Մնացականյանի նոտա VS Քերզոնի նոտա

Մնացականյանի նոտա VS Քերզոնի նոտա

1923 թ․ մայիսի 8-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը նոտա է հանձնում ԽՍՀՄ կառավարությանը: Այդ նոտան կազմել էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջորջ Քերզոնը (1919-1924 թթ.), ինչի համար էլ այն հայտնի է նաեւ «Քերզոնի վերջնագիր» անվանումով: Քերզոնը ներկայացրեց մեղադրանքներ ԽՍՀՄ-ին՝ Արեւելքում հակաբրի­տա­նական քաղաքականության իրականացման համար, եւ պահանջեց 10-օրյա ժամ­կե­տում կատարել հետեւյալ պայմանները.

• Իրանում եւ Աֆղանստանում քայքայիչ հակաբրիտանական գործունեության դադարեցում, որն իրականացնում են այդ երկրներում խորհրդային ներկա­յացուցչություններից
• կրոնական հետապնդումների դադարեցում Խորհրդային Միությունում
• Բարենցի ծովի խորհրդային ջրերում ձկնորսություն անելու համար ձերբա­կալված անգլիական ձկնորսների ազատում,
• դրամական փոխհատուցում՝ «Դյուքսի խմբի» (M-6 բրիտանական արտաքին հետախուզության սպա Փոլ Դյուքսի անունը կրող) մի շարք մասնակիցների ձերբակալության եւ գնդակա­հարության համար:
Այս նոտան կարծես 100 տարվա վաղեմության չէ, այլ վերջին տասնամյակների ու վերջին տարիների իրողություններն է արտացոլում, տարբերությամբ, որ այդ նոտայի տարբեր դրույթներ տարբեր երկրներ են հնչեցնում: Օրինակ, Թուրքիան Հունաստանից պահանջում է չխոչընդոտել իր տնտեսական բացառիկ գոտում թուրքական նավերի արշավանքներին: Նույն Թուրքիան Եվրոպայից պահանջում է, ի դեմս «գորշ գայլեր» ծայրահեղականների, դադարեցնել իբրեւ թե կրոնական հետապնդումները եւ այլն: 
Խորհրդային Ռուսաստանի, այնուհետեւ ԽՍՀՄ-ի հանդեպ Ջորջ Քերզոնի թշնա­մական վերաբերմունքը պայմանավորված է եղել նրանով, որ նրանք լուրջ խոչ­ըն­դոտ են հանդիսացել բրիտանական շահերին Մերձավոր ու Միջին Արեւելքում։ Հայկական հարցում նա վարել է երկդիմի քաղաքակա­նութ­յուն՝ հայերի ե
ւ Օսմանյան կայս­րութ­­յունում բնակվող ազգային փոքրամասնութ­յունների հարցերը ծառայեց­նե­լով Մեծ Բրի­տանիայի շահերին։ 
Հյուսիսային Իռլանդիան օկուպացրած երկիրն ինչո՞ւ պետք է դեմ լինի Ադրբեջանի կողմից Նախիջեւանի եւ Արցախի օկուպացմանը: Ըստ էության, եւս երկու «մեծբրիտանիաներ» են ստեղծվել՝ ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կայսրապետական շահերը սպասարկելու համար: Մինչդեռ Արցախում կարծում են, թե կռվում են Ադրբեջանի, Թուրքիայի ու ահաբեկիչների դեմ: 
Հատկապես «հուզիչ» է, հայտնագործության նման մի բան, երբ փաստեր են բերվում պատերազմում ահաբեկիչների մասնակ­ցության մասին: Այդ միամիտ, բայցեւ արժանապատիվ հայերը չեն հասկանում, որ «մեզ մոտ՝ Անգլիայում», այդ ամենի մասին տեղյակ են ամենաբարձր ճշգրտությամբ եւ դեմ չեն, որ նրանք շարունակեն սպասարկել բրիտանական շահերը, ինչը հաջո­ղությամբ արդեն 150 տարի կատարվում է թուրքերի ձեռքով: Հիմա ժամանակները փոխվել են. Թուրքիան այլեւս «արիստոկրատ» երկիր է եւ իրեն վերապահված գործառույթներն իրականացնում է «ցածրորակ» ադրբեջանցիների եւ ահաբեկիչների ձեռքով: Այլապես ինչպե՞ս հասկանալ Մեծ Բրիտանիայի կողմից ՄԱԿ-ի անվտան­գության խորհրդում արյունահեղության դադարեցման բանաձեւի վիժեցումը: Վերոնշյալը հիմք է, «Քերզոնի վերջնագրի» նման Զոհրաբ Մնացականյանի հետեւյալ վերջնագիրը Մեծ Բրիտանիայի կառավարությանը ներկայացնելը.
Պահանջում ենք 10-օրյա ժամկետում կատարել հետեւյալ պայմանները.
• Փոքր Ասիայում եւ Հարավային Կովկասում հակահայկական քայքայիչ գործունեության դադարեցում, որը շարունակվում է 1.5 դար
• Միջերկրական ծովում, Թուրքիայի միջոցով, մեր եղբայրական երկիր Հունաստանի ջրերում սադրանքների դադարեցում
• Արցախի պատերազմի զոհերի եւ Արցախին հասցված նյութական վնասի փոխհատուցում 
• Հայոց ցեղասպանության զոհերի նյութական եւ գույքային փոխհատուցում:
Պահանջների այս շարքը կարել է շարունակել: Սակայն ավելի որոշակի ու հրատապ քայլ է թվում Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանին արտաքին գործերի նախարարություն հրավիրելը եւ նոտա հանձնելը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախին վերաբերող բանաձեւը տապալելու համար: Եթե չբերվեն հիմնավոր փաստարկներ եւ չհայցեն ՀՀ-ի ու ԱՀ-ի ներողամտությունը, ապա դեսպանատան ամբողջ անձնակազմին պետք է հայտարարել person non grata: Մնում են Հայաստանում, որ ի՞նչ անեն, առավել եւս, որ նույնիսկ վարչապետի ուղղակի ու ոչ երկիմաստ հայտարարությունից հետո էլ չեն բարեհաճել այցելել Հայաստանի Հանրապետության հրթիռակոծված վայրեր:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ