Ինչո՞ւ է կադրային ջարդ ու փոփոխություններ արել ոստիկանապետը

Ինչո՞ւ է կադրային ջարդ ու փոփոխություններ արել ոստիկանապետը

ՀՀ ոստիկանության համակարգում նոյեմբերի 9-ին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Փոխվել է նաեւ Երեւանի ոստիկանապետը։

Որոշ լուրերի համաձայն՝ այսպիսի կադրային ջարդն ու փոփոխությունները եղել են այն պատճառով, քանի որ ազատված անձինք ոստիկանապետի՝ Վահե Ղազարյանի մի քանի հրամանները չեն կատարել։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեցինք՝ ազատումների պատճառները որո՞նք են եղել, նա պատասխանեց․ «Պատճառ չկա, եթե հետեւել եք ոստիկանության պետերի հրամաններին, ապա կտեսնեք՝ ոստիկանությունում մշտապես նշանակումներ եւ ազատումներ են լինում»։

Հարցին, թե առանց հիմքի ազատե՞լ է, նա պատասխանեց․ «Ոչ, հրամանը լինում է, պատճառները չեն նշվում։ Հանրությանը, Ձեզ հետաքրքրող հատվածով տրվել են պարզաբանումներ»։

Մեր պնդմանը, թե չի կարող առանց հիմքի ազատումներ լինել, Աշոտ Ահարոնյանն ասաց․«Ոստիկանության պետը, ոստիկանության պետի տեղակալները, նաեւ այն ծառայողները, որոնք իրավունք ունեն աշխատողների ազատել եւ ընդունել, գործում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրեսնդրությամբ»։

Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից: