար արդարացում չէ, զուտ «ատմազկա» է` ոչինչ չանելու համար: 10 միլիոնանոց սփյուռք ունենք, որի ռեսուրսները միլիոնապատիկ անգամ շատ են, մեր ունեցած ռեսուրսների համեմատ: Տների թանկ գները ևս մեծ խնդիր են: Անհատներ կան, որ գյուղական բնակավայրերում 20 հազար դրամով չեն կարողացել վարձով տալ իրենց տները, բայց այսօր այդ տների գները դարձրել են 200-ից 250 հազար դրամ, անգամ ոմանք էլ հրաժարվում են արցախցիներին վարձով տներ տալ, պատճառաբանելով, թե իբր չեն կարող գումարը տալ, իրենք էլ չեն ուզում դաժան գտնվել և նման մարդկանց հանել տներից…. Սա խայտառակ վիճակ է: Մի անամոթ դեպքի էլ եմ ականատես եղել:

Կան նաև մարդիկ, որոնք ամեն տեղ ուզում են «քյար» ունենալ: Տներ ունեն կիսաքանդ, ավելի ճիշտ` գոմ, զանգահարում են հովանավորներ գտնում, որ տունը նորոգեն, տան արցախցիներին, մի քանի ամիս հետո էլ կասեն դուրս եկեք, տունը վաճառում ենք: Սա լկտիություն է իսկական: Ամաչում եմ նման մարդկանց փոխարեն: Արցախի պետական կառույցներում աշխատած մարդիկ ոչ մի կոպեկ աշխատավարձ չեն ստացել, անգամ սեպտեմբեր ամսվա աշխատավարձը: Եթե Սահմվել Շահրամանյանի Արցախի լուծարման փաստաթուղթն ընդունում ենք, որտեղ գրված է, որ Արցախը որպես պետություն լուծարվում է 2024 թվականի հունվարի 1-ից, ապա ինչո՞ւ գոնե մինչև հունվար այդ մարդկանց չեն վարձատրում: Ինձ դիմում են նաև Արցախի պետական համալսարանի դասախոսներ: Նրանք ևս կարծում են, որ պարտադիր է Արցախի պետհամալսարանի տեղակայումը Հայաստանում: Այն շենքերից մեկը, որոնք պատրաստվում են սրանք թուրք եղբայրների համար հյուրանոցներ սարքել, պետք է տրամադրվի Արցախի պետհամալսարանին: Խնդիրներից մեկն էլ այն է, որ արցախցիներին դրամադրված կացարաններում հիմնականում չկան ջեռուցման համակարգեր, աղետալի է դա: Մարդիկ անգամ տաք շորեր չեն հասցրել վերցնել իրենց հետ: Ես անգամ չեմ զլացել ու ճշտել եմ, որ այս տարի ձմեռը բավականին ցուրտ է լինելու, մեր հայրենակիցները սառելու են: Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնի նաև սփյուռքը:

Համեմատության մեջ միայն Ռուսաստանի հայերն են ինչ-որ տեսանելի բան անում: Սարսափելին այն է, որ հանրային դեմքերն էլ ակտիվ չեն, ես եմ, Սոֆյա Հովսեփյանը և էլի մի քանի հոգի ու վերջ…. մեզանով հարց չի լուծվելու գլոբալ առումով, սա համազգային դժոխք է: Մենք հիմա զբաղված ենք «լեժանկա» ու օրօրոց փնտրելով, բայց պետք է Հայաստանը բանակցի կիրթ Ալիևի հետ, որպեսզի այս մարդիկ կարողանան Հայաստան բերել գոնե իրենց գույքը: Դրա համար կան միջազգային խաղաղապահներ: Այսօր մի ընտանիքի հետ եմ ծանոթացել, որն իր հսկայական գինու արտադրամասն է թողել Արցախում…. Այսօր մենք պետք է քննարկեինք այս մարդկանց Արցախ վերադառնալու հարցը, սակայն ցավոք, քննարկում ենք նման հարցեր…. Նշեմ նաև, որ մոտ 30 հազար արցախցի մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մենք կարող ենք լավագույն դեպքում «լեժանկայի» հարց լուծել ու մարդկանց օգնել, որ փախլավա ու ժենգյալով հաց վաճառեն», - խոսքը եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: